Դատարանի վճիռներով սահմանված հերքման տեքստերն ավելի հաճախ հրապարակվում են ֆեյսբուքյան էջերում կամ առցանց հարթակներում։
Հերքման ձևը և պատասխանը, ինչպես նաև հեռացման ենթակա՝ զրպարտություն համարվող փաստացի տեղեկատվության ծավալը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով։
Բայց ո՞վ է հետևում, որ սոցիալական ցանցերում կամ առցանց հարթակներում հրապարակված հերքումը ժամանակի ընթացքում չխմբագրվի կամ չհեռացվի։ Եթե տպագիր մամուլի, հեռուստատեսության կամ ռադիոյի պարագայում հերքումը փոփոխել կամ հեռացնելը հնարավոր չէր, ապա թվային միջավայրում դա այդպես չէ։
Այդ դեպքում ով և ինչպես պետք է վերահսկի, որ օնլայն տիրույթում հրապարակված հերքումները պահպանվեն, որպեսզի հանրությունը ցանկացած պահի հասանելիություն ունենա դրանց։
Օրինակ, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ լրագրող Նաիրի Հոխիկյանի գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանը վճռել էր, որ Հոխիկյանը պետք է հերքի 2021 թվականին հնչեցրած իր հայտարարությունն այն մասին, որ իբրև բլոգեր Ալեքսանդր Լափշինն իրեն ասել է, որ Վլադիմիր Կարապետյանն ասել է՝ «․․․ ով է ասում, որ Ղարաբաղը չենք տալու, ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա»։
Հերքման տեքստերը մենք օնլայն տիրույթում չգտանք։ Այս հոդվածը հրապարակելու պահին դրանք հասանելի չէին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։
Նաիրի Հոխիկյանը media.am-ին ասաց, որ ինքը կատարել է դատարանի պահանջը, հերքման տեքստն ուղարկել է լրատվամիջոցներին, ԴԱՀԿ-ն էլ հաստատել է։ «Yerkir.am-ում է հրապարակվել ու կարծեմ Shamshyan.com-ում։ Ես հղումները չեմ պահպանել, որովհետև համամիտ չեմ որոշման հետ։ Ինձ ստիպեցին անել մի բան․․․ Անտեսեցին բոլոր փաստերը, ձայնային հաղորդագրությունները։ Սա քաղաքական հետապնդման դասական օրինակ էր, որով ես ի դեպ մտնելու եմ միջազգային դատարան ու հաղթելու եմ»,- ասաց Նաիրի Հոխիկյանը։
Shamshyan.com-ից media.am-ին ասացին, որ իրենք հերքման վճիռ չեն ստացել, երբ ստանան՝ կհրապարակեն, իսկ Yerkir.am-ից հրաժարվեցին հաղորդակցվել մեր լրատվամիջոցի հետ։
Նաիրի Հոխիկյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանն էլ media.am-ին ասաց, որ պատասխանողը ինքն է որոշում՝ քանի րոպե, քանի վայրկյան, քանի օր կամ ամիս թողնել հերքումն իր էջում, եթե դատարանի վճռով սահմանված չեն կոնկրետ ժամկետներ, թե որքան պետք է մնա հերքումը։
«Էականը դատական ակտի կատարումն է։ Ֆիքսվում է փաստը, որ դատական ակտը կատարվեց, հետո կարող է հեռացվել։ Կիրթ և գրագետ փաստաբանի աշխատանքի արդյունքում ձևակերպվում է հայցադիմում, որտեղ գրվում է՝ պարտադրել, որ հերքումը մնա այսքան օր․․․ Այս դեպքում մենք չենք ունեցել պարտադրանք, որ հերքումը պետք է մնա այսքան օր․․․ Բնականաբար, անձը ինքն է որոշում, թե որքան մնա հերքումը»,- ասաց Վիրաբյանը։
Նա չկարողացավ պատասխանել այն հարցին, թե Նաիրի Հոխիկյանի հերքման տեքստը որտեղ է հրապարակվել ու որքան է մնացել՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ դատարանի վճիռը կատարվել է, լրագրողի հերքումը հրապարակվել է, ապացույցը ներկայացվել է ԴԱՀԿ-ին։
Մեդիայի հետ առնչվող գործերի փորձ ունեցող փաստաբան Դավիթ Ասատրյանն էլ նշեց, որ նման խնդիրներից խուսափելու համար հայցվող կողմը պետք է ժամկետներ նշի կամ պարտադրի հեռացնել նաև սկզբնաղբյուր տեղեկատվությունը, որի համար ծագել է վեճը, որպեսզի չստացվի այնպես, որ հայտարարությունը շարունակի մնալ դաշտում, իսկ հերքումը՝ ոչ։
«Հերքման երկու տեսակ կա։ Առաջինը, երբ պարտավորեցնում է դատարանը, երկրորդը՝ արտադատական, երբ հերքումը տարածվում է ԶԼՄ մասին օրենքով։ ԶԼՄ մասին օրենքով տարածվող հերքումների պարագայում երաշխիքներ չկան, որ հերքումը չի հեռացվի։ Դատարանի վճռով կատարված հերքման պարագայում սահմանվում է հերքման տեսքը, տառաչափը, տեսակը, սահմանվում է, թե որտեղ այն պետք է հերքվի։ Եթե անձը խմբագրում է տեքստը, որը խեղաթյուրում է դատական ակտի բովանդակությունը, ապա ԴԱՀԿ միջոցով անձը կարող է տուգանվել, անգամ քրեական պատասխանատվության ենթարկվել»,- media.am-ին ասաց Ասատրյանը։
Ինչ վերաբերում է Լուսինե Վիրաբյանի հնչեցրած մտքին, որ դատարանը պետք է սահմանի ժամկետներ, ապա Դավիթ Ասատրյանն ասաց, որ եթե դատարանը վճռում է՝ հրապարակել հերքում, դա չի նշանակում, որ տվյալ անձն ամբողջ կյանքը պախարակվելու է, նա կարող է որոշ ժամանակ անց ջնջել այն։
«Հերքումը չի կարող հավերժ տևել, եթե իհարկե դատարանը նման վճիռ չի կայացրել։ Հիմա եթե անձին պարտադրել են ներողություն խնդրել․ մեկ անգամ խնդրում է, վերջ, ամբողջ կյանքում չի կարող ներողություն խնդրել կամ իր էջի գլխավոր տեղում պահել։ Եթե գրված է՝ հրապարակել հերքում, անձը հրապարակել է, վերջ, ուրեմն ինքը հերքել է։ Որպեսզի չստացվի այնպես, որ հերքումը հետո ջնջվի, իսկ տեղեկատվությունը, որը հերքվել էր, մնա, հայցվորները պահանջում են ջնջել այդ տեղեկատվությունը։ Հայցվոր կողմը առանձին պետք է նման պահանջ ներկայացնի»,- մանրամասնեց Ասատրյանը։
Իրավաբան Արա Ղազարյանն էլ, ներկայացնելով միջազգային փորձն ասաց, որ եվրոպական դատարանում կա նախադեպ, որ արխիվը չի կարելի փոփոխել, խմբագրել, իսկ հերքումը՝ արխիվային նյութ է։
«Եթե հերքումը փոփոխվում է, խմբագրվում, դա խախտում է։ Պետք է հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ հերքումը չի գտնվում։ Եթե պարզվի, որ հեռացրել են կամ ջնջել, դա նշանակում է, որ դատարանի վճիռը չի կատարվել։ Դատական ակտում չի նշվում, թե քանի օր պետք է պահվի հերքումը։ Դա նշանակում է, որ հերքումը դառնում է արխիվ, պատմություն, որը պետք է մնա»,- media.am-ի հետ զրույցում նշեց Արա Ղազարյանը։