2024.12.27,

Նյուսրում

Ինչ նվիրել լրագրողին Ամանորին

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Եթե գոնե մեկ անգամ բացել եք media.am կայքը, ուրեմն արդեն գիտեք, որ լրագրությունը սոսկ մասնագիտություն չէ։ Այն կենսակերպ է՝ լցված փաստերի փնտրտուքով, հարցազրույցներով, պատմությունների որոնումներով։  

Իսկ եթե ձեր շրջապատում կան լրագրողներ, ապա ընտրել այնպիսի ամանորյա նվեր, որը կգոհացնի նրան, ավելին՝ կդառնա նրա լեցուն առօրյայի մի մասը, մեղմ ասած, հեշտ գործ չէ։  

Այս հոդվածում ես հավաքել եմ գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ նվեր ընտրել լրագրողի համար՝ լինի դա գործընկեր, ընկեր, թե սիրելի մարդ։  

-Բոլոր նրանց համար, ովքեր սովոր են աշխատել մկնիկով, առաջարկում եմ մատի օպտիկական մկնիկ։ Ի տարբերություն դասական մկնիկի, որը կառավարվում է հատուկ գորգի վրա միայն, մատի մկնիկը կարելի է կառավարել ցանկացած հարթության վրա։ Ավելի ավելի ճկուն է և արագացնում է համակարգչով աշխատելու ժամանակը։  

-Կարող եք նվիրել արհեստական բանականության որևէ գործիքի բաժանորդագրություն։ ԱԲ-ը առաջարկում է բազում հնարավորություններ լրագրողի կյանքը հեշտացնելու համար՝ սկսած փաստերի հավաքագրումից, վերջացրած տվյալների դասակարգմամբ և պահմամբ։ Թե ինչ գործիքներ կան, կարող եք կարդալ հոդվածում։ 

– Թեյի կամ սուճի տեսականի՝ թերմոսի կամ բաժակի հետ անտարբեր չի թողնի ոչ մի լրագրողի։ 

-Լրագրողի համար երբեք ավելորդ չի լինի ականջակալը, USB լարը, անլար լիցքավորիչը, համակարգչի պայուսակը կամ ուսապարկը։ Հատկապես այն լրագրողները, ովքեր աշխատում են դեպքի վայրերից, միշտ ունեն սրանց կարիքը։  

-Եթե լրագրողը հուշանվերների սիրահար է, կարելի է նվիրել Օսկար արձանիկ, վինտաժային ռադիո կամ տպագրական մեքենա, արխիվային թերթեր։ Սրանք միանշանակ կդառնան լրագրողի աշխատասեղանի անբաժան իրերից ու կհիշեցնեն լրագրության արմատների մասին։ 

-Հատկապես օնլայն մեդիայում աշխատող իմ գործընկերների համար կառաջարկեմ գնել խաղեր, որոնք կստիպեն լրագրողին մի պահ կտրվել համակարգչից, ուղղել մեջքն ու թարմացնել ուղեղը։ Կարող եք նվիրել փոքր բասկետբոլ, տեգախաղ, սեղանի թենիս կամ բոքսի տանձիկ։  

-Քանի որ սթրեսը մեր աշխատանքի անբաժանելի մասն է, անտիսթրեսային նվերներն անփոխարինելի են։ Ձեր սիրելի լրագրողին կարող եք նվիրել մերսման նվեր-քարտ, աչքերի քնակապ, որը կապահովի խորը քուն, արտ-թերապիայի, կավագործության դասընթաց կամ մեկօրյա ճանապարհորդություն։  

Սթրեսային իրավիճակները հաղթահարելու համար կարող եք նվիրել նաև հումորային հակասթրեսային խաղալիքներ, սփիներներ։ Դրանք լինում են տարբեր նյութերից և ունեն տարբեր տեսք՝ մարդկանց կերպարներ, մուլտհերոսներ, առարկաներ։ Ձեռքով այդ կերպարները սեղմելու սովորույթը կարող է զվարճալի և օգտակար լինել։ 

Ամեն դեպքում, ինչ էլ նվիրեք, փորձեք որևէ պատմություն կամ նշանակություն դնել ձեր նվերի մեջ․ չէ՞որ պատմություն ստեղծող մարդկանց համար ամենաթանկը ոգեշնչող գաղափարներն են, որոնք նոր հոդվածների առիթ կդառնան։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *