Հայաստանում լրագրողների՝ տեղեկություն ստանալու իրավունքի իրացման ընթացքում առկա խնդիրները, խոչընդոտներն ու բացթողումները հասկանալու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացրել է «Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը Հայաստանում․ 2024» հետազոտությունը։
Հետազոտության առաջնային տվյալները հավաքագրվել են Երևանում և մարզերում գործող տարբեր լրատվամիջոցների 77 լրագրողների պատասխանների հիման վրա։ Նախապես մշակված հարցաշարում ներառված են եղել տեղեկություն ստանալու հարցումներ կազմելու ձևից մինչ տեղեկություն ստանալու խախտված իրավունքի վերականգնման մեխանիզմներին առընչվող հարցեր։
Տվյալների հավաքագրումից բացի, անցկացվել են խորքային 11 հարցազրույցներ՝ ոլորտի փորձագետների, պետական կառավարման մարմինների տեղեկատվության ազատության պատասխանատուների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հարցումը հիմնավորելու պահանջ
Հարցմանը մասնակցած լրագրողների 75.3% նշել է, որ տեղեկություն ստանալու հիմնական աղբյուրը հարցումներն են։ Եվ սա է պատճառը, որ անպատասխան մնացած հարցումները կամ թերի պատասխանները էականորեն խոչընդոտում են լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը։
Հաճախ հանդիպող խնդիրներից ու խախտումներից է հարցումը հիմնավորելու պահանջը։ Լրագրողների 61%-ը նշել է, որ լինում են դեպքեր, երբ տեղեկություն տնօրինող պետական մարմինը պահանջում է հիմնավորել, թե ինչու է լրագրողը տվյալ հարցումը ներկայացրել և/կամ ինչպես է պատրաստվում օգտագործել պահանջած տեղեկությունները։
Հետազոտության մեջ հստակ նշվում է, որ տեղեկություն տնօրինողը ոչ մի պարագայում իրավունք չունի պահանջել, որ դիմողը հիմնավորի հարցումը: Նման պահանջ ներկայացնելը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի (ՏԱ օրենք) ուղղակի խախտում է: Ըստ այդմ, հարցումը չհիմնավորելը որևէ կերպ չի կարող տեղեկությունը տրամադրելու մերժման հիմք լինել:
Թեև ՏԱ օրենսդրությունը սահմանում է, որ դիմողը պարտավոր չէ հիմնավորել իր հարցումը, այնուամենայնիվ, հարցմանը մասնակցած լրագրողների 36.4%-ը նշել է, որ գրավոր հարցման մեջ, սեփական նախաձեռնությամբ, գրեթե միշտ տալիս է հիմնավորում, թե ինչու է խնդրում տվյալ տեղեկությունը, 22 %-ը երբեմն է հիմնավորում, 22%-ը` հազվադեպ։ Հարցումը երբեք չի հիմնավորում լրագրողների միայն 19.4%-ը։
Պատասխանների որակը գոհացնող չէ
ԻԱԿ հետազոտությունը ցույց է տալիս, որ լրագրողները հատկապես դժգոհում են նաև հարցումներին տրված պաշտոնական պատասխանների որակից։ Լրագրողները նշում են, որ տրամադրված տեղեկությունները հաճախ ամբողջական չեն, թերի են կամ լղոզված ձևակերպումներով, բացակայում են հարցմամբ պահանջված այս կամ այն տեղեկությունները։
Հարցմանը մասնակցած լրագրողների կեսից ավելին՝ 54.5%-ը, հարցումների պատասխանների բովանդակությունը գնահատել է անբավարար: Միևնույն ժամանակ հարցված լրագրողներից որևէ մեկը չի նշել, որ հարցումների պատասխանները լիովին բավարարում են։
Թերի պատասխանների շարքում հաճախ են հանդիպում մի քանի հարցից բաղկացած և համարակալված հարցումներին տրված ընդհանրական, վերացական, չհամարակալված պատասխանները։
Հարցված լրագրողների գրեթե կեսը ՝49.3%-ը, նշել է, որ մի քանի հարց պարունակող՝ համարակալված հարցերով հարցումների պատասխանները «հազվադեպ» կամ «երբեք» համարակալված չեն լինում։
Մինչդեռ, մեկից ավելի տեղեկություն պահանջող հարցման պատասխանում պահանջված տեղեկությունները համարակալելու պահանջի նպատակն է ապահովել, որ տեղեկություն տնօրինողը դիտավորյալ կամ անուշադրությամբ չկարողանա անտեսել այս կամ այն տեղեկության պահանջը։
