Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ անցկացվող «Մեդիագրագիտության շաբաթ»-ն այս տարի կրում է «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագիրը։
Մեդիաշաբաթը Հայաստանում այս տարի մեկնարկեց նոյեմբերի 8-ին՝ մեդիայի, կրթության, արհեստական բանականության մարտահրավերների, ապատեղեկատվությանը դիմակայելու թեմաների վերաբերյալ կոնֆերանսով։
«Կրթության փոխակերպումները արհեստական բանականության և թվային քաղաքացիության համատեքստում» խորագիրը կրող քննարկման ընթացքում տեղացի ու միջազգային փորձագետները ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու ունեցած փորձառությունը։
Միքայել Հովհաննիսյան, ԵՊՀ պրոռեկտոր
«Ի՞նչ սովորեցնել և ինչպե՞ս սովորեցնել հարցերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ ինչպեսի»
Հաշվի առնելով, թե ինչ մեծ դեր ունի թվային տիրույթը այսօր բոլորիս կյանքում՝ գրեթե, անհնար է ընդհանուր գրագիտությունից առանձնացնել թվային գրագիտությունը։
Առհասարակ սովորեցնելու հիմքում բոլոր այն նոր նորմերն ու մոտեցումներն են, որոնք հայտնվում են աշխարհում։ Մեծ իմաստով սովորեցնելու գործընթացը միշտ ռեֆլեքսիա է անում, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ այս առումով, բնականաբար, հետահայաց եղանակով է արձագանքում առկա մարտահրավերներին։

Միքայել Հովհաննիսյան
Թվային ժամանակաշրջանում տեղեկատվության ծավալը անվերահսկելիորեն շատ է և արտադրելիությունը՝ սարսափելի ինտենսիվ։ Այդ ամենը սովորելը անհնար է ոչ միայն անհատների, այլ նաև համակարգերի համար։ Սա նշանակում է, որ տեղեկատվության յուրացման գործընթացը պետք է հիմնված լինի մի շարք փոխկապակցված գործողությունների վրա։ Դրանք են՝ զտելը, որն էլ իր հերթին պետք է պատասխանի հետևյալ հարցերին․ ի՞նչ, ինչպե՞ս և ինչի՞ համար զտել, հետո դասակարգելը, վերլուծելը և օգտագործելը։ Թվային դարաշրջանում սովորեցնողի համար հիմնական մարտահրավերը հետևյալն է․ ի՞նչ սովորեցնել և ինչպե՞ս սովորեցնել հարցերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ ինչպեսի։ Շատացել է ինչպես սովորեցնելու մասին խոսակցությունն ու անհրաժեշտությունը, սակայն ինչի մասին սովորեցնելու հարցադրումը միևնույնն է, որպես կոնտեքստային գիտելիք չափազանց կարևոր է։ Եթե դու դա չես շարունակում հագեցնել անընդհատ, ինչպեսը սկսում է ձախողել, որովհետև դու չես ունենում իմացության բավարար համատեքստ, որպեսզի այդ ինչպեսները կարողանաս օգտագործել։
Այժմ շատ բացասական միտում է նկատվում։ Առաջին կուրսի ուսանողը, երբ պետք է ինչ-որ ընդհանուր, տեսական բովանդակություն յուրացնի, առաջին հարցը լինում է հետևյալը, թե տվյալ գիտելիքը չորս տարի հետո որտե՞ղ է կիրառելու և ի՞նչ աշխատավարձ է ստանալու։ Այստեղ ուսուցանողի համար երկու հիմնական խնդիր կա․ ճիշտ ձևով ցույց տալ, թե տվյալ տեսական բովանդակությունը ինչո՞ւ է կարևոր և տեսականի ու գործնականի հարաբերակցության մեջ այնպիսի գործիքներ գտնել և օգտագործել, որպեսզի տեսականի կարևորությունը գոնե ինտուիտիվ մակարդակում դառնա տեսանելի ու մոտիվացնի ուսանողին։ Այս պարագայում տեխնոլոգիաների կիրառությունը շատ հետաքրքիր և օգտակար կարող է լինել։ Բայց աստեղ էլ չպետք է մոռանանք մի կարևոր հանգամանք, որ եթե արհեստական բանականությունը օգնում է մտածել դա լավ է, եթե մտածում է մեր փոխարեն արդեն վատ է։
Անժելա Վակարու, Մեդիագրագիտության փորձագետ, Մոլդովա
«Դու չես կարող սովորեցնել մի բան, որը ինքդ չգիտես»
Կարծում եմ Հայաստանում և Մոլդովայում կրթական համակարգը նույն խնդիրներն ունի։ Առաջինը, որ ես կուզեի նշել ուսուցիչների հմտություններին է վերաբերում։ Մոլդովայում մենք ունենք ուսուցիչների դեֆիցիտ․ և՛ որակական իմաստով և՛ քանակական։ Ունենք շատ տարեց, զուգահեռաբար նաև նոր ուսուցիչներ։ Իրականում ամեն ինչ բավականին բարդ է․ դժվար է այսօրվա արագ փոփոխվող աշխարհում հետևել բոլոր նորամուծություններին, դրանք դարձնել հտմություն և կիրառել ամենօրյա աշխատանքում։ Ստացվում է, որ դու չես կարող սովորեցնել մի բան, որը ինքդ չգիտես։ Հետևաբար ինչպես սովորեցնելը խնդիրներից մեկն է։
Այսօր արհեստական բանականությունը զարգանում է շատ մեծ արագությամբ, անընդհատ ստեղծվում է նոր տեղեկատվություն, ի հայտ են գալիս նոր մոտեցումներ և անգամ խնդիր է առաջանում անընդհատ փոփոխելու կամ լրամշակելու ուսուցիչների համար ստեղծված մեդիգրագիտության, թվային գրագիտության ձեռնարկներն ու նյութերը։ Թվային քաղաքացիությունը այժմ արդեն հիմնվում է նաև արհեստական բանականությանը տիրապետելու հմտությունների ու իմացությունների վրա։ Այն ինչ մենք սովորեցնում էինք 10-20 տարի առաջ, այլևս այսօր արդիական չէ։ Այսօր հաճախ շատ դժվար է տարբերակել իրական տեսանյութը կամ լուսնկարը ԱԲ-ով գեներացված տեսանյութից։ Դա է պատճառը, որ կրթական մոդելներն ու մոտեցումները պետք է փոխվեն։

Անժելա Վակարու
Մենք Մոլդովայում լուրջ խնդիրներ ունենք նաև ենթակառուցվածքների հետ կապված։ Օրինակ՝ COVID-ը, Մոլդովայի համար զարթուցիչի դերակատարում ունեցավ։ Մենք հասկացանք որ, ըստ էության, չունենք համապատասխան ենթակառուցվածքներ, հմտություններ առցանց ուսուցման անցնելու համար։ Հասկացանք, որ տեխնիկական հագեցվածության առումով գյուղական համայնքների և քաղաքների միջև հսկայական անդունդ կա։ Գյուղական շատ դպրոցներ չունեին լավ որակի ինտերնետ, ոչ բոլոր երեխաներն ունեին իրենց սեփական համակարգիչները և ընտանիքի դպրոցահասակ երեխաները հաճախ ստիպված էին լինում հերթով կատարել իրենց տնային աշխատանքները։
Էական փոփոխությունների հասնելու համար պետք է լինի նաև պետական աջակցություն, պատասխանատվություն և փոխըմբռնում տարբեր ինստիտուտների միջև: Բազմամակարդակ մոտեցում է անհրաժեշտ։ Նաև պետք է օգնել, որ ուսուցիչները կարողանան իրենց աշխատանքը կազմակերպել նոր մոտեցումների վրա հիմնվելով։ Սակայն հնարավոր չէ որևէ արդյունք ակնկալել, եթե 15 կամ 20 սովորողի փոխարեն նույն դասարանում սովորում է 35 կամ 40 աշակերտ։ Ահա թե ինչու եմ ասում, որ ազգային ռազմավարական քաղաքականությունը ևս շատ կարևոր է արդյունքի հասնելու համար։
Գևորգ Պողոսյան «reArmenia» հիմնադրամի տնօրեն
«Գործող կրթական համակարգն ունակ չէ կերտել այսօր անհրաժեշտ հմտությունների փաթեթին տիրապետող մարդկանց»
Այսօր գերարագ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ Շատ մեծ փոփոխություններ են սպասվում և շատ կարևոր է, որ մեր կրթական համակարգի տրանսֆորմացիան էլ մաքսիմալ արագ տեղի ունենա։ Գործող կրթական համակարգը ունակ չէ կերտել այսօր անհրաժեշտ հմտությունների փաթեթին տիրապետող մարդկանց։ Այլևս կրթվելը ինֆորմացիա, գիտելիք տալու մասին չէ, այն ավելի շատ հմտություններ ձևավորելու մասին է։ Այսօր առավել քան երբևէ կարևոր է ցկյանս կրթությունը և խնդիրների լուծման վրա կենտրոնացած, դրանց վրա հիմնված կրթությունը։ Մարդն իր կյանքի ամեն փուլում ինչ-որ մի խնդիր պետք է թիրախավորի ու տվյալ խնդրի լուծման համար համապատասխան գիտելիք ու հմտություններ սովորի, բայց այդ հմտություններն ու մոտեցումները ամեն հաջորդ տարի տարբեր են լինելու։ Եվ մարդը անընդհատ նոր հմտություններ սովորելու կարիք է ունենալու։
Այսօր հաճախ լսում ենք, որ կրթական համակարգի խնդիրներից մեկն էլ մասնագետների պակասն է․ երեխաները շատ են, ուսուցիչները՝ քիչ։ Սակայն ԱԲ-ի օգնությամբ յուրաքանչյուր երեխա կարող է 20 ուսուցիչ ունենալ։ Արհեստական բանականության գործակալները մեծ հաջողությամբ կարողանում են թե՛ որպես ուսուցիչ, թե՛ որպես ուսուցչի օգնական, թե որպես համակրթվող հանդես գալ։ Մարդ ուսուցիչները այս նոր աշխարհում AI ուսուցիչների աշխատանքը համակարգողը կարող են լինել։

Գևորգ Պողոսյան
Շատ հաճախ են մարդիկ այսօր խոսում ու մտածում այն մասին, որ ԱԲ-ն գալու է ու փոխարինելու է մարդկանց։ Այդպես չէ, ԱԲ օգտագործող մարդիկ են փոխարինելու ԱԲ չօգտագործողներին։ Օգտագործման երկու ձև կա․ AI-ի միջոցով ուժեղանալու և դրա միջոցով ավտոմատացնելու այն աշխատանքը, որը իրականացնում ենք։
Փոքր խնդիրներ լուծելու համար մինչև հիմա մարդը մեծ ջանքեր էր ներդնում, այսօր կարելի է մեծ խնդիրներ լուծել փոքր ջանքերով և սա նշանակում է, որ մեր մտածողության ուղղությունները պետք է փոխվեն։ Արհեստական բանականությունը ճիշտ օգտագործելով մենք շատ ավելի մեծ խնդիրներ ենք լուծելու։
Նախորդ դարաշրջաններում մեծ փոփոխությունները շատ ավելի դանդաղ էին տեղի ունենում, հազվադեպ էր լինում, որ նույն սերունդը իր կյանքի ընթացքում այսքան մեծ փոփոխություններ տեսներ։ Նոր աշխարհը հին աշխարհին հազվադեպ էր հանդիպում։ Հիմա այնպես է ստացվել, որ մեկ սերունդը բազմաթիվ փոփոխությունների է հանդիպում։ Եթե հարյուր տարի առաջ նվազագույն գրագիտության շեմը հաղթահարելու համար մարդիկ պետք է գրել ու կարդալ սովորեին, ապա այսօր այդ նվազագույն շեմը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է թվային և Աբ գրագիտություն։
Գայանե Վարդանյան, «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի (ՔՈԱՖ) գյուղական ծրագրերի դեպարտամենտի ղեկավար
«Ֆորմալ դպրոցը փորձում է որդեգրել ոչ ֆորմալ մեթոդաբանություն՝ հասկանալով, որ ուղենիշերը պահպանելով հանդերձ, զուգահեռաբար պետք է վերափոխվել»
Կրթությունը փորձում է արձագանքել փոփոխություններին, բայց դրանք այնքան արագ ու կտրուկ են տեղի ունենում, որ մենք միշտ հետևից վազողի կարգավիճակում ենք լինում։ Տարին սկսում ենք ինչ-որ մոտեցումներով, սկզբունքներով հետո ընթացքում դրանք փոփոխում ենք ու հարմարեցնում նոր իրականությանը։ Քանի որ ՔՈԱՖ-ը արտադպրոցական, ոչ ֆորմալ կրթության տիրույթում է աշխատում, մենք ավելի արագ ենք կարողանում ընթացիկ այդ փոփոխություններն անել, քան օրինակ ֆորմալ կրթական մոդել ունեցող մեր դպրոցները։

Գայանե Վարդանյան
Եվ գուցե հենց սա է պատճառներից մեկը, որ ֆորմալ դպրոցը երբեմն փորձում է որդեգրել ոչ ֆորմալ մեթոդաբանություն՝ հասկանալով, որ ուղենիշերը պահպանելով հանդերձ, զուգահեռաբար պետք է վերափոխվել։ Մենք էլ մեր աշխատանքի ընթացքում նկատում ենք, որ հաճախ ինչի մասին խոսակցությունը նվազ կարևոր է դառնում ինչպեսից։ Հաճախ որոշ հմտություններ ավելի են կարևորվում, քան ֆորմալ արժեքավոր գիտելիքը։ Հմտությունները միանշանակ կարևոր են, սակայն եթե սովորողը դրանք չի հարստացնում և ամրացնում ֆունադամենտալ գիտելիքով, ապա ինչ-որ մի պահի նրա զարգացումը կանգ կառնի։
Մյուս կարևոր բաղադրիչն էլ այն է, որ կրթությունը միշտ պետք է հենվի արժեքների ու պատասխանատվության վրա։ Մենք թվային գրագիտության, մեդիագրագիտության մասին խոսելիս՝ միշտ խոսում ենք թվային հետքի և թվային ինքնության ձևավորման մասին։ Նշում ենք, որ թվային տիրույթում կատարված ցանկացած գործողություն, ասված ցանկացած խոսք կարող է ավելի մեծ տարածում գտնել, քան ֆիզիկական տիրույթում։ Եվ սա ավելի է մեծացնում պատասխանատվության չափաբաժինը, ավելի լուրջ ու մտածված մոտեցում է պահանջում։