Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) Հայաստանի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ առաջին կանխատեսում-զեկույցում հատուկ ուշադրություն է հրավիրել խոսույթ ձևավորող, մանիպուլացնող գնահատականներ տարածող «փորձագետների» և «բլոգերների» կուլտիվացմանը։ 

«Տեղեկատվական լցոնումները տեղի են ունենում ազդեցության գործակալների ակտիվացմանը զուգահեռ, որոնք ի թիվս տարբեր մարդկային ու տեղեկատվական ռեսուրսների, հոգևոր ու մշակութային ինստիտուցիոնալ կառույցների շահագործմամբ փորձում են հանրության որոշ շերտերին գիտակցաբար կամ անգիտակցաբար ծառայեցնել արտաքին դերակատարների շահերին»,- գրված է զեկույցում: 

Անանուն լրատվամիջոցների ու տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող քարոզչական, կեղծ լուրերի թեման առկա է նաև Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման 2024թ․ի հետազոտության մեջ։  

«Սոցիալական ցանցերը լի են անկախ բլոգերների և սովորական օգտատերերի կողմից ստեղծված չստուգված բովանդակությամբ»,- ասվում է հետազոտության մեջ։ Փորձագետները, որոնք զրուցել են media.am-ի հետ, ասել են, որ ապատեղեկատվության այդ ալիքները հատկապես ակտիվանում են նախընտրական կամ ճգնաժամային շրջաններում։  

Տիգրան Գրիգորյանի, Նարեկ Սուքիասյանի և Աննա Դավթյան-Գևորգյանի հետ տեղեկատվական և անվտանգային թեմաների մասին զրույցի մանրամասները ներկայացնում ենք ստորև․  

Տիգրան Գրիգորյան, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ

ԱՀԾ-ը նոր կառույց է, չունի խորը տվյալներ ու վերլուծություններ անվտանգային ռիսկերի, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, ուստի արտացոլել է իշխանությանը՝ վերլուծական նյութեր ապահովող կառույցների տեսակետը։  

Փաստաթուղթն այս տեսանկյունից վերլուծելու դեպքում պարզ է դառնում, թե ինչու է այսքան մեծ տեղ հատկացված «կեղծ» խոսույթ ձևավորող «փորձագետների» և «բլոգերների» ակտիվացմանը։  

Նման երևույթներ, իսկապես, գոյություն ունեն, շատերը միգուցե օտարերկրյա հատուկ ծառայությունների ազդեցության տակ են գտնվում, բայց զեկույցում սա ներառելը կարող է ստեղծել մի մթնոլորտ, երբ մեյնստրիմից դուրս կարծիք հայտնող մարդիկ կարող են դասվել հիբրիդային պատերազմներ, ներքին ապակայունացում հրահրող մարդիկ, դառնալ թիրախ։ Այս շղթայում, իհարկե, կարևոր է թե ում են խոսք տալիս լրատվամիջոցները, արդյոք նման տեսակետները տարածվո՞ւմ են ավանդական մեդիայի միջոցով։ 

Խոսնակների ընտրության հարցում խմբագրությունները կարող են առաջնորդվել հետևյալ սկզբունքներով՝  

-Զբաղվո՞ւմ է անձը դավադրապաշտությամբ, թե ոչ, 

-Գործ ունենք փաստահենք վերլուծությա՞ն հետ, թե կարծիքի, մանիպուլյացիաների,  

-Անձի՝ տարբեր ժամանակահատվածներում արված կանխատեսումները իրատեսակա՞ն են, թե ոչ, 

-Տարածո՞ւմ է անձը ատելության խոսք, հարգո՞ւմ է խոցելի խմբերին, հրահրո՞ւմ է խռովություններ, խժդժություններ, թե ոչ։ 

Տիգրան Գրիգորյան

Նարեկ Սուքիասյան, քաղաքական գիտությունների թեկնածու  

Տեղեկատվական հարձակումներն ու սպառնալիքները, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, դարձել են նեղ անձնական նպատակներին հասնելու տարածված գործիքներ։ Եվ քանի որ թափանցիկ չեն, առաջացնում են խնդիրներ։  

Նման մարդիկ օգտագործում են անանուն հաշիվներ սոցիալական ցանցերում, անհասցե կայքեր, և բնականաբար, նրանց գտնելը դժվարանում է։ Մնում է նաև անպատասխան հարցը, թե ով կամ ովքեր են ֆինանսավորում նման մարդկանց։ Եվ սա առաջացնում է ռիսկեր կարծիք ձևավորող ազնիվ մարդկանց համար։ Նրանք, ովքեր անկողմնակալ վերլուծություններ են անում, բայց օրինակ ոչ իշխանահաճո, նույնիսկ կարող են ընկալվել որպես արտաքին գործակալների ցանցի մաս։ Սա ստեղծում է մեծ խնդիր խոսքի ազատության և քաղաքական քննարկումների համար։  

Տևական ժամանակ է, ինչ ընդդիմադիրներին կամ ոչ իշխանականներին, օրինակ, պիտակավորում են որպես «հինգերորդ շարասյուն», ինչը վնասում է քաղաքական առողջ բանավեճի մշակույթին։ Հասկանալի չէ նաև, թե ովքեր կարող են դասվել «օտարերկրյա գործակալների ազդեցության տակ գտնվող կարծիք տարածողներ», քանի որ չկա այս եզրույթի սահմանումը, չկա այն ապացուցելու իրավական հիմք, այն ավելի շատ կիրառվում է որպես բացասական պիտակ, քաղաքական հակառակորդին նսեմացնելու արտահայտություն։ 

Հարց է առաջանում, եթե կան «օտարերկրյա գործակալների ազդեցության տակ գտնվող կարծիք տարածողներ», եթե կոնկրետ գիտեք այդ մարդկանց, ապա ինչո՞ւ իրավական քայլի չեք դիմում։ 

Եթե պետությունը հայտնում է «օտարերկրյա գործակալների ազդեցության տակ գտնվող կարծիք տարածողներ»-ի առկայության մասին, ապա նրանց հարցով պետք է զբաղվի հենց պետությունը՝ սկսելով իրավական գործընթաց։  

Լրատվամիջոցները կարող են իրենց համար ձևավորել որոշակի սկզբունքներ, որոնցով կառաջնորդվեն հարթակ տրամադրելու հարցում։ Եթե անձը մեկ-երկու երկարաշունչ ստատուս է գրել ֆեյսբուքում, դա չի դարձնում նրան տվյալ հարցի փորձագետ։ Եթե նման մարդկանց խոսքը չարտատպվի լրատվամիջոցներում, դա արդեն իսկ մեծ զտում կլինի։ 

Նարեկ Սուքիասյան

Աննա Դավթյան-Գևորգյան, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան  

Կարծում եմ՝ պետք չէ թերագնահատել ցանկացածի հանրային խոսքը՝ նշելով, որ այն կարող է անգամ կառավարության որոշումների վրա ազդել։  

Եթե կհիշեք, մի անգամ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ասաց, որ «եթե լսեինք վերլուծաբաններից, պետք է ՀԱՊԿ-ից դուրս գայինք, ԵԱՏՄ-ից դուրս գայինք»: Սա նշանակում է, որ նույնիսկ պետական գործիչները կարող են մոլորեցվել։ Դաշտը կարգավորելու համար նախ պետք է սկսել խոսնակներին ներկայացնելուց։  

Մարդը, ում ներակայացնում ենք մի ոլորտի փորձագետ, ինքն արդյոք այդ փորձագե՞տն է, ունի՞ համապատասխան կրթություն, թե՞ ինքն է իրեն այդպես անվանում։ Ամեն ինչ սկսում է այդտեղից։ Հյուսիսային Կորեան կոչվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն։ Բայց դա չի՞ նշանակում չէ՞, որ Կորեան դեմոկրատական երկիր է։ Լղոզված է քաղաքականությամբ զբաղվողների, քաղաքականության ջագատովների և քաղաքականություն վերլուծողների միջև սահմանները։ Որևէ արգահատելի բան չկա, եթե մարդը ներկայանա որպես քաղաքական գործիչ և այդ դիրքից վերլուծի իրադարձությունները, որպեսզի մարդիկ հասկանան, որ բանախոսը կոնկրետ քաղաքական շահեր է սպասարկում։ Բայց ունենք պատկեր, երբ մարդիկ զբաղվում են քաղաքականությամբ ու ներկայանում որպես քաղաքականություն վերլուծող։  

Լրատվամիջոցներն են, որ փորձագետներին լեգիտիմացնում են, ուստի պետք է ուշադիր լինեն, թե ում են տրամադրում եթերը։  

Հատկապես Հանրային հեռուստատեսությունը պետք է շատ զգույշ մոտենա բանախոսների ընտրության հարցում։ Առնվազն կասկածելի է, որ պետք է եթերում լինեն մարդիկ, ովքեր չունեն ասելիք, չունեն հիմնավորում, բայց գնում են եթեր՝ բարձր ձայնով ապացուցելու, որ իրենց տեսակետը ճիշտ է։  

Աննա Դավթյան-Գևորգյան