Մեդիահաբի լրագրող Վահե Մակարյանը հայտնել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որպես խափանման միջոց դատարանից պահանջում է իր գույքի և հաշիվների վրա արգելանք դնել: Խորհրդարանի խոսնակը երեք տարբեր դրվագներով դատական հայց է ներկայացրել Վահե Մակարյանի ու Մեդիահաբի դեմ։ Այդ հայցերից երկուսը լրատվամիջոցի դեմ են, մեկը՝ լրագրող Վահե Մակարյանի։
Հոդվածներից մեկը լրագրողը վերնագրել էր՝ «Ռուսների պատճառով Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին․ զայրացել է նաև Գուրգեն Արսենյանը»։ Հոդվածում հղում է արվել անանուն աղբյուրի (բալթյան երկրներից մեկի խորհրդարանի ներկայացուցիչը), որը պատմել է, թե Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պարտվի ու ջախջախվի, իսկ դրան հաջորդած ՔՊ նիստում էլ, ըստ լրատվամիջոցի մեկ այլ աղբյուրի, Նիկոլ Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին։
Մյուս հոդվածն էլ վերնագրվել է «Ալեն Սիմոնյանը խաբել է Նիկոլ Փաշինյանին ու հանրությանը․ ԱԺ-ն նախատեսվածից ավելի քիչ մեքենա է կրճատում»։ Այս հոդվածում էլ գրվում է այն մասին, որ Toyota Prado ավտոմեքենան շարունակում է սպասարկել Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին, թեև պետք է կրճատված ավտոմեքենաների շարքում լիներ։
Երրորդ հայցը Վահե Մակարյանի տելեգրամյան ալիքում տեղ գտած հրապարակմանն է վերաբերում, որը Ալեն Սիմոնյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիներից մեկի հարաբերությունների մասին է։
«Ալեն Սիմոնյանը պահանջում է հերքում և 1 միլիոն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում: Չեմ հիշում անցյալում դեպքեր, որ ԱԺ նախագահները դատի տային լրագրողներին ու այսպիսի պայքարի ու «պատերազմի» մեջ մտնեին նրանց հետ՝ իրենց տված հարցերի կամ գրած նյութերի համար»,- ասաց Վահե Մակարյանը media.am-ի հետ զրույցում:
Լրագրողը նշեց, որ աղբյուրը բացահայտելու մտադրություն չունի և սա դիտարկում է որպես լրատվամիջոցներին լռեցնելու փորձ:
«Օրական տասնյակ նման բնույթի հրապարակումներ են լինում՝ «մեր աղբյուրներով» ձևակերպմամբ, որոնք վերաբերում են ՔՊ վարչության նիստում կատարվածին, անգամ Նիկոլ Փաշինյանին: Կարծում եմ` շատ պաշտոնյաներ առաջին հերթին իրենց հանրային խոսքի մասին պետք է մտածեն: Երբ ՌԴ պաշտոնական ներկայացուցչի մասին հեգնանքով ասում են՝ «պռես-սեկրետառշա» (նկատի ունի Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ «չի պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու» խոսելով ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի մասին,- խմբ), չե՞ն մտածում, որ սա ավելի մեծ հարված է հասցնում մեր երկրի հեղինակությանը, նաև իրենց անձնական հեղինակությանը, քան՝ լրագրողների հրապարակումները:
Չեմ հասկանում, թե այդ հոդվածները ինչով են արատավորում նրա պատիվն ու արժանապատվությունը: Դիցուք, ես հերքեցի, ի՞նչ է դա փոխելու։ Հասկանալի չէ նաև, թե Ալեն Սիմոնյանն ինչպե՞ս է գնահատել` իմ հրապարակումների հետևանքով իր պատիվն ու արժանապատվությունը ի՞նչ վնաս են կրել, օրինակ, այդ նյութերից հետո գնացե՞լ է աշխատանքի կամ դուրս է եկել փողոց, ու իրեն այլ աչքո՞վ են նայել: Ի վերջո, Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ է ու հանրային անձ է, չգիտի՞, որ պետք է պատրաստ լինել անգամ սուր քննադատության»,- նշեց Վահե Մակարյանը:
ԱԺ նախագահի խոսնակը լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ներկայացված հայցերը ԶԼՄ-ների դեմ թիրախավորված վարքի դրսևորում չի դիտարկում։ Մովսես Հարությունյանը media.am-ին ասաց, որ հայցեր են ներկայացված ոչ միայն լրագրողների, այլև լրատվամիջոցների ու հանրային գործիչների դեմ:
«Այսինքն՝ պնդել, որ թիրախավորված է որևէ մեկը, չի կարելի: Մենք գնում ենք իրավական ճանապարհով, քանի որ բազմաթիվ դեպքեր են գրանցված, երբ լրատվամիջոցին հերքման պահանջ ենք ներկայացնում, բանակցում ենք, որ հեռացնեն՝ սուտ, կեղծ, զրպարտություն պարունակող բովանդակությունը, բայց իրենց կողմից արձագանք չստանալով՝ ստիպված ենք գնալ դատական ճանապարհով»,- ասաց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակը:
Մովսես Հարությունյանը նաև ասաց, որ իրենց ներկայացրած հայցերի մեծ մասով, որտեղ կա վճիռ, գրանցվել է հաղթանակ, ինչը նշանակում է, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ է գտնվել:
Գնահատելով պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների ու լրագրողների դեմ դատական հայցեր ներկայացնելու պրակտիկան, մեդիայի գործերով մասնագիտացած փաստաբան Դավիթ Ասատյանն ասաց, որ դա դիտարկում է որպես մարտահրավեր՝ կարծիքի ձևավորման ու տարածման գործընթացում։
Media.am-ին փաստաբանն ասաց, որ լրագրողների իրավունքների պաշտպանությունն ավելին է, քան՝ քաղաքացիաիրավական վեճ։
«Լրագրողի, լրատվամիջոցի գույքի, հաշիվների վրա արգելանք դնելու միջնորդություններն ու դրանց կիրառումը համահունչ չեն կարծիքի ձևավորման ու տարածման սկզբունքին։ Նման միջնորդությունները պատժիչ նպատակ են հետապնդում։ Ենթադրենք, որ դրանք չկիրառվեն, լրագրողն ի՞նչ պետք է անի։ Կամ ներողություն հայցի, կամ հերքի, ինչը չի գոհացնում վիրավորվածին, զրպարտածին։ Ես հարյուրավոր գործեր եմ ուսումնասիրել, որտեղ հայցվորներին հետաքրքրում է ոչ թե դրամական միջոցի չափը, այլ՝ հայցի ապահովման, արգելանքների, սահմանափակումների միջոցով լրագրողին ճնշելը։ Ուզում են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ լրագրողն ավելի զգույշ, ավելի սահմանափակ աշխատի»,- բացատրեց Դավիթ Ասատրյանը։
Դավիթ Ասատրյանի խոսքով՝ արգելանքների միջնորդություններ լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ նախկինում էլ շատ են եղել, բայց քանի որ լրատվամիջոցների ֆինանսական դրությունը ներկայումս լավ չէ, անգամ մեկ միլիոնի արգելանքը մեծ վնաս է ԶԼՄ համար։