2024.09.25,

Նյուսրում

ՊԵԿ-ի կողմից մշտադիտարկվող 71 բլոգերներ ավելի քան 76 մլն դրամ հարկ են վճարել

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Սոցցանցերում գումարով գովազդողների նկատմամբ վարչարարություն կիրառելու մասին իշխանության հայտարարությունից ավելի քան կես տարի է անցել։  

Տարեսկզբին՝ հունվարի 4-ին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասել էր, որ Tiktok, Instagram և նման այլ հարթակներում գումարով գովազդներ անող բլոգերների նկատմամբ կարող է վարչարարություն կիրառվել, եթե նրանք հարկային դաշտից դուրս լինեն։ Նա ընդգծել էր, որ իրականացվում են ստուգումներ և եթե այդ անձինք գրանցված չեն որպես բիզնես կամ որպես ֆիզիկական անձ եկամուտները չեն հայտարարագրվել, ապա անպայման վարչարարություն կկիրառվի։  

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՊԵԿ-ը սկսել է ծանուցումներ ուղարկել բլոգերներին ու հորդորել հարկ վճարել՝ Instagram-ի, Facebook-ի story-ում կամ մեկ այլ տեղ արված գովազդի համար։  

Բլոգեր Հայկ Մկրտչյանը ինստագրամյան իր էջում հայտնել էր, որ ՊԵԿ-ն ամենօրյա մոնիթորինգի է ենթարկում, տեսնում ինչ գովազդ են արել, համեմատում հարկային եկամուտների վճարումների հետ ու խնդրում ճշգրտել, տալ բացատրություն։  

Media.am-ը դիմեց ՊԵԿ՝ հասկանալու համար, թե այս ընթացքում քանի՞ բլոգեր է հարկ վճարել իր մատուցած ծառայությունների դիմաց։ 

Գրավոր հարցմամբ ՊԵԿ-ից նախ հաստատեցին, որ հարկային մարմնի կողմից իրականացվող բազմաթիվ ոլորտային վերլուծություններից է նաև ինֆլյուենսերների գործունեության նկատմամբ իրականացվող մոնիտորինգը, ապա նաև հայտնեցին, որ իսկապես անհատական մոնիտորինգ տարվում է։

«Մասնավորապես անհատական վերլուծության են ենթարկվում այն ինֆլյուենսերները, որոնք մատուցում են գովազդային կամ համանման ծառայություններ։ Վերջիններիս մասով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում իրականացվում է ամենօրյա մոնիտորինգ, ուսումնասիրում են ինֆլյուենսներների կողմից սոցիալական հարթակներում տեղադրված գործարքները և ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա փաստաթղթավորված գործարքները, անհամապասխանատվությունների մասով հարկ վճարողներին ուղարկվում են ծանուցագրեր, անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաև հսկողական աշխատանքներ։ Ժամանակ առ ժամանակ իրականացվում են նաև ինֆլյուենսների հետ հանդիպումներ, ինչպես նաև հանրության շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված իրազեկման արշավներ»,- փոխանցեցին Կոմիտեից։

Ըստ պատասխանի՝ ներկայում հարկային մարմնի կողմից ամենօրյա մշտադիտարկումների են ենթարկվում առավել մեծ թվով հետևորդներ ունեցող 71 ինֆլյուենսերներ, որոնք 01․01․2023-31․08․2024 թթ ընկած ժամանակահատվածում միասնական հաշվի միջոցով վճարել (մարել) են 76․108․328 դրամ պարտավորություններ։   


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *