Մարտի 30-ին՝ Գյումրիում անցկացված ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, քաղաքական գովազդի համար ամանաշատ վճարովի եթերաժամանակը գնել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։  

Ըստ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ մարտի 15-28-ն անցկացրած մշտադիտարկման արդյունքների՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը գնել է մոտ 1040 րոպե կամ ավելի քան 17 ժամ վճարովի եթերաժամանակ։  

Այս ցուցանիշով երկրորդ հորիզոնականում «Քաղաքացիական պայմանագիր»-ն է, որը սպառել է 506 րոպե կամ 8 ժամ վճարովի եթերաժամանակ։  

«Մայր Հայաստանը» ՔՊ-ի համեմատ ավելի քան երկու անգամ շատ վճարովի եթերաժամանակ է գնել` գյումրեցիներին համայնքի զարգացման իր պատկերացումները ներկայացնելու համար։ 

Ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերը ավելի շատ օգտվել են Գյումրիում գործող հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների ծառայություններից՝ գյումրեցիների հետ իրենց շփումն ավելի հասցեական և թիրախային դարձնելու համար։  

Օրինակ, որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին առաջադրած «Մայր Հայաստան» -ը մոտ 173 րոպե եթերաժամանակ է գնել Շիրակի մարզային «Ցայգ» և 138 րոպե էլ «Շանթ Գյումրի» հեռուստաընկերություններից։  

Վճարովի եթերաժամ տրամադրող 13 լրատվամիջոցներից «Մայր Հայաստան»- ը գովազդ չի գնել միայն երեքից՝ «Կենտրոն» և «Ֆրի նյուզ» հեռուստաընկերություններից և «Ռադիո Հայ»-ից։  

«Մայր Հայաստան»-ը միակն է, որ վճարովի եթերաժամանակ է գնել «5-րդ ալիք»-ից (115 րոպե), «Երկիր Մեդիա»-ից (մոտ 55 րոպե) և «հ2»-ից (շուրջ 55 րոպե)։ 

Հեռուստատեսային ամենաքիչ եթերաժամանակը «Մայր Հայաստան»-ը գնել է Հանրային հեռուստաընկերության «Առաջին» և «Լրատվական ալիքներց»՝ մոտավորապես 26-ական րոպե։  

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գյումրեցիներին իր թեկնածու Սարիկ Մինասյանի ու նրա թիմի խոսքը հասցնելու համար 129 րոպե վճարովի քաղաքական գովազդ է ցուցադրել «Շանթ Գյումրի»-ի եթերում։ 123 րոպե էլ գնել է «Ցայգ»-ից։  

Հանրապետական և մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերություններից Հայաստանում իշխող քաղաքական ուժը եթերային ժամանակ է գնել միայն Հանրայինի «Առաջին ալիքից»՝ 22 րոպե և «Առաջինի լրատվական ալիքից»՝ մոտ 7 րոպե։  

Ամենաշատ վճարովի գովազդ գնած երրորդ ուժը Ռուբեն Մխիթարյանի գլխավորած «Իմ հզոր համայնք»-ն է։ Կուսակցությունը 83 րոպե գնել է «Շանթ Գյումրի» -ից, 56 րոպե էլ՝ «Ցայգ»-ից։ 

«Քաղաքացիական պայմանագրի» նման «Իմ հզոր համայնք»ն էլ հանրապետական և մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների ցանկից ընտրել և վճարովի գովազդ է տեղադրել միայն Հանրայինի եթերում։ Մոտ 23 րոպե գնել է Հանրայինի «Առաջին ալիքից», 21 րոպե էլ «Առաջինի Լրատվական ալիքից»։   

Ըստ ՀՌՀ մշտադիտարման տվյալների՝ վճարովի գովազդից ամենաքիչը օգտվել է «Ապրելու Երկիր» կուսակցությունը՝ ընդամենը գնելով 16 րոպե եթերաժամանակ։ Այս կուսակցությունը վճարովի գովազդ է տեղադրել միայն «Շանթ Գյումրի» տեսալսողական ծրագրի եթերում։ 

Մայրաքաղաքային սփռում ունեցող «Ֆրի նյուզ»-ն էլ միակ հեռուստաընկերությունն է եղել, որի տրամադրած ո՛չ անվճար, ո՛չ վճարովի եթերաժամանակից քաղաքական որևէ ուժ չի օգտվել։  

Մարզային մեդիաներին նախապատվություն տալու մոտեցումը պահպանվել է նաև ռադիոների ընտրության հարցում։ Քաղաքական ուժերը առավել շատ գովազդ են գնել «Ռադիո Վան Գյումրի»-ից։  

Այստեղ ևս առաջատարը «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է՝ մոտ 241 րոպե տևողությամբ գովազդով։ Նրան հաջորդում է «Իմ հզոր համայնքը»՝ 144 րոպե վճարովի գովազդով։ Ռադիոընկերություններից վճարովի հիմունքներով օգտվելու ցուցանիշով երրորդ հորիզոնականում «Քաղաքացիական պայմանագիր»-ն է՝ 121 րոպե գնած եթերաժամանակով։ 

Գյումրիում գործող երկրորդ ռադիոկայանը, որից առավել եթերաժամանակ են գնել քաղաքական ուժերը՝ «Շանթն» է։ «Մայր Հայաստանը» այստեղ գնել է ավելի քան 197 րոպե, «Իմ հզոր համայնքը»՝ 138 րոպե, ՔՊ-ն էլ՝ 104 րոպե։ 

Հանրային ռադիոյի «Առաջին ծրագրի» եթերում միայն «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է վճարովի գովազդ տեղադրել՝ 21 րոպե։  

Հանրային ռադիոյի անվճար եթերաժամանակից օգտվել է ընդամենը 3 քաղաքական ուժ՝ «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։ Ընտրություններին մասնակցող մյուս 6 ուժերը, այդ թվում ՔՊ-ն, չեն օգտվել Հանրային ռադիոյի՝ անվճար կարգով տրամադրված եթերաժամանակից։  

ՀՌՀ-ն իր մշտադիտարկման մեջ նշում է, որ նախընտրական քարոզչությունը զգալիորեն տեղափոխվել է համացանցային տիրույթ՝ նվազեցնելով վճարովի եթերաժամ տրամադրելուց գեներացվող հնարավոր եկամուտները։  

Հաշվարկելով թե, հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները, որքանով են համաչափ լուսաբանում իրականացրել՝ կարգավորող մարմինը նշում է, որ կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին հատկացված եթերաժամի որոշակի անհամաչափություններ եղել են։ Սակայն ՀՌՀ-ն դրանք չի գնահատում, որպես խախտում, քանի որ լուսաբանումը մեծապես պայմանավորված է քաղաքական ուժերի վարած նախընտրական քարոզչության ակտիվության տարբերությամբ։