Հայաստանում լրատվամիջոցների ու լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերի թիվն աճել է։ 2024-ին՝ նախորդ տարվա համեմատ դրանք ավելացել են 7-ով։ 2023-ին նմանատիպ դատական հայցերը 36-ն էին, 2024-ին՝ 43-ը։ Բոլորը վիրավորանքի և զրպարտության հիմքով։
Վերջին տարիներին նկատվում է այս ցուցանիշի կայուն աճի միտում։
Եթե ուսումնասիրենք նախորդ 4 տարիների պատկերը, ապա կարող ենք ասել, որ ամենաշատ հայցերն ընդդեմ լրագրողների եղել են 2021-ին, հետո նվազել են, իսկ վերջին երեք տարիներին սկսել են նորից աճել։
Լրագրողների դեմ դատական հայցեր մեծամասամբ ներկայացնում են պետական կառույցների պաշտոնյաները կամ իշխող ուժի ներկայացուցիչները։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալով 2024 թվականին ներկայացված 43 հայցերից միայն 17-ը եղել են պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից։ Վիրավորանքի և զրպարտության հիմքով ներկայացված այս հայցերը ուղեկցվում են մեծ գումարային փոխհատուցման պահանջներով։
Դեռևս հասանելի չեն 2025 թվականի առաջին ամիսների տվյալները և դժվար է ենթադրել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշներն աճե՞լ են, թե՞ նվազել, բայց մի շարք պաշտոնյաներ արդեն հասցրել են դատական հայցեր ներկայացնել լրագրողների ու լրատվամիջոցների դեմ։
Օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն անցած տարի 3 դատական հայց էր ներկայացրել լրատվամիջոցների դեմ, այս տարի արդեն 2 նոր հայցով դիմել է դատարան։
Շաբաթներ առաջ ԱԺ նախագահն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթի և «Մեդիահաբ» լրատվականի դեմ: Սիմոնյանը նշել էր, որ «Ժողովուրդ»-ը, անդրադառնալով բալթյան-սկանդինավյան երկրների խոհրդարանների բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպմանը, հոդվածում գրել էր, իբր ինքը հանդիպման ժամանակ ասել է, թե․ «պետք է ՌԴ-ն ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և ձեր երկրների համար լավ լինի: Ռուսաստանի կործանումը մեզ համար շատ լավ հեռանկարներ կբացի»:
Աժ նախագահը մեկ աշխատանքային օր էր տվել լրատվամիջոցին՝ հերքում հրապարակելու և նյութը հեռացնելու համար՝ խոստանալով, որ այդ դեպքում չի դիմի դատարան։ Սակայն լրատվամիջոցը հրաժարվել էր կատարել Սիմոնյանի պահանջը։
«Մեդիահաբ» լրատվականի դեմ հայց ներկայացնելու համար էլ հիմք էր հանդիսացել «Ռուսների պատճառով Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին․ զայրացել է նաև Գուրգեն Արսենյանը» հրապարակումը։
Հոդվածում նշվում էր, որ ՔՊ-ի վարչության նիստի ժամանակ վարչապետը նախատել է Սիմոնյանին հայ-ռուսական հարաբերությունները էլ ավելի վատթարացնելու համար։
ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը Media.am-ի հետ զրույցում ասաց, որ 2 հայցերն էլ արդեն ուղարկվել են դատարան։ Որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում Ալեն Սիմոնյանը պահանջել է լրատվամիջոցներից յուրաքանչյուրից բռնագանձել 1 միլիոն դրամ, պահանջում հավելյալ գումար էլ սահմանված է դատական ծախսերի համար։
Այս տարի լրատվամիջոցների դեմ արդեն 2 հայց է ներկայացրել նաև ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը։
Դատական հայցերից մեկն ուղղված է «Հայելի» մամուլի ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի դեմ։ Պատգամավորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն ներողություն խնդրել դատարանի կողմից սահմանված՝ համարժեք ձևով և կարգով և Անժելա Թովմասյանից բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, 500 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
ՔՊ-ական պատգամավորը դատի է տվել նաև «Ժողովուրդ» օրաթերթին։ Պատգամավորն իր դատական հայցում նշել է, որ լրատվամիջոցի՝ «Մեղադրվում է փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար» հոդվածում տեղ գտած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում և լրատվամիջոցը զրպարտում է իրեն։ Հերքումից բացի, պատգամավորը պահանջում է լրատվամիջոցից բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, 500 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Այս տարի «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել նաև Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Նա ևս լրատվամիջոցից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել, ինչպես նաև փոխհատուցում վճարել։
«Ժողովուրդ» օրաթերթում դեռևս դատարանից ծանուցում չեն ստացել ԱԺ նախագահի և փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ներկայացրած հայցերի վերաբերյալ։ Միայն պաշտոնապես ծանուցվել են, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է իրենց դեմ հայց ներկայացրել։
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն ասում է, որ Հայկ Սարգսյանը նյութի կոնտեքստից կտրել է մի քանի նախադասություններ ու դրանք, որպես զրպարտություն ներկայացրել դատարան։
«Մենք տեղեկություններ էինք ստացել, որ Հայկ Սարգսյանը, չնայած, որ խոսում է անտառների ոչնչացման թեմայից, իրականում փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել: Ես անձամբ փորձել եմ իր հետ կապ հաստատել՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, որպեսզի հասկանամ ճշմարտությունը, սակայն իրեն չեմ կարողացել գտնել։ Անձամբ կապ եմ հաստատել նրա հայրիկի հետ։ Մենք տառացիորեն հրապարակել ենք հայրիկի մեկնաբանությունը, բայց անկախ այս ամենից նա դատական հայց է ներկայացրել»,- ասում է Քնար Մանուկյանը։
Խմբագիրը լրատվամիջոցների դեմ ներկայացվող դատական հայցերը լրագրողների ազատ խոսքը լռեցնելու, մասնագիտական գործունեությանն էլ խոչընդոտելու միջոց է համարում։
«Վերջին շրջանում մի այսպիսի միտում ենք նկատում, որ երբ լրատվամիջոցները որևէ ոչ ցանկալի բացահայտում են անում, իշխանական պաշտոնյաները իրենց թիմակիցների հարցերից ու մեղադրանքներից պաշտպանվելու համար միանգամից հերքում են, հայտարարում են, որ լրատվամիջոցը զրպարտում է։ Սեփական ճշմարտացիությունն ապացուցելու համար հրպարակայնորեն վարկաբեկում են այս կամ այն լրատվամիջոցին ու դատական հայց ներկայացնում»,- ասում է Քնար Մանուկյանը։
Քնարն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ պաշտոնյաները որպես փոխհատուցում մեծ գումարներ են պահանջում խմբագրություններից՝ այդպիսով փորձելով ոչ միայն վնասել լրատվամիջոցի հեղինակությանը, այլև ֆինանսական խնդիրներ ստեղծել նրանց համար։