Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման և համացանցի հասանելիության աճի պայմաններում գնալով նվազում է ավանդական մեդիայի դերակատարումը։ Տեղեկացված լինելու համար մեր քաղաքացիներն ավելի շատ օգտվում են հեռուստանման (TV-like) մեդիածառայություն մատուցող ընկերությունների ստեղծած մեդիաբովանդակությունից։ Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։  

Հեռուստանման մեդիա ընկերությունները դուրս են Հանձնաժողովի վերահսկողության տիրույթից, չունեն այն նույն իրավական պարտավորությունները, ինչ վերգետնյա հեռարձակում ապահովող տեսալսողական ծառայություն մատուցող մյուս ընկերությունները։ ՀՌՀ նախագահի կարծիքով վերահսկողության բացակայությունը խնդրահարույց ու բավականին վտանգավոր իրավիճակ է առաջացնում։ 

«Համացանցում գործող և վերահսկողությունից դուրս մնացած այդ ընկերությունները կարող են տեղեկատվական անվտանգության, ապատեղեկատվական հոսքերի շրջանառման, թշնամական լեզվի, ատելության խոսքի գեներացման ու տարածման և մի շարք այլ խնդիրներ առաջացնել։ Ամբողջ աշխարհն արդեն սկսել է լուծել այս խնդիրը։ Մենք ևս լուրջ ուշադրություն պետք է դարձնենք»,- ասաց ՀՌՀ նախագահը։ 

Ներկայացնելով ՀՌՀ-ի 2024-ի տարեկան հաղորդումը՝ Հակոբյանն ասաց, որ Հանձնաժողովն առաջարկում է ընդլայնել կարգավորման շրջանակը և ներդաշնակեցնել հեռարձակողների և առցանց տեսալսողական մեդիայի ներկայացուցիչների համար նախատեսված կանոնակարգերը։  

Հանրային մուլտիպլեքսի կշիռն ու գրավչությունը բարձրացնելու համար ՀՌՀ-ն առաջարկում է ստեղծել աջակցման ու զորեղացման հիմնադրամ։ Հակոբյանը նշեց, որ հաշվի առնելով մասնավոր հեռուստաընկերությունների ներկայիս ֆինանսական վիճակը, ակնհայտ է, որ միայն պետության աջակցությամբ նրանք կարող են ստեղծել բարձրորակ և հանրային հետաքրքրություններին ծառայող, իրավական գիտելիքները բարձրացնող կրթական, մանկական ու մշակութային բովանդակություն: 

Կարգավորող մարմնում կարծում են, որ այս մոդելի կիրառումը կբարձրացնի լրատվամիջոցների իրական անկախության մակարդակը։  

Անդրադառնալով գովազդային շուկայում առկա խնդիրներին՝ Հակոբյանն ասաց, որ հաճախ օրենսդրական փոփոխություններն են պատճառ դառնում դրանց առաջացման համար։  

«Հիշեցնեմ, մենք կտրականապես դեմ էինք որպեսզի Հանրային հեռուստաընկերությանը տրվեր գովազդային ժամանակ։ Դա ընդհանուր գովազդային շուկայից տարեկան հանեց մոտ երկու միլիոն դոլար, որը պետք է աշխատեր մասնավոր ընկերությունների համար։ Շահումով խաղերի արգելքը ևս էապես բացասականորեն ազդեց դաշտի վրա»,-ասաց ՀՌՀ նախագահը։  

Որպես իրավիճակի լուծման եղանակ Հանձնաժողովն իր տարեկան հաղորդման մեջ առաջարկում է դիտարկել նաև մուլտիպլեքսի սլոթերի քանակի կրճատման հնարավորությունը։ 

Հաշվի առնելով, որ 2026-ին սպասվում են համապետական ընտրություններ՝ ՀՌՀ նախագահը իր դժգոհությունը հայտնեց այն փաստի վերաբերյալ, որ օրենքով հեռուստաընկերությունները պարտավոր են քարոզարշավի ընթացքում 25 րոպե անվճար հեռուստաժամանակ տրամադրել կուսակցություններին։  

«Ստացվում է անկախ հեռուստաընկերությունը, որի վրա կոշտ սահմանափակումներ ենք դրել, որի վրա հսկայական միջոցներ են ծախսվել, պետք է յուրաքանչյուր կուսակցությանը 25 րոպե նվեր անի։ Մենք ունենք 22 լիցենզավորված հեռուստաընկերություն, չհաշված հանրային հեռարձակողին։ Այդ հեռուստաընկերությունները ստացվում է միասին 550 րոպե կամ 91 ժամ տրամադրում են կուսակցություններին անվճար։ Այս դեպքում կարելի է ընդլայնել փորձը և ցանկացած բենզալցակայանի պարտադրել, որ ընտրություններից առաջ մի-մի տոննա բենզին տա ամեն մի կուսակցությանը․ դա նույն ոճից է»,- ասաց Տիգրան Հակոբյանը։ 

Հաջորդ խնդիրը, որն ընդգրկված է կարգավորող մարմնի ամփոփիչ հաղորդման մեջ, վերաբերում է օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությանը։ Հակոբյանն ասում է, որ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում։ Բացառություն կարող են լինել միայն հանրօգուտ բնույթ կրող՝ մանկական, մշակութային, կրթական, սպորտային օտարերկրյա հեռուստածրագրերը։ 

«Հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների և հաղորդումների հեռարձակումը սպառնալիք է Հայաստանի համար։ Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռարձակողներ չլինեն։ Աշխարհում տիրող անկայուն իրավիճակում, մենք կարող ենք դառնալ հարթակ, որտեղ տեղեկատվական պատերազմ կսկսվի մեզ բարեկամ երկրների միջև, օրինակ՝ Արևմուտքի և Իրանի միջև»,- նշեց Հակոբյանը։ 

Հանձնաժողովը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է ներկայացրել «Տեսալսողական մեդիայի կարգավորումը թվային դարաշրջանում» առաջարկների փաթեթը։ Այդ առաջարկների հիման վրա կարող է մշակվել ծրագիր, որը թույլ կտա իրականացնել չափազանց կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ձևավորել միասնական տեղեկատվական համակարգ, բավարարել հանրության՝ որակյալ և հավաստի տեղեկատվություն ստանալու պահանջը, նվազեցնել ապատեղեկատվությունը, «ֆեյքային նորությունները», պաշտպանել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ինքնիշխանությունը։