Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն այսօր ամփոփեց «Թվապատում 2024» ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները։
Արդեն տասներորդ տարին անընդմեջ անցկացվող «Թվապատում» մրցույթի առանցքում որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումն է, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառումը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը։
Մրցույթային հանձնաժողովի գնահատականների և ամփոփիչ քննարկման արդյունքում ընտրվել են հաղթողները, որոնք մրցանակաբաշխության ընթացքում ստացան դրամական պարգևներ և «Թվապատում» խորհրդանշական արձանիկներ:
Թվապատում 2024»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հանձնաժողովը հիմնական հաղթող չընտրեց։ Սակայն հաշվի առնելով անվանակարգի կարևորությունը՝ սահմանվեց հատուկ մրցանակ Առավոտի լրագրող Տաթևիկ Հարությունյանին »Ուզում եմ, որ մարդիկ մարդ մնան ու սիրով մնան»․ Գոհար Պետրոսյան և խրախուսական մրցանակ News.am-ի լրագրող Թագուհի Մելքոնյանին Աշոցքից Քաղսի․ ֆիզկուլտուրայի ուսուցչի հիմնած ֆուտբոլի աղջիկների թիմը կարծրատիպեր է կոտրում նյութերի հեղինակներին և հերոսներին։ 150․000-ական դրամով պարգևատրվեցին և՛ հեղինակները, և՛ հրապարակման հերոսները:
Դիտակ հետաքննական լրագրության անվանակարգում մրցանակակիր դարձավ և 250․000 դրամով պարգևատրվեց «Հետքի» լրագրող Անյա Սարկիսովան՝ Դեղերի սև շուկա․ ինչու՞ որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են նյութի համար։
Հանձնաժողովը առանձնացրեց նաև Ֆակտոր TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի Ով է Երևանին ծառեր մատակարարել․ գործարքը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում հետաքննությունը։ Որոշվեց լրագրողին խրախուսական մրցանակ շնորհել և 100 000 դրամով պարգևատրել՝ հետաքննական լրագրության ժանրում հաջող քայլեր կատարելու համար։
Մրցույթի նոր՝ Տուն և տեղ անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250․000 դրամով պարգևատրվեց «Սիվիլնեթի» լրագրող Լուսինե Վարդանյանը՝ Դբա Դեբեդ․ գետի անաղմուկ աղտոտումը ֆիլմի համար, որն անդրադառնում է հրատապ և արդիական խնդիրներ ունեցող տարածաշրջանին։
Մեդիա 3.0 տեխնոլոգիաների լավագույն կիրառման անվանակարգում հաղթող նյութը «Ինֆոքոմի» «Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր» ծավալուն աշխատանքն էր: 250 000 դրամով պարգևատրվեցին «Ինֆոքոմի» լրագրողներ Սուսինա Խաչատրյանը և Լիլիթ Գրիգորյանը։
Հանձնաժողովը խրախուսական մրցանակ շնորհեց և 100 000 դրամով պարգևատրեց Ազատություն ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանին «Վտանգավոր» ու «անվտանգ» ձայնային նռնակը. ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2018-ին և 2024-ին կարճ տեսանյութի համար։
Մրցույթի հաջորդ նոր՝ Ականջօղ անվանակարգում հանձնաժողովը ևս հիմնական մրցանակ չսահմանեց և փոխարենը հանձնեց երկու հատուկ մրցանակ և 150 000-ական դրամով պարգևատրեց «Սիվիլնեթի» լրագրող Լյուդմիլա Շիրվանյանին՝ ազգային փոքրամասնության համայնքում կրթության խնդրին անդրադարձած Եզդի կինը կոտրում է կարծրատիպերը տեսանյութի համար և Regional Post-ի լրագրող Անժելա Ալեքյանին Women in Numbers հոդվածում կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում թեման վերլուծելու համար։
Արտակարգ գրություն անվանակարգում հանձնաժողովը հաղթող ճանաչեց և 250․000 դրամով պարգևատրեց «Սիվիլնեթի» լրագրող Հայկ Ղազարյանին՝ Կիլոմետրերով չոքեչոք․ Ամարասից Քերթ․ Թաթուլ Խաչատրյանի պատմությունը հրապարակման համար։
Այս անվանակարգում հանձնաժողովը հատուկ մրցանակ շնորհեց և 150 000 դրամով պարգևատրվեց Ռիմա Գրիգորյանին Կուզե՞ս քեզ մեր պատերազմը պատմեմ հրապարակման համար։
Լուսաբանելով գիտությունը անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200․000 դրամով պարգևատրվեց «Ինֆոքոմի» Զարա Խաչատրյանը՝ Գիտարբուք շարքի համար։
Այս անվանակարգում խրախուսական մրցանակ և 100 000 դրամ պարգև շնորհվեց «Ինֆոքոմի» լրագրող Անի Խաչատրյանին՝ Զորաց քարեր հոդվածի համար։
Ավանդույթի համաձայն հանձնաժողովը նաև հատուկ մրցանակ շնորհելու որոշում կայացրեց։ «Թվապատում 2024» ամենամյա մրցույթի հատուկ մրցանակ և 150․000 դրամ պարգև ստացավ Բուն TV-ին՝ անցած 13 տարիների ընթացքում գիտական թեմաները հանրահռչակելու և շարունակական նվիրվածության համար։
Մրցութային այս տարվա հանձնաժողովի կազմում էին մեդիադաշտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ Ուրբանիստա-ի համահիմնադիր Գայանե Միրզոյանը, Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի ղեկավար Հրաչուհի Ութմազյանը, «Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ – Հայաստան» ծրագրերի ղեկավար Արմեն Գրիգորյանը, նախորդ տարվա «Գործող անձ» անվանակարգի հերոս Անահիտ Գևորգյանը։
«Թվապատում 2024» լրագրողական մրցույթը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: «Թվապատում 2024» լրագրողական մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: «Թվապատում 2024» լրագրողական մրցույթին աջակցում են նաև Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: