Հայկական մեդիան պատմում է ժողովրդավարության եվրոպական մոդելի մասին հենց տեղացիների օգնությամբ ու նրանց պատմություններով։
Երևանյան ու մարզային լրատվամիջոցների 13 լրագրողներ փնտրել, գտել ու գրել են պատմություններ, որոնք ցույց են տալիս, թե եվրոպական ինստիտուտներն ինչպես են աշխատում, ինչ լուծումներ ու տարբերակներ են գտել ժողովրդավարության կայացման ճանապարհին։
Մեկ գյուղում երկու պետության քաղաքացիների հաշտ ապրելու գտնված բանաձևից, մինչև շրջանաձև տնտեսության կայացում, կանանց դեմ բռնության դեպքերից մինչև մշակութային կառավարման մոդելների, թվային հարթակների կարգավորման ու էլի բազմաթիվ ոլորտներում եվրոպական հաջողված ու անհաջող փորձի մասին պատմող մուլտիմեդիա հոդվածների շարքը իրականացվել է «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնության» շրջանակում։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության Դեսպանության համատեղ ջանքերով իրականացված ծրագրի համակարգող Վիգեն Սարգսյանն ասում է, որ նպատակն էր հասկանալ, թե Եվրոպայում ինչպես են կարողանում ամենատարբեր ոլորտներում գտնել երկարաժամկետ լուծումներ, որոնք ապահովում են բարեկեցություն ու արդարություն։
«Ծրագրին մասնակցելու երեսունից ավելի հայտեր էինք ստացել, սակայն առաջարկված թեմաների մեծ մասը հայկական պատմություններ էին։ Մեր գործընկերներին կարիք կար համոզելու, որ հոդվածները եվրոպական օրինակների, եվրոպական պատմությունների մասին պետք է լինեն։ Այլ կերպ ասած՝ Եվրոպայից պետք է ժամանենք Հայաստան, ոչ թե Հայաստանից գնանք Եվրոպա։ Իհարկե, այս մոտեցումը էականորեն բարդացնում էր լրագրողների աշխատանքը։ Նրանք պետք է կարողանային հենց եվրոպացի հերոսների մասին պատմել, միջազգային փորձագետների ու վերլուծաբանների հետ խոսել, ինչը այնքան էլ հեշտ գործընթաց չէր։ Օրինակ, մեր հեղինակներից մեկը եվրոպացի 20 փորձագետի էր դիմել, որոնցից արդյունքում միայն մեկն արձագանքեց»,- ասում է Վիգեն Սարգսյանը։
Նախապես պլանավորած 15 նյութի փոխարեն մինչև տարեվերջ կհրապարակեն եվրոպական 16 պատմություն։
Որպեսզի եվրոպական այս պատմությունները ընթերցողը հեշտ գտնի, որոշվեց ծրագրի բոլոր նյութերը հավաքել մեկ տեղում։ Սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր շաբաթ Factor TV-ում առանձնացված շարքով հրապարակվում են «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնության» մուլտիմեդիա պատմությունները։
Հեղինակները պատմել են դրանցից մի քանիսի ստեղծման պատմությունները։
Երբ սահմանն անցնում է տան միջով․ Բաարլե՝ մեկ գյուղ երկու պետությամբ
Անահիտ Հարությունյան
Ծրագրի մեկնարկից որոշ ժամանակ առաջ համացանցում հրապարակում էի տեսել Նիդերլանդների ու Բելգիայի սահմանագծին գտնվող Բաարլե գյուղի մասին, որտեղ երկու պետությունների միջև սահմանը նշված էր խաչերով։ Շատ օգտատերեր մեկնաբանել էին այդ հրապարակումը, գրել․ «Երանի մեզ մոտ էլ այսպես լիներ», «Հարևանները այսպես են լինում, իսկ մեր հարևանների դեպքում այսպես պարզապես հնարավոր չէ» և այլն․․․

Անահիտ Հարությունյան
Եվ ինձ սկսեց հետաքրքրել, թե ինչպես եղավ, որ պատերազմների, հեղափոխությունների միջով անցած Եվրոպան այսօր ասոցացվում է խաղաղության հետ։ Ինձ հետաքրքիր էր պատմական կնճիռները ինչպե՞ս են կարողացել հարթել կամ որքանո՞վ են հարթել։
Հույս ունեի, որ հնարավոր կլիներ գնալ Բաարլե ու տեղում աշխատել, բայց չստացվեց, մնացի ու Գյումրիից սկսեցի փնտրել իմ բարի անծանոթներին, ովքեր պետք է օգնեին ինձ պատմել այս պատմությունը։
Սոցիալական բոլոր ցանցերում հեշթեգերով երկար որոնումներից, տարբեր մարդկանց գրելուց ու պատասխան չստանալուց հետո, մի օր պատահական գտա Բաարլեի զբոսաշրջության կենտրոնի կայքը, ինձ օգնեցին կապ հաստատել ղեկավարի՝ 74-ամյա Ուիլլեմ վան Գուլի հետ ու հենց նա էլ դարձավ իմ նյութի հերոսը։
Այստեղ կարելի է ասել, որ լրագրողական բախտը ժպտաց ինձ, Ուիլլեմ վան Գուլը դարձավ իմ բարի անծանոթը, որը շատ օգնեց ինձ։ Նա սահմանազատման գործընթացն իր աչքերով էր տեսել ու ամբողջությամբ ներկայացրեց իր պատմությունը։ Այս ամենին ավելացրեցի նաև պատմական փաստեր, գիտական տվյալներ, որոնք ցույց էին տալիս, թե մինչև խաղաղության հաստատումը երկու երկրները ի՞նչ ճանապարհ են անցել։
Հետո գտա նաև մի ինֆորմացիա, որ հենց սահմանի վրա շախմատային սեղան է տեղադրված, որի բացման արարողությունը նիդերլանդական ու բելգիական շախմատիստները իրենց խաղով են նշանավորել։ Բելգիան ներկայացրել էր 2000 թվականից այնտեղ բնակվող, ՖԻԴԵ-ի վարպետ, ազգությամբ հայ Ռուբեն Աղայանը։
Սա ևս հետաքրքիր զուգադիպություն էր ու շատ լավ հնարավորություն՝ խոսելու եվրոպական ու մեր սահմանների մասին։ Ինձ հետ հարցազրույցի ընթացքում Ռուբեն Աղայանն ասաց, որ խաղաղ ապրելու համար երկու կողմերն էլ ինչ-որ փոխզիջման են գնում, փորձում են ոչ թե մոռանալ անցածը, այլ հարթել տարաձայնություններն ու նոր հարաբերություններ ստեղծել։
Ես փորձում էի ստանալ այն բանաձևը, որով նրանք հաջողել են, ներկայացնել այն ուղին, որով անցել են։ Հավաքածս ինֆորմացիան փորձեցի առանց շատ պատմական թվերի, ծանր պատմությունների, հնարավորինս թեթև մի փոքր էլ տողատակերով ներկայացնել։

Բաարլե։ Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյանի հոդվածից։
Օրինակ, որ տեղացիները պատմում են երկու տեսակի գարեջրի և մայոնեզի մասին, այսինքն երկուսն էլ հիշում են, ճանաչում են իրենցը, որևէ մեկը չի ասում եկեք մոռանանք որևէ բան, իրենք ասում են, մենք հիշում ենք անցյալը, բայց նաև երկուստեք աշխատում են, որ հաստատված խաղաղությունը շարունակական լինի։ Սահմանազատումից անցել է 30 տարի, բայց դեռ համատեղ համախմբման արշավներ են անում, ու խաղաղության կարևորության մասին գիտակցումը փոխանցում սերնդեսերունդ։ Եվրոպայի համար սահմանները դարձել են կամուրջ։ Ես ուզում էի ցույց տալ, որ սահմանները ինքնության, պետականության զգացում են նախ ստեղծում, բայց նաև անվտանգության երաշխիքներ են, որոնք կարող են լինել առանց փշալարերի, առանց զինվորների։
Իմ հերոսներից մեկն ասում էր, որ խաղաղ սահմաների հասնելու համար համարձակություն է պետք ու համբերություն։ Համարձակություն՝ լսելու ուրիշ կարծիք, լսելու այլ ճշմարտություն, լսելու գուցե այլ պատմություն, որը տարբերվում է քո իմացած ճշմարիտ պատմությունից։ Կան իրողություններ, որոնք տարբեր են և այդ ամենը համբերատար պետք է քննարկել։
Եվրոպական լուծումներից՝ հայկական մարտահրավերներ. շրջանաձև տնտեսության ներուժը
Մարիամ Տաշչյան
Վերջերս շրջանաձև տնտեսության մասին սկսել էի շատ լսել ու որպես բնապահպանական լրագրության ներկայացուցիչ, միշտ այդ թեման մտքումս էր։ Այս ծրագիրը լավ հնարավորություն ու առիթ էր այդ թեմային անդրադառնալու և հասկանալու, թե Եվրոպայում ինչ մեխանիզմներ ու համակարգեր են գործում։ Որոշելի էի, որ պետք է լուծումների լրագրության ոճով լիներ նյութը, որովհետև կարծում եմ այսօր ընթերցողը լուծումների կարիք ունի ու նաև դա է փնտրում նյութում։ Երբ սկսեցի թեմայի վրա աշխատել, տեսա, որ անվերջ բացվող, բազմաթիվ ենթաշերտեր ունեցող խնդիր է։

Մարիամ Տաշչյան
Միջազգային փորձը ուսումնասիրելու համար ինձ շատ օգնեցին Հայաստանում շրջանաձև տնտեսության թեմայով միջազգային ֆորումի մասնակից Impact Hub ցանցի ավելի քան 40 երկրների ներկայացուցիչները։
Երբ զրուցում էի Impact Hub Amsterdam-ի տնօրեն Մանոն Քլայնի հետ, նա ասում էր, որ շարժումը չի սկսվել ԵՄ կարգավորումներից․ այլ սկսվել է բազմաթիվ առաջամարտիկների փորձարկումներից, թե ինչպես է հնարավոր ապրանքը դարձնել ծառայություն, որ մարդիկ վճարեն միայն օգտվելու համար։
Նիդերլանդները շրջանաձև տնտեսության համաշխարհային առաջատարներից է, երկրի շրջանաձևության մակարդակը կազմում է 24.5%, մինչդեռ ԵՄ միջինը 12.8% է։
Եվ հետաքրքիրն այն է, որ այստեղ շրջանաձև տնտեսության հիմքում դրված է ոչ միայն պետական քաղաքականությունը, այլև բիզնեսի և հասարակության լայն կոնսենսուսը։
Ինձ անհանգստացնում էր այն փաստը, թե ինչպես պետք է Հայաստանի և Եվրոպայի փորձը համեմատեմ միմյանց հետ։ Մենք դեռևս չունենք այս ուղղությամբ ազգային համապարփակ ռազմավարություն, ավելին, «շրջանաձև տնտեսություն» ձևակերպումը հանրային և քաղաքական օրակարգում սկսել է շրջանառվել ընդամենը վերջին տարիների ընթացքում և ես մտածում էի, որ հանկարծ չստացվի, թե անհամարժեք համեմատություն ենք անում։ Վերջին տարիներին, հասարակական սեկտորի կողմից արվել են բազմաթիվ վերլուծություններ, ուսումնասիրություններ, հետազոտություններ, իրականացվել են տարբեր նախաձեռնություններ, որոնք շատ արդյունավետ են եղել, բայց բացակայել է պետական համակարգված մոտեցումը։

«Վերանորոգման սրճարան». Նիդերլանդներ: Լուսանկարը՝ Մարիամ Տաշչյանի հոդվածից։
Ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանում արդեն իսկ կան որոշակի լուծումներ՝ շրջանաձև տնտեսության մոդելներ, որը մենք վաղուց կիրառում ենք, բայց երբեք չենք մտածել, որ դրանք շրջանաձև տնտեսության մաս են կազմում։
Օրինակ, կոշկակարների շնորհիվ հնարավոր է լինում նոր կոշիկ գնելու փոխարեն վերանորոգել հինը՝ երկարացնելով դրանց կյանքը և նվազեցնելով թափոնների քանակը։
Զգեստների վարձակալության ծառայությունը, երբ տոնական կամ հարսանեկան զգեստից մեկից ավելի մարդ է օգտվում, այս մոդելը մասնագիտական լեզվով կոչվում է «ապրանքը որպես ծառայություն»։ Նմանատիպ օրինակ է նաև List.am հարթակը, որը դարձել է երկրորդային ապրանքների շրջանառության հիմնական հանգույցը՝ կրճատելով ավելորդ արտադրության անհրաժեշտությունը։
Ինձ համար շատ կարևոր բացահայտում էր, որ Հայաստանում բիոգազի արտադրության բավականին լավ հնարավորություն կա։ Գոմաղբը, որը նետվում է գետերը, լճերը և աղտոտում բնությունը, կարելի է հավաքել, վերամշակել, ստանալ բիոգազ, որի արդյունքում հնարավոր կլինի կրճատել ներմուծվող գազի 10%-ը։