Խտրական վերաբերմունք
Տեղեկություն ստանալու գործընթացում լրագրողները նաև մեծ կարևորություն են տվել խտրականության դրսևորմանը։ Իրենց պատասխաններում լրագրողների
64․5%-ը նշել է, որ տեղեկություն տրամադրելիս պետական մարմինները խտրականություն են կիրառում տարբեր լրատվամիջոցների և լրագրողների միջև։ Նրանց մեկնաբանությամբ, եթե լրատվամիջոցն ընդդիմադիր է և աչքի է ընկնում կառավարության սուր քննադատությամբ, ապա այդ լրատվամիջոցի լրագրողների հարցումներն առավել հաճախ են արժանանում խախտումների և ժամկետանց պատասխանների։ Մինչդեռ, տեղեկատվության ազատության իրավունքի խտրական իրացումը հակասում է սահմանադրությանը:
Տեղեկություն ստանալու իրավունքի խախտումների հաջորդ խումբը վերաբերում է հարցումներին պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետների պահպանմանը։
Պատասխանների ժամկետներ
Հարցմանը մասնակցած լրագրողների միայն 35%-ն է նշել, որ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում ստանում է իր հարցման պատասխանը։ Ստացվում է, որ օրենքով սահմանված ժամկետում պատասխան տրվում է միայն ամեն 3-րդ հարցմանը։
Լրագրողների 37.7%-ը նշել է, որ պատասխանները ստանում է միջինում 6-10 օրվա ընթացքում օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի փոխարեն, իսկ 26%-ը նշել է, որ պատասխաններ ստանում է 11-30 օրվա ընթացքում։ Լրագրողների 1.2%-ը նշել է մի քանի ամիս անց պատասխան ստանալու մասին։ Հարցմանը մասնակցած որևէ լրագրող չի նշել անպատասխան մնացած հարցման մասին։
Ժամկետների հետ կապված մյուս խնդիրը լրացուցիչ աշխատանք կատարելու հիմնավորմամբ պատասխանելու ժամկետների հետաձգման հնարավորության չարաշահումն է։ Պատասխանելով ԻԱԿ այն հարցին, թե ինչ պարբերականությամբ են պետական կառույցները լրացուցիչ ժամանակ խնդրում հարցումներին պատասխանելու համար՝ հարցված լրագրողների գրեթե կեսը՝ 48%-ը, նշել է հաճախ, 46․8%-ը՝ հազվադեպ, 3․9%-ը՝ գրեթե միշտ և միայն 1․3%-է հարցին պատասխանել երբեք։
Լրագրողների կարծիքով տեղեկություն տնօրինողները հաճախ 30-օրյա ժամկետը ոչ այնքան հավելյալ աշխատանք կատարելու համար են խնդրում, այլ ժամանակ շահելու։ Լինում են նաև դեպքեր, երբ 30-օրյա ժամկետի հնարավորությունից օգտվելով՝ տեղեկություն տնօրինողն ի սկզբանե լրացուցիչ ժամկետի կանոնն է կիրառում, իսկ 30-օրյա ժամկետը լրանալուց հետո տեղեկություն տնօրինողը մերժում է տրամադրել տեղեկությունները գաղտնիք լինելու հիմնավորմամբ։
Հարցումների մերժումներ
Տեղեկություն ստանալու հարցումների մերժումների ցանկում լրագրողների 72.7%–ը նշել է, որ ամենադժվարը ռազմական և անվտանգության ոլորտների վերաբերյալ տեղեկություններ ստանալն է։
Որպես տեղեկություն ստանալու մերժման ամենից հաճախ կիրառվող հիմք հարցված լրագրողները նշել են պետական գաղտնիքը։ Լրագրողների 11.5%-ը նշել է, որ առավել հաճախ տեղեկության տրամադրումը մերժում են առանց հիմնավորման:
Հետազոտության մեջ նշվում է, որ տեղեկության տրամադրումը մերժելու գրության մեջ պետք է պարտադիր նշվի ինչպես կոնկրետ մերժման հիմքը, այնպես էլ այն օրենքի համապատասխան նորմը, որի համաձայն պահանջված տեղեկությունը համարվել է այս կամ այն գաղտնիք: Մերժումը նաև պարտադիր պետք է պարունակի մերժումը բողոքարկելու կարգը: Գործնականում մերժումների գերակշիռ մասն այս պայմանները չի բավարարում։ Ինչպես նաև, որոշ դեպքերում խախտվում է մերժումը տրամադրելու՝ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: