2024.09.24,

Նյուսրում

Մեդիաէթիկային հակասող բովանդակություն «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդման ընթացքում․ ԴՄ կարծիք 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Բուլինգային և ագրեսիվ խոսք, դեմքի քամահրական ու ատելախառն արտահայտություն, մեդիաէթիկային ու մեդիաստանդարտներին հակասող բովանդակություն․ սա ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնի (ԴՄ) փորձագիտական կարծիքն է  «Ֆրի Նյուզ» հեռուստաընկերության «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդման վերաբերյալ։  

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեռևս մայիսի 31-ին էր դիմել ԴՄ-ին ու խնդրել՝ ուսումնասիրել հանրային մուլտիպլեքսով եթեր հեռարձակվող «Ֆրի Նյուզ» հեռուստաընկերության «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդման  2024 թվականի մայիսի 21-ի և 25-ի հաղորդումների ընթացքում հնչած որոշ արտահայտություններ։  

ՀՌՀ-ն խնդրահարույց էր համարել հաղորդավարի հետևյալ ձեևակերպումները․  

«…ձեր դաշնակները, տալով եկել եք, տալով, պատերազմի վախտ էլ թռնելով եկել եք, դեռ մեկն էլ մի հատ ֆոտո էր գցել դիրքերից՝ Բագրատ Սրբազանն էլ եկել ա դիրքերում իբր իրան տենալու, տեսնելու, մեր հոգևոր գեներալը, ըսենց մի հատ բան էր դրել, էդ հոգևոր գեներալը «WarGonzo»-ի՝ էն Պեգովի հետ մեռավ թուրքերին սահմանների տեղը ցույց տալով» 

 «… Ակնհայտ է, որ Մայր Աթոռը ասել է, թե կաթողիկոսը ևս կրկնում է Գալստանյանի ու նրա շարժման բառապաշարը ու ակնհայտորեն հովանավորում այն։ Նաև, երբ փորձեցինք Մայր Աթոռից կաթողիկոսի հատուկ դիրքորոշումը ճշտել, մեր գրավոր հարցումն անպատասխան մնաց, իսկ զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ Մայր Աթոռը անհասանելի ա։ Մայր Աթոռի Գարեգին Բ-ն հասանելի ա միայն Դոգի և Քոչարյանի համար։ Էս 2-ի պարագայում ոնց ծնգցնեն թռած վերցնում են։ Ասեմ ավելին՝ պատրաստ են միասին, ինչ-որ վայրում աղոթքով սկսելու իրենց շարժումը»։ 

Դիտորդ մարմնի անդամ Աշոտ Մելիքյանն ասում է, որ  մասնագիտական խումբը ՀՌՀ-ի ներկայացրած օրինակներում Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի դրույթների ուղիղ խախտում չէր նկատել։ Սակայն, հաշվի առնելով այդ հաղորդաշարի և հաղորդավարի առնչությամբ ԴՄ անդամներին փոխանցված ոչ ֆորմալ, բանավոր բազմաթիվ դժգոհություններ, որոշել են ուսումնասիրել հաղորդաշարի այլ թողարկումներ ևս։ 

«Մենք քաջածանոթ էին այդ հաղորդմանը, ընդհանուր առմամբ մեզ համար ակնհայտ էր, որ այդ հաղորդման հեղինակը միշտ չէ, որ պահպանում  է էթիկայի նորմերը և այդ պատճառով Դիտորդ մարմինը սեփական նախաձեռնությամբ որոշեց մոնիթորինգի ենթարկել այդ ծրագրի այլ օրերի թողարկումներ ևս, առանձնացնել առկա խնդիրներն  ու քննարկել դրանք»,- ասում  է ԴՄ անդամ Աշոտ Մելիքյանը։  

Մոնիթորինգի է ենթարկվել ս․թ․ մայիսին եթեր հեռարձակված  15 թողարկում։ Ոսումնասիրությունից հետո Դիտորդ մարմինը եզրակացրել է, որ․  

  • Հաղորդավարը  հրապարակային տեսակետ հայտնելու իր իրավունքը ծառայեցնում է իր համար անցանկալի գործիչների և անձանց հետ «եթերային հաշվեհարդար տեսնելու» նպատակին։ Նման վարքագիծը ինքնաիրավչություն է, որը հակասում է լրագրողական ստանդարտներին։   
  • Հաղորդավարի խոսքում շատ են սպառնալից ձևակերպումները, կոչերը, որոնք հաճախ թեև ընդհանուր բնույթի են՝ անհասցե են, սակայն թողարկման համատեքստից պարզ է դառնում, որ ուղղված են միանգամայն որոշակի՝ ընդդիմադիր հայացքների տեր անձանց։ 
  • Հաղորդավարը դեմքի քամահրական արտահայտությամբ, ագրեսիվ ժեստիկուլյացիայով ու խրատական տոնայնությամբ իր հակակրանքն է արտահայտում այլ քաղաքական հայացքներ ունեցող գործիչների հանդեպ։   
  • Հաղորդավարն իր կարծիքը, դիրքորոշումներն արտահայտելիս՝ օգտագործում է  լրատվության ստանդարտներին չհամապատասխանող ոչ քաղաքակիրթ բառապաշար, կիրառում  է իր համար անցանկալի գործիչների անձը նվաստացնող ակնարկներ՝ քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով։  

Աշոտ Մելիքյանն ասում է, որ լրագրողական որևէ ժանր չի կարող ենթադրել և արդարացում դառնալ  ոչ քաղաքավարի բառապաշարի և էթիկայի նորմերի խախտման համար։ 

«Մեր հասարակության համար շատ լուրջ խնդիր է պառակտվածությունը և տարբեր բևեռների հարող լրատվամիջոցները, տվյալ դեպքում «Ֆրի Նյուզը», որը ընկալվում է, որպես իշխանամետ լրատվամիջոց, կամ այն լրատվամիջոցները, որոնք ընդդիմությանն են հարում,  եթե այս գործելաոճը որդեգրեն և հասարակության հետ աշխատեն այս ոճով, ապա ստեղծված բևեռացված իրավիճակը ոչ թե կհաղթահարվի, այլ ավելի կխորանա»,- ասում ԴՄ անդամը։ 

Թե՛ ՀՌՀ-ի,  թե՛ ԴՄ անդամներին ուղղված մյուս բանավոր բողոքներն իր անձի դեմ հարձակում է գնահատում հաղորդման հեղինակ և վարող Գնել Սարգսյանը։ 

Նա ասում է, որ ելնելով հաղորդման ձևաչափից, տարբեր թեմաներ է քննարկում, երբեմն սուր քննադատության է ենթարկում տարբեր քաղաքական գործիչների, սակայն երբեք անձնական վիրավորանքի դաշտ չի մտնում։ Նա պնդում է, որ ունենալով հստակ քաղաքական հայցքներ, հարկ եղած դեպքում կոպիտ ու կոշտ քննադատության է ենթարկում անգամ իշխանության ներկայացուցիչներին՝ վարչապետի օգնականին,  տարբեր գերատեսչությունների ղեկավարներին ու պաշտոնյաներին։ 

«Ես շատ լավ գիտեմ, որ անհանգստացնում եմ  որոշ քաղաքական ուժերի, որոշ քաղաքական գործիչների ու  հենց նրանք էլ  աշխատում են իմ դեմ։ Բողոքները կազմակերպված ձևով հավաքում ու ուղարկում են ուր ասես։ Սա դրսից ճնշում է ՀՌՀ-ի վրա։ Հարց է առաջանում, իսկ  ՀՌՀ-ն չի՞ տեսնում մյուս հեռուստաընկերությունների լրագրողների  մանիպուլիատիվ գործունեությունը։ ՀՌՀ-ն չի՞ տեսնում, թե հեռուստաընկերությունների 90%-ը, որ բևեռին է պատկանում։ Կարելի է կարծել այդ հեռուստաընկերություններն ամբողջ օրը  պատմամշակութային հաղորդումներ են ցուցադրում, ինչո՞ւ նրանց չեն անդրադառնում»,-ասում է Գնել Սարգսյանը։  

Անդրադառնալով Դիտորդ մարմնի այն գնահատականին, որ երկրորդ կողմը  նույն հաղորդաշարի շրջանակում պատասխան խոսքով հանդես գալու հնարավորություն չունի՝  Գնելը պնդում է, որ թե՛ եթերից, թե՛ սոցիալական ցանցերում արված հրապարակումների միջոցով մշտապես իր տաղավար է հրավիրել բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնք համաձայն չեն իր հնչեցրած քննադատությունների հետ, սակայն հրավերներն այդպես էլ մնացել են անպատասխան։ Իսկ ոչ եթերային բառապաշարն ու խոսելաոճն էլ բացատրում է բոլորին հասկանալի խոսք հնչեցնելու անհրաժեշտությամբ։  

«Ես դերասան եմ, ռեժիսոր, բանաստեղծ, սցենարիստ և կարող եմ այնպես խոսել, որ հայերենից հայերեն թարգմանելու կարիք առաջանա, բայց դա չէ իմ հաղորդման խնդիրը։ Ես շատ կուզեի, որ մեր հեռուստաընկերությունները կրթած ու դաստիարակած լինեին մի հանրություն, որտեղ ժարգոնային խոսակցությունը տեղ չունենար, բայց շատ կներեք դա այդպես չէ։ Իմ հաղորդման խնդիրն է ամենահեռավոր գյուղում բնակվող, կրթական ամենացածր մակարդակ ունեցող  քաղաքացու հետ խոսել այն լուրերի մասին, որոնք նա լսել է մյուս հեռուստաալիքների եթերից։ Իմ հաղորդումը  մերկացնում է մյուս բևեռին հարող հեռուստաընկերությունների հաղորդած սուտն ու մանիպուլիացիան»,- ասում է Գնել Սարգսյանը։  

Դիտորդ մարմինն առաջարկում է 

Դիտորդ մարմինն իր փորձագիտական եզրակացության մեջ հայաստանյան ու հայալեզու մեդիակառույցներին, մեդիահարթակներին, լրատվամիջոցներին, խմբագրություններին, լրագրողներին, հաղորդավարներին, սոցցանցային օգտատերերին և սոցցանցային բովանդակություն ստեղծողներին կոչ է անում՝  

  • հանրային տեքստերն ու խոսելաոճը, հանրության հետ շփումներն ու հաղորդակցումը կառուցել փոխադարձ հարգանքի, քաղաքացիական համակեցության նորմերի, քաղաքակրթության և հանդուրժողականության հիմքի վրա,
  • չտարածել ատելության խոսք՝ թեկուզ թափանցիկ ակնարկների ձևով, 
  • չստորացնել այլ կարծիք արտահայտող գործիչներին, անձանց, կառույցներին,
  • քաղաքական ընդդիմախոսների հետ հարաբերություններում չգործածել հայհոյանք, քրեական ենթամշակույթին բնորոշ արտահայտություններ, 
  • չգեներացնել ցածրակարգ խոսք ու ագրեսիվ պահվածք,
  • չստեղծել գաղափարական փոքրամասնությանը ճնշելուն հանգեցնող ինֆորմացիոն և քարոզչական միջավայր։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *