2024.07.04,

Նյուսրում

CivilNetCheck-ում հույս ունեն, որ հայկական լրատվական դաշտը պատրաստ է Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրին

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հուլիսի 3-ին հրապարակվել է ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի և Meta-ի համագործակցության արդյունքում գրված առաջին հոդվածը։  

«Հայաստան ջան» ֆեյսբուքյան էջի հետևորդները երեկ, հավանաբար նկատել են, որ էջում տեղադրված 2 հոդվածների հրապարակումների ներքևի հատվածում ավելացել է «կեղծ տեղություն» մակնշումը։ Առկա է նաև հիմնավորումը՝ փաստեր ստուգողների վճռի մասին հոդվածը,     որտեղ կետ առ կետ ապացուցվում է, որ «Հայաստան ջան» ֆեյսբուքյան էջում տեղադրված  2 հոդվածներում էլ փաստերը խեղաթյուրված են ու կեղծ։

Էկրանապատկերը՝ «Հայաստան ջան» ֆեյսբուքյան էջից։

 

Էկրանապատկերը՝ «Հայաստան ջան» ֆեյսբուքյան էջից։

Meta-ն իր սոցիալական հարթակներում ապատեղեկատվության դեմ պայքարելու համար համագործակցում է փաստեր ստուգող անկախ կազմակերպությունների հետ, որոնք վերանայում ու գնահատում են բովանդակության ճշգրտությունը։ 

Ֆեյսբուքի ու Ինստագրամի հայալեզու բովանդակությունը ստուգելու, ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերը գտնելու և օգտատերերին զգուշացնելու հարցում  Հայաստանում Meta-ի գործընկերն է դարձել ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը։  

ՍիվիլՆեթը Հայաստանից՝ Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) միակ անդամն է, իսկ այդ ցանցի հավաստագրի առկայությունն ու անդամակցումը պարտադիր չափորոշիչ է  Meta-ի հետ գործակցության համար։  

CivilNetCheck-ի խմբագիր Անի Գրիգորյանը պատմում է, որ  ՍիվիլՆեթը 2023-ի մարտին է դարձել IFCN-ի անդամ և հենց դա էր այն հիմնական ճանապարհը, որի արդյունքում հնարավոր է դարձել Meta-ի հետ համագործակցությունը։ 

«Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ սոցիալական ցանցերը, հատկապես Ֆեյսբուքը մեզանում շատ տարածված է։ Նույնիսկ կարելի է ասել, որ մեր հասարակության  մի ստվար խմբի համար ինֆորմացիայի հիմնական աղբյուրը հենց սոցհարթակներն են։ Նրանք կարող են չհետևել լրատվամիջոցների աշխատանքին, բայց մեծ ուշադրությամբ հետևում են, թե օրինակ Ֆեյսբուքում ի՞նչ գրվեց ու հրապարակվեց։ Հաճախ օգտատերերն անգամ  ընտրություն չեն կատարում, թե այն էջերը, որոնց նրանք հետևում են, վստահելի՞ են, թե ոչ։ Կարծում եմ այս գործիքը, որը մեզ տվել է Meta-ն շատ կարևոր ու դրական ազդեցություն կունենա սոցցանցերում ապատեղեկատվության մեծ հոսքը նվազեցնելու համար։ Ուրախալի է, որ Meta-ն իրեն պատասխանատու է համարում նաև հայ հանրության համար»,- ասում է CivilNetCheck-ի խմբագիրը։

Ապատեղեկատվություն պարունակող բովանդակությունը հայտնաբերելուց հետո փաստեր ստուգողները պետք է այն գնահատեն ըստ Meta-ի սահմանած վճիռների՝ դրանք վեցնեն ՝ կեղծ (false), խմբագրված (altered), մասամբ կեղծ (partly false), առանց համատեքստի (missing context), երգիծանք (satire), ճշմարտություն (true)։

Առաջին չորս վճիռների դեպքում  Meta-ն կրճատելու է այդ տեղեկատվության առաջխաղացումը, նվազեցնելու է էջի տեսանելիությունը՝ այս կերպ փորձելով չեզոքացնել ապատեղեկատվության տարածումը։  Շարունակաբար կեղծ տեղեկատվություն տարածող էջերի, խմբերի ու օգտահաշիվների տեսանելիությունը կրճատվելուց բացի, հանվելու է նաև մոնետիզացիայի և գովազդի հնարավորությունը։  

«Meta-ն ունի իր կանոնները, իր սահմանած չափորոշիչները, որոնք հաշվի առնելով՝ մենք պետք է իրականացնենք ստուգման գործընթացը։ Օրինակ նշված են այն ոլորտները, որոնք Meta-ի համար առաջնահերթությունների ցանկում են, և փաստեր ստուգողները պետք է դրանք մշտապես պահեն ուշադրության կենտրոնում։ Օրինակ՝ դրանք կարող են լինել հասարակության շրջանում տագնապ, խուճապ առաջացնող լուրերն ու հրապարակումները, որոնք բացասական ազդեցություն են ունենում  հանրային կարծիքի ձևավորման վրա, հանրային առողջության անվտանգությանը վերաբերող հրապարակումները, դավադրության տեսություններ պարունակող լուրերը։  Իհարկե, կան նաև սահմանափակումներ․ Meta-ն մեզ արգելում է անդրադառնալ քաղաքական գործիչների խոսքին, որպեսզի  քաղաքական բանավեճը չտուժի»,- ասում է Անի Գրիգորյանը։ 

Անդրադառնալով հնարավոր դժգոհություններին, որոնք կարող են լինել իրենց գործունեության արդյունքում՝ Անին ասում է, որ իրենց աշխատանքն ուղղված չէ  որևէ կոնկրետ խմբի կամ կազմակերպությունների դեմ, միակ թիրախը կեղծ ու մոլորեցնող տեղեկություններ են լինելու։  

«Ուզում եմ հատուկ շեշտել, որ լրատվամիջոցները մեր թիրախում չեն լինելու, բայց եթե նրանց կողմից լինեն ապատեղեկատվություն ու կեղծ լուրեր տարածելու փորձեր, որոնք էապես կարող են բացասաբար ազդել հանրային կարծիքի վրա, ապա մենք ստիպված ենք լինելու անդրադառնալ նաև այդ հրապարակումներին, որովհետև դա է Meta-ի պահանջը»,-ասում է Անին։  

CivilNetCheck-ում որպես օրինակ ուսումնասիրել են ինչպես տարբեր երկրների, այնպես էլ 3 տարի առաջ Հայաստանում առաջին անգամ media.am-ի և վրացական GRASS-ի համագործակցությամբ իրականացված Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրի վճիռները։  

Անին հույս ունի, որ  2021-ին media.am-ի Ֆեյսբուքում  իրականացրած փաստերի ստուգումից հետո, այժմ թե՛ լրատվական դաշտը, թե՛ սոցիալական հարթակներում ակտիվ գործունեություն ծավալող խմբերն ու կազմակերպությունները այս գործընթացին ավելի պատրաստ կլինեն։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *