2024.10.29,

Նյուսրում

ՔՊ-ում դժգոհ են «Շողակաթ»-ի բովանդակությունից 

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Ազգային ժողովում այսօր քննարկում էր ծավալվել «Շողակաթ» հեռուստաընկերության եթերից սփռվող բովանդակության մասով։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դժգոհում էին, որ հեռուստաընկերությունը, որը կոչված է հոգևոր-մշակութային բովանդակություն սփռել, քաղաքական իրադարձություններ է լուսաբանում, մասնավորապես արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժման ժամանակ։  

2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը հարցրեց՝ մեր ունեցած ֆինանսները արդյունավե՞տ են բաշխվում։ «Շողակաթ»-ին ուղղվող բյուջեն, որը նրա գնահատմամբ միատարր է, գուցե պետք է վերանայվի՞։  

«Ես վստահ եմ, որ քչերի մոտ է հեռուստացույցը միացրած լինում ու անպայնման լինում «Շողակաթ»-ը, որ գնամ միացնեմ «Շողակաթ»-ը, հեսա կարևոր բան եմ նայելու։ Պետությունը հանրային գումարներ է տալիս մի ալիքի, որը առանձնապես ինքն իրեն չի արդարացնում։ Եթե կա սուղ բյուջե և տեղ կա, որտեղ ավելի արդյունավետ կարելի է ներդրում անել, գուցե մտածեք վերաբաշխումների՞ մասին»,- նկատեց Վարդանյանը։ 

Արա Շիրինյանն ի պատասխան ասաց, որ արդյունավետ ծախս հասկացությունը որոշակի գործողություն է, որն իրենք այն չափում են միջազգային ստանդարտներով։  

«Ես ձեր ասածից այն հասկացա, որ կարելի է «Շողակաթ»-ը փակել, օրինակ դրա փոխարեն ֆինանսավորել Հանրային ռադիոն։ Դա օրինաչափ գործողություն չէ, դա կառավարում չէ, դա պանիկայի մեջ գործողություն է։ Կառավարումն այն է, երբ դու անում ես ոլորտը պահպանելու համար բոլոր գործողությունները։ Ես չեմ համարում, որ «Շողակաթ»-ն անարդյունավետ է աշխատում։ Այն աշխատում է իր կարողությունների չափով, երբեմն՝ ավելին։ «Շողակաթ»-ը միջազգային նորմ է, պարտադիր է և այնպես չէ, որ իրենք հորինել են դա մեզ համար։ Եթե մշակութային հեռուստատեսություն չլինի, հասարակությունը կդառնա քաղաքական կուսակցությունների հասարակություն»,- հավելեց Արա Շիրինյանը: 

ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ չհամաձայնեց, ասաց, որ հեռուստաընկերությունը տրվել է մի «կրոնական կազմակերպության, որը չի ներկայացնում ամբողջ ժողովրդին, խտրակացնում է փոքրամասնություններին»։ 

«Ասում եք՝ քաղաքական կուսակցությունների հասարակություն կդառնա, եթե մշակութային հեռուստաընկերություն չլինի։ Բացեք մայիս ամսվա հաղորդումները նայեք, տեսեք, որ միտինգներ են լուսաբանում, Հայ Դատի գրասենյակի հայտարարություններն են տարածում, որոնք «Սրբազան պայքարին» են աջակցում ու սա եղավ մշակութային բովանդակությո՞ւն»,- ասաց Թագուհի Ղազարյանը։

Նա առաջարկեց մեդիայում բազմազանություն ապահովելու համար մրցույթ հայտարարել։ Արա Շիրինյանը նշեց, որ օրենքը չի նախատեսում մրցույթ հայտարարել, բայց պատգամավորները կարող են փոխել օրենքը։ Նա չհամաձայնեց ՔՊ պատգամավորի հետ՝ ասելով, որ «Շողակաթ»-ը կրոնական ալիք չէ, մշակութային է։  

«Եթե կարող եք ապացուցել հակառակը, խնդրեմ։ Եթե որևէ մեկը մոնիթորինգ է արել ու պարզել, թե ինչ է հեռարձակվում իրենց եթերում, թող հրապարակի։ Շաբաթը երկու-երեք անգամ «Եկեղեցական կյանք» հաղորդումն է հեռարձակվում, բայց դա չի նշանակում, որ դա կրոնական ալիք է։ Ես համաձայն չեմ, որ դա քաղաքական ցույցի լուսաբանման հարթակ է, չի համապատասխանում ճշմարտությանը Ձեր ասածը»,- հակադարձեց Շիրինյանը։  

Իշխող ուժի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հարցրեց՝ եթե մշակութային հաղորդումներ է լուսաբանում «Շողակաթ»-ը, կա՞ օրինակ ժողովրդական գործիքների անսամբլների մասին հաղորդում այդ ալիքի եթերում։ Դրան էլ ի պատասխան Շիրինյանն ասաց, որ այո, նման հաղորդումներ կան։  

«Լավ, մարդը հոգևորական է եղել, ցույցերը լուսաբանել են։ Բայց դա ո՞ր հավատքին է․․․ Կա տեսանյութ, շատ է եղել, որ քաղաքական իրադարձություններ են լուսաբանել, դավաճանական են անվանել սահմանազատումը, տարածքների զիջում արտահայտությունն են օգտագործել»,- շարունակեց Սիսակ Գաբրիելյանը։ 

Արա Շիրինյանը պարզաբանեց, որ լրագրությունը բարդ երևույթ է, այո, կարող են հնչել արտահայտություններ մեջբերումների ժամանակ, հատկապես, երբ եկեղեցին ներքաշված է եղել քաղաքական իրադարձություններում և լուսաբանելիս հնչել են նման արտահայտություններ։ «Դա իրականության մաս է, ոչ թե «Շողակաթ»-ի քարոզչության մաս։ Միասնական տեղեկատվական քաղաքականություն գոյություն չունի, որ «Շողակաթ»-ն էլ չհամապատասխանի դրան։ Հեռուստատեսությունն ինքն է որոշում, թե ինչ բովանդակություն ստեղծի։ Հեռարձակողի խորհուրդը հաստատում է այն, ինչ ընդունելի է հասարակության համար այս պահին»,- ասաց Արա Շիրինյանը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *