Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft հարթակում տեղադրված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը զրո կողմ և տասնմեկ դեմ ձայն է ստացել։ Այն հեռարձակման դաշտում նոր կարգավորումներ է առաջարկում։
ԲՏԱ նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ տեսալսողական մեդիա ոլորտում իրավական հստակություն ու հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, ինչպես նաև քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը նվազեցնելու և Հայաստանի տեղեկատվական ինքնիշխանությունն ապահովելու նպատակով նոր կարգավորումների անհրաժեշտություն կա։ Գործող օրենքով ոլորտը կարգավորող պետական մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ), չունի բավարար գործիքակազմ ատելության խոսքի, «թշնամանքի լեզվի», խտրականության և քաղաքացու վրա ազդող մանիպուլյացիաների տարածման դեմ պայքարելու համար:
Ավելի խիստ կարգավորումներ ատելության խոսքի ու խտրականության քարոզի դեպքերում
Ներկայումս Հանձնաժողովի կարգավորման և վերահսկողության դաշտում են հանրային մուլտիպլեքսում հանրապետական, մայրաքաղաքային, մարզային սփռում ունեցող վերգետնյա հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները։ Ցանցային օպերատորների աշխատանքի միջոցով ցուցադրվող բովանդակությունը դուրս է կարգավորող մարմնի վերահսկողության դաշտից։
«Մենք առաջարկում ենք, որ ընդլայնվի կարգավորվող մեդիայի շրջանակը, և այդ պարտավորությունները տարածվեն նաև այն հեռուստածրագրերի վրա, որոնք հեռարձակվում են ցանցային օպերատորների փաթեթներում։ Դրանք և՛ տեղական հաղորդումներն են, որոնք հեղինակազորված են, բայց հանրային մուլտիպլեքսում չեն գործում, և՛ մեծամասամբ արտերկրից գնված և այստեղ վերասփռվող հաղորդումներն են»,- ասում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Բռնություն, ատելության խոսք, խտրականություն քարոզող և այլ ապակառուցողական բովանդակության տարածումը կանխելու և արգելելու համար նախագծի հեղինակները փորձել են գործող օրենքում առկա կարգավորումներն ավելի հստակեցնել ու խստացնել, որոնք կարգավորող մարմնի համար կստեղծեն հստակ իրավական հիմք՝ օրինախախտումները ճանաչելու և գնահատելու առումով։ Ցանցային օպերատորներին և դիստրիբյուտորներին էլ կօգնի ավելի հստակ հասկանալ, թե իրավական առոմով, որ բովանդակությունն է թույլատրելի և որն՝ արգելված։
Ըստ նախագծի՝ տեսալսողական հաղորդումներում կարգելվի՝
- սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը,
- բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ կամ նման այլ նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը,
- ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը,
- պոռնկագրություն տարածելը,
- քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը:
Թեև կարգավորող մարմնից վստահեցնում են, որ առաջարկվող փոփոխությունները տեսալսողական մեդիայի համար խոսքի ազատության սահմանափակման խնդիրներ չեն կարող առաջացնել, բայց փորձագիտական դաշտում անհանգստացած են։
ԵՄԱ պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով առաջարկվող փոփոխությունները լրատվամիջոցների խոսքի ազատությունը սահմանափակելու, կամայական որոշումներ ընդունել հնարավորություն են տալիս։
«Այս արգելքները նախկինում էլ կային, բայց շատ անորոշ էին։ Թվում է, թե հիմա փորձ է արվում կոնկրետացնելու, բայց նորից կան բազմաթիվ անորոշություններ։ Օրենքը հստակորեն չի սահմանում, թե այդ արգելքները խախտելու դեպքում համապատասխան պատիժները երբ պետք է կիրառվեն, երբ՝ ոչ։ Եվ հաշվի առնելով առաջիկա ընտրական գործընթացները՝ կարելի է ասել, որ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցների համար այս փոփոխությունները նոր սահմանափակումներ են նախատեսում։ Մյուս խնդիրը, որ ես կարող եմ այստեղ տեսնել, ՀՌՀ-ի լիազորությունները բարձրացնելու քողարկված միտումն է, որը բավականին վտանգավոր է, քանի որ թույլ է տալիս քաղաքական դրդապատճառներից ելնելով ընդունել այս կամ այն սահմանափակող որոշումները։ Այստեղ, գուցե ոչ այնքան կարևոր են կոնկրետ ձևակերպումները, որոնք կան օրենքի նախագծում, որքան նրանց հետևում եղած քաղաքական դրդապատճառները, որոնք բավականին թափանցիկ են և դժվար է դրանք չնկատել։ »,- ասում է Բորիս Նավասարդյանը։
Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններից մեկն էլ անդրադառնում է տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների աշխատանքին։
Գործող օրենքով, երբ տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը աշխարհի որևէ երկրից գնում է տեսալսողական ծրագիր և ցանկանում է այն վաճառել մեր երկրում գործող որևէ ցանցային օպերատորի, Հանձնաժողովը բովանդակային որևէ ստուգում չի իրականացնում։
ՀՌՀ-ն պարտավոր է համաձայնություն տալ տվյալ ծրագրի վերահեռարձակմանը, եթե կարգավորող մարմին ներկայացված հայտը տեխնիկապես ճիշտ է լրացված։
«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ցանկացած երկիր ունի համապատասխան գործիքակազմ հասկանալու, թե ցանցային օպերատորների փաթեթներում հեռարձակվող ծրագրերը որքանո՞վ են համապատասխանում իրենց ազգային օրենսդրությանը։ Մենք ներկայումս որևէ տեսալսողական ծրագիր բովանդակային առումով արգելելու իրավունք չունենք, այն պարզ պատճառով, որ իրավասու չենք անգամ նայելու, ուսումնասիրելու այն։
Օրինակ, հիմա միջպետական համաձայնագրով հանրային մուլտիպլեքսում հեռարձակվում են երեք ռուսական ծրագրեր, չէ՞։ Հիշում եք այն դեպքը, երբ հայկական կողմը ըստ այդ պայմանագրի որոշել էր Վլադիմիր Սոլովյովի հաղորդուման ցուցադրումը հանրային մուլտիպլեքսում կասեցնել, քանի որ այն պարունակում էր մեր օրենսդրությանը չհամապատասխանող բովանդակություն։ Տվյալ արգելքը չտարածվեց կաբելային ցանցերի հեռարձակման վրա և այդ հաղորդումը շարունակեց ցուցադրվել ցանցային օպերատորների կողմից։ Մենք նրանց կողմից հեռարձակվող բովանդակությանը միջամտելու որևէ լծակ չունեինք։ Առաջարկվող փոփոխություններով մենք կարողանում ենք այս և նմանատիպ այլ խնդիրներ լուծել և վարել միասնական տեղեկատվական քաղաքականություն»,- ասում է ՀՌՀ նախագահը։
Առաջարկվող նախագծով ՀՌՀ-ն պետք է 20 օրյա ժամկետում ծանոթանա դիստրիբյուտորի ներկայացրած տեսալսողական ծրագրի բովանդակությանը, ստուգի, թե այն որքանով է համապատասխանում մեր օրենսդրությանը։ Խնդիրներ և անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը կարող է թույլ չտալ, որպեսզի տվյալ ծրագիրը հեռարձակվի ցանցային օպերատորի կողմից։
Կարգավորող մարմինը իրավասու է անգամ չեղարկել իր իսկ տված թույլտվությունը, եթե տեսալսողական ծրագրի խմբագրական քաղաքականությունը փոխվել է, որի արդյունքում հեռարձակվում է օրենքով արգելված տեղեկատվություն։
Հայաստանյան տեղեկատվական դաշտը օտարերկրյա ինֆորմացիոն հոսքերից ու ազդեցություններից զերծ պահելու համար Բորիս Նավասարդյանն առաջարկում է դիստրիբյուտորների հետ աշխատանքը կանոնակարգելուց բացի, նախ վերանայել հանրային մուլտիպլեքսի ձևավորման կարգը։
«Այն առաջարկները, որոնք զետեղված են օրենքի նախագծում, տեղեկատվական միջավայրին հասցված հնարավոր վնասների առումով առաջարկում են միայն ժամանակավոր ու իրավիճակային լուծումներ։ Ինչն այնքան էլ ընդունելի չէ։ Ցանկալի կլիներ, որ առաջարկվող նախագծում նախ անդրադարձ կատարվեր հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռարձակողների մուտքի արգելքին։ Հանրային մուլտիպլեքսը պետք է մատչելի չլինի, հասանելի չլինի օտարերկրյա որևէ հեռարձակողի համար։ Նման լուծումների պահանջը վաղուց է հասունացել, ցավոք, առայժմ այդ ուղղությամբ որևէ առաջարկներ չեն մշակվում»,-ասում է Նավասարդյանը։
Հեռուստատեսային վարկանիշերի չափումների կանոնակարգում
Օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն անդրադառնում է նաև տեսալսողական մեդիայի չափումների և դրանց արդյունքների կանոնակարգմանը։
Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի և հնդկական Inditronics Media Private Limited տեխնոլոգիական ընկերության միջև օգոստոսին կնքված հուշագրի ստորագրումից հետո այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Նոր Չափողը հայկական հեռուստալսարնի վարկանիշների չափումը հավանաբար կսկսի հունվարից։
Առաջարկվող փոփոխություններով չափումների արդյունքները կոմիտեի անդամներին և այլ անձանց տրամադրելու դեպքերը և կարգը սահմանում է Կոմիտեն։ Գործող oրենքով մեդիաչափումների արդյունքների հասնելիությունը տրամադրվում է միայն հեռարձակողներին, իսկ մեդիա ոլորտում գործող այլ կազմակերպությունների հետ գործակցության կարգավորումները հստակեցված չեն։
Նախագծով առաջարկվում է նոր կարգավորում սահմանել Կոմիտեի և պետական կառավարման համակարգի մարմինների համար։ Նրանք կարող են Կոմիտեից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և տվյալներ, այդ թվում՝ չափումների արդյունքների վերաբերյալ։
ՀՌՀ նախագահն ասում է, որ Հանձնաժողովը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, առանց կոմերցիոն գաղտնիքներ բացելու, կներկայացնի հեռուստատեսային վարկանիշների ընդհանուր պատկերը։