2024.12.19,

Նյուսրում

Երբ ինֆորմացիոն աղմուկն ազդում է իրական կյանքի վրա 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Թվային դարաշրջանն ու տեխնոլոգիաների զարգացումը մի քանի անգամ բազմապատկել են մեդիայի ազդեցությունը։ Ապատեղեկատվություն, կեղծ լուրեր, դավադրության տեսություններ տերմիններն այսօր բավականին հաճախ են կիրառվում, սակայն մարդկությունը այս թեմաների հետ հաղորդակցվել է իր պատմության ամբողջ ընթացքում։   

Քննարկենք մի քանի համեմատաբար թարմ օրինակ։ 

«Աշխարհների պատերազմը» ռադիոբեմադրություն 

Մեդիայի ազդեցության մասին պատմող դասական օրինակներից մեկը Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմը» ռադիոբեմադրությունն է։   

1938 թվականին ամերիկյան CBS հեռուստառադիոցանցով հեռարձակված ռադիոբեմադրութունից հետո, վեց միլիոն ունկնդիրներից մեկ միլիոնը կամ փորձել է ապաստանել նկուղներում կամ զինվել է՝ Մարսից եկող հյուրերին դիմավորելու համար։   

86 տարի առաջ Հելոուինի կապակցությամբ Նյու Յորքի Մերկուրի թատրոնի ռադիոբեմադրությունը ունկնդիրներին շփոթության մեջ էր գցել։ Շատերը հավանաբար չէին լսել զգուշացումը, որ իրադարձությունները մտացածին են։  

Մերկուրի թատրոնի արտիստներն իրենց մեկ ժամանոց ռադիոհաղորդման մեջ անդրադարձել էին անգլիացի գրող Հերբերտ Ջորջ Ուելսի «Աշխարհների պատերազմը» վեպին՝ ներկայացնելով, որ գործողությունները տեղի են ունենում Նյու Ջերսիում։  

Սկզբում արտիստներից մեկն ազդարարել էր ռադիոներկայացման սկիզբը, որին հաջորդել էր եղանակի տեսությունը, այնուհետև երաժշտական կատարումներ էին հնչել։ Կարճ ժամանակ անց երաժշտությունն ընդհատվել էր լրատվական թողարկմամբ, ասվել էր, որ Մարսի վրա տարօրինակ բռնկումներ են նկատվել, որ ինչ որ գլանաձև սարք է վայրէջք կատարել, որից շուտով դուրս է գալու հսկայական ռազմական մեքենա։  

«Աշխարհների պատերազմը» ռադիոբեմադրություն։ Լուսանկարը՝ smithsonianmag.com կայքի։

Լրատվական թողարկումների հրատապ միացումները կրկնվել էին մի քանի անգամ։ Մերկուրի թատրոնի արտիստները նույնիսկ ստեղծել էին տպավորություն, որ դեպքի վայրում աշխատում է CBS-ի թղթակիցը, որը ուղիղ միացման միջոցով օպերատիվ տեղեկատվություն է տրամադրում։  

Մինչև հաղորդավարը ռադիոբեմադրության 40-րդ րոպեին կկրկներ, որ իրադարձությունները իրական չեն, ռադիոլսողների մի ստվար խումբն արդեն դադարել էր ռադիո լսել և անցել էր գործի։ 

Նրանցից շատերն ամբողջ ընտանիքով զինվել էին կամ հավաքել էին իրերեը՝ դեպքի վայրից հեռանալու համար։ Մի մասը պահանջել էր, որ երկրի զինված ուժերը պայքարեն այլմոլորակայինների դեմ կամ զենք բաժանեն բոլոր նրանց, ովքեր պատրաստ են այն կիրառելու։ Որոշ տեղերում էլ զինված ջոկատներով մարդիկ ներկայացել էին ոստիկանության բաժանմունքներ՝ առաջարկելով իրենց օգնությունը։ 

Ռադիոբեմադրության արդյունքում հեռախոսագծերի ծանրաբեռնվածությունը հինգ անգամ աճել էր։ Նյու Յորքի ոստիկանությունը երկու հազարից ավելի զանգ էր ստացել։ Գրեթե հարյուր կիլոմետրանոց խցանումներ էին առաջացել։  

 Պիցագեյթ  

2016 թվականին՝ ԱՄՆ-ում, 28-ամյա տղամարդը կրակոցներ էր արձակել Comet Ping Pong պիցցերիայի ուղությամբ։ Պատճառը, համացանցում տարածվող դավադրության տեսությունն էր։  

Ըստ սոցիալական ցանցերում տարածվող լուրերի՝ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կապ ուներ անչափահասների սեռական շահագործման հետ և ենթադրյալ հանցագործությունը տեղի էր ունենում հենց Comet Ping Pong պիցցերիայի նկուղում։  

Դավադրության տեսության համար հիմք էին հանդիսացել Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի անձնական էլեկտրոնային փոստի հաշիվը կոտրելուց հետո WikiLeaks-ի հրապարակած նամակները։ 

Պիցագեյթի դավադրության տեսության կողմնակիցները պնդում էին, որ նամակները պարունակում են կոդավորված ուղերձներ, որոնք ապացուցում էին այդ ամենը։  

Էդգար Մեդիսոն Ուելչը զինված հարձակումից հետո։ Լուսանկարը՝ CNN-ի։

Թեպետ, ենթադրություններից բացի որևէ փաստ չկար, բայց Հյուսիսային Կարոլինա նահանգի 28-ամյա բնակիչ Էդգար Մեդիսոն Ուելչը, որը երկու մանկահասակ աղջիկների հայր էր, ազդվելով դրանից, զինված մտել էր պիցցերիա ու փորձել՝ իր պատկերացմամբ փրկել շահագործվող երեխաներին։  

Իրականում այդ պիցցերիան անգամ նկուղ չուներ ու տարածվող լուրերը իրականության հետ կապ չունեին։ 

 Թվիթերի կապույտ նշանը  

Մեդիայի ազդեցությամբ՝ քաղաքացիների վարքագծային փոփոխության տիպիկ օրինակ է նաև ինսուլինի արտադրությամբ զբաղվող ամերիկյան Eli Lilly and Company դեղագործական ընկերության պատմությունը։ X-ում՝ նախկին Թվիթերում, 2022-ին հասանելի դարձավ Twitter Blue ծառայությունը։   

Ամսական ութ դոլարի դիմաց, առանց հաշվի առնելու անձի կամ ընկերության հայտնիությունը, Թվիթերը օգտատիրոջ անձնական հաշվի կողքին ավելացնում էր կապույտ կոճակը, ինչը նշանակում էր, որ էջը նույնականացված է։  

Արդյունքում ի հայտ եկան կապույտ կոճակով բազմաթիվ կեղծ էջեր։ Ամերիկյան խոշոր դեղագործական Eli Lilly and Company ընկերության անունը կրող կեղծ էջում թվիթերյան գրառում էր արվել, որտեղ ասվում էր, որ այդուհետ ինսուլինն անվճար է լինելու բոլորի համար։ 

Դեղագործական ընկերության անունով բացված կեղծ էջի թվիթը։ Էկրանապատկերը՝ abc.net.au-ի

Մինչ դեղագործական ընկերությունը պաշտոնապես կհերքեր կեղծ լուրը, գրառումը լայն տարածում էր գտել։ Այդ ընթացքում 4․3%-ով նվազել էր ընկերության բաժնետոմսերի գինը։ Eli Lilly and Company-ին միլինավոր դոլարների վնաս էր կրել։  

Սրանք դասական օրինակներ են, թե ինչպես է հասարակությունը, առանց ինֆորմացիոն փազլի բոլոր մասնիկներն իրենց տեղը դնելու, ենթադրություններ անում, հորինում ճշմարտության սեփական տարբերակը և ելքեր փնտրում` դրանք չեզոքացնելու համար։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *