Դատարանը մասնակի սահմանափակել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, այժմ ընդդիմադիր գործիչ, Յություբում «Ղազարյան VS Ղազարյան» հաղորդման հեղինակ Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը։ Նրան արգելվել է իր հրապարակային ելույթներում արատավորող տեղեկություններ տարածել դատավորների, դատախազների, քննիչների, փաստաբանների, հարկադիր կատարողների և նրանց ընտանիքի անդամների մասին։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է վարչական հսկողությունը։
Օրեր առաջ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի (ՔՕ) 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ (Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) դատավորների վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու համար:
Ըստ ՔՕ 490-րդ հոդվածի՝ մեղադրյալը կարող է պատժվել երկուսից հինգ տարվա ազատազրկմամբ:
Էդգար Ղազարյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասում է, որ մեղադրանքի հիմքում դրված են 2024 թվականի օգոստոսից հոկտեմբեր ամիսների ընթացքում Ղազարյանի հնչեցրած հրապարակային խոսքերից որոշակի դրվագներ, որոշակի արտահայտություններ, որոնք բոլորն էլ վերաբերում են Սահմանադրական դատարանի՝ հայ- ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու որոշմանը։
«Մեղադրանքում ներառված դրվագներից մեկում Ղազարյանն ասել էր, որ այն դատավորները, որոնք կայացրել են սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու որոշումը կամ տգետ են կամ դավաճան, կամ երկուսը միասին։ Մեկ այլ դեպքում, նույն որոշմանն անդրադառնալով, ՍԴ դատավորներին անվանել էր վարձկան ահաբեկիչներ։ Մյուս դրվագում Ղազարյանն իր կարծիքն էր հայտնել և ասել, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի պաշտոնավարումը՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ անօրինական է եղել»,- ասում է Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանն ասում է, որ մեղադրանքում ներառված արտահայտությունները կտրված են կոնտեքստից։ Նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ երևույթի կամ որևէ անձի վերաբերյալ որակում, գնահատական կամ կարծիք արտահայտելն այլ բան է, տեղեկություն ու փաստ տարածելն՝ այլ բան։
«ՔՕ 489 հոդվածն օրինակ սահմանում է, որ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝ պատժվում է տուգանքով կամ հանրային աշխատանքներով։ 490-րդ հոդվածը, որը մեղսագրվում է Էդգար Ղազարյանին՝ տեղեկություններ տարածելուն է վերաբերում և ավելի խիստ պատիժ է ենթադրում: Հավանաբար հենց սա է ընտրվել նրան կալանքի վտանգի տակ պահելու համար։ Մեղադրանքը հիմնազուրկ է։ Սա ազատ խոսքը, քննադատական խոսքը լռեցնելու նոր տեսակի փորձ է»,- ասում է փաստաբանը։
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանի կարծիքով էլ այս քրեական գործը կարող է լրջորեն հարվածել Հայաստանի հեղինակությանը։ Նա ասում է, որ աշխարհի տարբեր երկրների քրեական օրենսգրքերում առկա են նույնաբովանդակ հոդվածներ, որոնք միջազգային իրավունքի ոլորտում վաղուց գնահատվել են որպես ազատ խոսքը ճնշող հոդվածներ։ Այն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին՝ արտահայտվելու ազատությանը։
«Այստեղ չպետք է առաջնորդվել միայն քրեական իրավունքի չափորոշիչներով, այստեղ պետք է առաջնորդվել ազատ խոսքի չափորոշիչներով։ Այո, Էդգար Ղազարյանը շատ հաճախ իր ելույթներում սուր, նույնիսկ սադրող բնույթի վիրավորական արտահայտություններ է հնչեցնում, շատ հաճախ իրեն թույլ է տալիս վիրավորել կոնկրետ անձանց, նույնիսկ խտրականություն դրսևորել նրանց սեռի հատկանիշով, բայց դա չի արդարացնում այս քրեական գործի հարուցումը։ Սա քաղաքական դիսկուրս է»,- ասում է Արա Ղազարյանը։
Իրավապաշտպանն առաջարկում է հնչեցված խոսքին նախքան որևէ գնահատական տալը, մշտապես ուշադրություն դարձնել թե ո՞վ, ի՞նչ համատեքստում և ի՞նչ պայմաններում է արել տվյալ հայտարարությունը։ Նրա կարծիքով Ղազարյանի հնչեցրած սուր քննադատությունները պետք է դիտարկել պատերազմում պարտության հետևանքով առաջացած լարված սոցիալ-քաղաքական իրավիճակի համատեքստում։
«Այդ քննադատության մեջ կա շատ կարևոր սոցիալական բաղադրիչ, այդ խոսքը հանրային վերահսկողություն է Դատարանի նկատմամբ, դա քննադատություն է Դատարանի այնպիսի որոշումների դեմ, որոնք հասարակության որոշ խմբեր կարող են չընդունել։ Հարց է առաջանում․ ի՞նչ է, հանրությունը իրավունք չունի՞ դատական իշխանության վերաբերյալ կարծիք արտահայտել կամ քննադատել դատական իշխանությանը»,- ասում է միջազգային իրավունքի մասնագետը։
Արա Ղազարյանը նաև զգուշացնում է, որ այս նախադեպը կարող է համընդհանուր սառեցնող ազդեցություն թողնել Հայաստանում քաղաքական դիսկուրսի վրա։
Երևանի մամուլի ակումբի մեդիափորձագետ Հակոբ Կարապետյան էլ հարուցված քրեական գործում նկատում է երկակի ստանդարտների կիրառման խնդիր։
Նա ասում է, որ Էդգար Ղազարյանը պարբերաբար ոչ միայն վիրավորական խոսք է կիրառում այլ նաև ատելության խոսք է տարածում, ինչը ոչ միայն օրենքով է արգելված, այլ նաև շատ բացասաբար է ազդում մեր բևեռացված հասարակության վրա։ Նույն գործելաոճը նա նկատում է ինչպես իշխանության ներկայացուցիչների այնպես էլ նրանց համակիրների կողմից։ Այդ դեպքերը, սակայն քրեական գործերի հարուցման պատճառ այդպես էլ չեն դառնում։
«Խտրական, վիրավորական, թիրախավորող խոսքի ամենաթարմ օրինակը Ալեն Սիմոնյանի վերջերս հնչեցրացրած մտքերն էին ուղղված արցախցիներին։ Սակայն նրա այս վարքագիծը ոչ միայն չդատապարտվեց, այլ հակառակը տեղի ունեցավ։ Սիմոնյանի բոլոր թիմակիցները սկսեցին պաշտպանել նրան՝ ձևափոխելով նրա խոսքերը։ Այս և նմանատիպ դեպքերն են, որ թույլ են տալիս Էդգար Ղազարյանի դեմ հարուցված այս քրեական գործը որակել, որպես խտրական վերաբերմունք, ընդդիմադիր խոսք տարածողների կամ իշխանությանը քննադատողների հանդեպ։ Սա իսկապես մտահոգիչ է»,- ասում է Հակոբ Կարապետյանը։
Կարապետյանը կարծում է, որ այս նախադեպը կարող է նպաստել քաղաքացիների շրջանում ինքնագրաքննության զարգացմանը։ Մարդիկ կարող են որոշ դեպքերում վախենալ արտահայտել իրենց քննադատական կարծիքը կամ դժգոհությունները։ Կարող է նաև հակառակ ազդեցությունն ունենալ։ Կարող է խորացնել անարդարության զգացումը և առաջացնել լուրջ հակազդեցություն՝ քաղաքացիների որոշակի խմբի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ունենալու համար։