Եվրոպական օրինակը հստակ ցույց է տալիս, որ շրջանաձև տնտեսությունը ոչ թե պարզապես տեսություն է, այլ կոնկրետ գործողությունների ծրագիր, որը հնարավոր է իրականացնել՝ համագործակցության և ժողովրդավարական մեխանիզմների շնորհիվ։ Այն հիմնված է կառավարության, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների համատեղ ջանքերի վրա։
Աշխարհաքաղաքականությունից այն կողմ․ ԵՄ առաքելության մարդկային դեմքը
Գևորգ Թոսունյան
Հայկական մեդիայում Եվրոպական միության առաքելության (ԵՄԱ) դիտորդների մասին շատ է գրվել, բայց որևէ կերպ չի ներկայացվել նրանց մարդկային դեմքը։ Այս թեման ինձ շատ հետաքրքիր էր ու շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա նրանց հետ երկու օր անցկացնել, տեսնել նրանց աշխատանքն ու առօրյան․ հետո այդ ամենը ամփոփեցի ու ներկայացրեցի նրանց մեկ օրը։
Մենք նրանց հետ շրջել ենք, եղել ենք գյուղերում, շփվել՝ մարդկանց հետ։ Եղել ենք այն դժվարամատչելի տեղերում, որտեղ նրանք աշխատանքի բերումով հասնում են։
Եվրոպացի դիտորդները Հայաստանի սահմանում տրամադրության առումով զգալի փոփոխություն են առաջացրել։ Սակայն, նրանց մանդատը ու նրանց շուրջ պտտվող տեղեկատվությունը՝ հիմնականում Ռուսաստանից, Ադրբեջանից եկող ապատեղեկատվությունը, խանգարում են հանրային ընկալման մեջ ձևավորել ավելի արմատացած դրական կերպար, որը իրականում կա։

Գևորգ Թոսունյանը և ԵՄ դիտորդ Միկա Կուրին
Մեր բնակչության մեծ մասը նրանց հետ շփում չունի, նրանց մասին լսում է, բայց նրանց մասին պատկերացում չունի։ Նմանատիպ նյութերը կարող են օգնել, որ մարդիկ, որոնք ծանոթացել են դիտորդների պատմությանը, տեսել են նրանց առօրյան հերթական ապատեղեկատվության զոհը չդառնան։
Հաճախ սխալ ընկալում կա նրանց լիազորությունների առումով։ Երբեմն մարդկանց թվում է, թե նրանք զինված են և օրինակ առաջին իսկ կրակոցի ժամանակ գալու են ու զենքով պաշտպանելու են իրենց, մինչդեռ նրանց գործառույթները բացարձակ այլ են։ Սա կարևոր է հասկանալ, որովհետև սխալ ակնկալիքները ձևավորում են նաև սխալ սպասումներ։
Շատ հետաքրքիր էր կողքից դիտարկել, թե բնակիչները նրանց ինչպես էին վերաբերվում։ Օրինակ, երբ ճանապարհին գնում էինք, ամեն երկրոդ անցնող մեքենան կամ ազդանշան էր տալիս կամ բարևում էր։ Գյուղերում էլ էր նույնը, մարդիկ սկսում էին խոսել, շփվել նրանց հետ։ Միանգամից երևում էր, որ նրանց ներկայությամբ բնակիչներն իրենց ավելի ապահով էին զգում ու հետաքրքիրն այն էր, որ օրինակ, գյուղի տարեցները սկսում էին դիտորդների հետ ոչ թե սահմանային լարվածությունից խոսել, այլ իրենց առօրյա հոգսերից, օրինակ, ջրի խնդրից։
Նրանք իրականում համայնքներում շատ դրական են ընկալվում։

ԵՄ դիտորդներն ու բնակիչները։ Լուսանկարը՝ Գևորգ Թոսունյանի հոդվածից։
Նրանց հետ աշխատելը ևս բավականին հեշտ էր ու հետաքրքիր։ Իհարկե, նախապատրաստական փուլում հանդիպել էինք, շփվել էինք, մի քանի հարցեր էինք քննարկել․ ինչը շատ ավելի հեշտացրեց մեր բուն աշխատանքը։
Շատ պատրաստակամ էին, շատ արագ համաձայնության էինք գալիս, թե օրինակ նկարահանման այս հատվածը կամ այն հատվածը ինչպես կազմակերպենք։
Երբ դու ցույց ես տալիս Եվրոպայի մարդկային դեմքը, հենց քո համայնքում՝ եվրոպացի դիտորդի հայացքներում, նրանց պատկերացումները մեր մասին, մեր կոնֆլիկտի, մեր խնդիրների շուրջ՝ լրիվ փոխվում է հայ ընթերցողի մոտեցումը Եվրոպայի նկատմամբ։