Տեղեկատվության ազատության միջազգային օրվան՝ սեպտեմբերի 28-ին ընդառաջ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփում է առաջին ինն ամիսների ընթացքում ԻԱԿ-ի կողմից ուղարկված հարցումների արդյունքները։ Հաշվետու ժամանակահատվածում կենտրոնն ուղարկել է 173 հարցում, որոնցից 146-ի դեպքում պատասխանելու ընթացքն արդեն ավարտված է, իսկ 27 հարցում դեռ ընթացքի մեջ է։
Հարցումների գերակշիռ մեծամասնության պատասխան գրությունները կազմակերպությունը ստացել է օրենքով նախատեսված ժամկետներում։ Բավականին փոքր թիվ են կազմել ուշացած լիարժեք, անհիմն, թերի պատասխանները, լուռ մերժումներն ու օրինական մերժումները։
146 հարցումների 86%-ի դեպքում ստացվել է ժամանակին լիարժեք պատասխան, 2%-ի դեպքում՝ ուշացած լիարժեք, իսկ 4%-ի դեպքում՝ թերի պատասխան: Անհիմն մերժում, անհիմն պատասխան, լուռ մերժում կարգավիճակ ստացած հարցումները կազմում են 2-ական %, իսկ օրինական մեժումները կազմել են ընդամենը 1%։
ԻԱԿ ծրագրերի համակարգող Մանե Մադոյանն ասում է, որ վերջին տարիներին սկսել է նվազել խախտումների քանակը։ Սակայն, դրական փոփոխությունը ոչ միշտ է պայմանավորված գերատեսչությունների ավելի որակյալ ու արդյունավետ աշխատանքով։ Մանեն ասում է, որ իրենց կազմակերպությունից ուղարկված հարցումներին գերատեսչություններն ավելի պատասխանատու կերպով են արձագանքում։
«Լրագրողների շրջանում արված մեր հարցումները ցույց են տալիս, որ մեր ուղարկած հարցումներին գերատեսչություններն ավելի լավ են պատասխանում, քան՝ լրագրողների կամ քաղաքացիների։ Հարցումներին մասնակցած լրագրողներից շատերը բողոքում են թերի և ժամկետների խախտմամբ ստացած պատասխաններից։ Երբ նույնաբովանդակ հարցում մենք ենք ուղարկում ԻԱԿ-ի անունից, տասը դեպքից հինգի պարագայում կարող եմ ասել, որ ավելի բովանդակային պատասխաններ ենք ստանում»,- ասում է Մանեն։
Ամփոփելով մինչև սեպտեմբերի 25-ն իրականացված աշխատանքների արդյունքները՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը թերություններով ու բացթողումներով պատասխանները հավաքագրել է ՏԱ ոլորտում խախտումների ցանկում, որն էլ իր հերթին բաժանել է երկու խմբի։
«Ցանկում ներկայացված են ոչ միայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ուղղակի խախտումների դեպքերը, այլ նաև օրինակներ, որոնք թեպետ ուղղակիորեն չեն խախտում ՏԱ օրենքը, սակայն հակասում են ոլորտում արդեն իսկ ձևավորված դրական պրակտիկային։ Այսինքն անուղղակի կերպով միջավայր է ստեղծվում, որը հետագայում կարող է նպաստել, որ խախտումներն ավելի հեշտությամբ իրականացվեն»,- ասում է ԻԱԿ ծրագրերի համակարգող Մանե Մադոյանը։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն խախտել և առաջին խմբում են ընդգրկվել Գյումրու համայնքապետարանը, Ներքին գործերի նախարարությունը, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը, ԱԳՆ։
Ընդունված պրակտիկայի խախտմամբ երկրորդ խմբում են Ֆինանսների նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Քնչական կոմիտեն, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Թերությունները չշտկելու դեպքում, այս գերատեսչությունները կարող են հայտնվել ԻԱԿ-ի տարեվերջյան «Սև ցուցակում», որը միշտ ամփոփվում և ներկայացվում է հաջորդ տարեսկզբին։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: