2024.07.02,

Նյուսրում

Արհեստական բանականության կիրառման կարմիր գծերը

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Արհեստական բանականության (ԱԲ) բազմաթիվ գործիքներ սկել են ակտիվորեն կիրառվել հայաստանյան մեդիա դաշտում։ Մի շարք լրատվամիջոցներ օգտվում են ԱԲ հնարավորություններից աշխատանքը հեշտացնելու, օպերատիվությունը մեծացնելու և մի շարք այլ նպատակներով։  

ԱԲ փորձագետ, Վաշինգտոնի համալսարանի դասախոս Քրիս Քոունիի խոսքով՝ հայաստանյան մեդիա դաշտի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներով պարզ է դարձել, որ ԱԲ գործիքները հիմնականում կիրառում են վիզուալ կոնտենտի ստեղծման և հետազոտական աշխատանքներ կատարելու համար։ 

Ք․ Քոունին նշում է, որ ԱԲ կիրառությունն աշխարհում այնքան լայն է, որ այն սկսել է բժշկական ախտորոշումներ ու կանխատեսումներ կատարել, ուստի այն չէր կարող շրջանցել լրատվամիջոցները։  

Նա մեջբերում է Associated Press-ի իրականացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն 2024 թ․-ին խմբագիրների 70 տոկոսը օգտագործում է ԱԲ։ Reuters Institute for the Study of Journalism-ի իրականացված հարցումներով էլ, 2023 թ․-ին 53 երկրների խմբագիրեներ օգտագործում են ԱԲ-ը պատմությունների, գաղափարների գեներացման համար։ 

Ըստ Քրիս Քոունիի՝ ԱԲ-ը իհարկե դրական բազմաթիվ կողմեր ունի լրատվամիջոցների համար, բայց ընթերցողի, հեռուստադիտողի համար խնդրահարույց է հասկանալ՝ ԱԲ միջոցո՞վ է ստեղծված լուրը, թե մարդու։  

«Շատ կարևոր է չկորցնել սահմանը։ Լրատվամիջոցները պետք է ունենան կարմիր գծեր ԱԲ-ի կիրառման համար և չհատեն այդ սահմանները։ Երբեք ու երբեք չի կարելի կորցնել ընթերվողի վստահությունը։ Լրագրության առանցքային սկզբունքները՝ ճշմարտությունն ու թափանցիկությունն են, դրանք պետք է կիրառվեն նաև ԱԲ օգտագործման դեպքում»,- նշում է փորձագետը։  

Նա կարևոր է համարում Մեդիա բազմազանության ինստիտուտի կողմից մշակված խորհուրդների ցանկն ուղղված ԱԲ-ը կիրառող լրատվամիջոցներին։ Դրանք են՝ 

-լինել թափանցիկ, հաշվետվողական մոտեցում ցուցաբերել, հստակ նշել, թե որ հոդվածը կամ նյութն է պատրաստված ԱԲ միջոցով, 

-ԱԲ կողմից ստեղծված ցանկացած բովանդակության պարագայում հստակ նշել, որ մարդիկ հավաստիացել են այդ նյութերի իսկությամբ, մարդիկ վերանայել ու ստուգել են ԱԲ ստեղծած բովանդակությունը, 

-խմբագրության համար ստեղծել ԱԲ կիրառման էթիկական ուղեցույցներ,  

-բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը ԱԲ սահմանափակումների ու հնարավոր ռիսկերի մասին։

Քրիս Քոունին շեշտում է, որ ցանկացած նյութ պետք է ներքին ուսումնասիորության ենթարկվի, գնահատվի, ավելին այն պետք է գնահատվի նաև ոլորտային անկախ մասնագետների կողմից։ 

Փորձագետը նշում է, որ ԱԲ գործիքները կիրառելի են անգամ հետաքննական նյութերի պատրաստման մեջ, ինչի վառ ապացույցը The Wall Street Journal-ի հոդվածն էր այն մասին, թե փողոցներում որքան կապարաձույլ մալուխներ կան։ Լրագրողները ԱԲ գործիքներով և Google Street-ի օգնությամբ արբանյակային լուսանկարներին հասանելիություն էին ստացել և հաշվել մալուխների տարածվածությունը։ Բացահայտվել էր, որ հանրային տարածքներում դրանք թույլատրելի չափից շատ են։  

Մայիսին Երևանում անցկացված Թվապատում մեդիա կոնֆերանսի «Արհեստական բանականությանը ներդաշնակ» քննարկման ժամանակ Բրիտանական BBC-ի խմբագրական քաղաքականության ավագ խորհրդական Մեթյու Էլթրինգհեմն ասում էր, թե շատ բնական է, որ մարդիկ առայժմ զգուշորեն են մոտենում արհեստական բանականությանն ու դրա կողմից ստեղծված բովանդակությանը։  

Նա պատմում էր, որ իր ընտանիքում անգամ ԱԲ մասին տարբեր կարծիքներ կան․ «Տղաս, ով 22 տարեկան է ասում է, որ ԱԲ կողմից գեներացված մարդիկ, ովքեր լուրեր են կարդում, ընդունելի են իրար համար, քանի որ դա էապես չի փոխում ասվածի և արվածի իմաստը։ Իմ 22-ամյա զարմիկն էլ գտնում է, որ լավ է խաբել մարդկանց այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չգիտեն, որ իրենց խաբում են։ Իմ քույրն էլ կարծում է, որ ամեն ինչ կախված է համատեքստից, կինս էլ կտրականապես դեմ է։ Ես էլ համաձայն եմ կնոջս հետ, որովհետև մեդիա դերն ու իմաստը կորում է, երբ հեռարձակողի դերում իրական մարդիկ չեն»։ 

Ըստ Մեթյու Էլթրինգհեմի ԶԼՄ-ներն ունեն ռազմավարական առաքելություն խելամտորեն և պատասխանատու կերպով օգտագործել արհեստական բանականությունը, եթե չեն ուզում կորցնել լսարանի վստահությունը։ 

Այս տեսանկյունից BBC-ում, նրա խոսքով, չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր օգտագործել ԱԲ-ը լուրերի ստեղծման գործընթացում։  

«Մենք պատկերացնում ենք ԱԲ-ը թարգմանությունների կամ վերծանումների աջակցման մեջ։ Դժվար, բայց պատկերացնում ենք նաև հետաքննական նյութերի վերլուծության կիրառման ժամանակ։ Ով էլ լինի ԶԼՄ խմբագիրը, նա պատասխանատվություն է կրում արհեստական բանականության օգտագործմամբ ցանկացած որոշման համար։ Այսպիսով,եթե հրապարակվում է որևէ բան,որը խնդրահարույց է,քանի որ ԱԲ-ը մեղավոր չէ թյուրիմացությունների, սխալների, կեղծ տեղեկատվության համար։ Դրա մեղավորը խմբագիրն է, քանի որ նա է թույլ տվել դրա հրապարակումը։ Ուստի ցանկացած ԱԲ բովանդակություն ամեն դեպքում պետք է ստուգվի մարդու կողմից, հատկապես, եթե այն վերարտադրվելու է լրատվամիջոցներում»,- ասում էր Մեթյու Էլթրինգհեմը։ 

Նա ևս խորհուրդ է տալիս ստեղծել ԱԲ կիրառման ուղեցույցներ և առաջնորդվել դրանցով։  

NEWS.am Tech-ի խմբագիր Սասուն Խաչատրյանն էլ մեդիակոնֆերանսի ժամանակ ասում էր, որ իրենք հայերենով առաջադրանքներ հասկացող ԱԲ գործիքներ դեռևս չեն գտել, ուստի կիրառում են դրանք անգլերեն և ռուսերեն կոնտենտի ստեղծման մեջ։ Օրինակ՝ վերաշարադրում են անգլերեն և ռուսերեն տեքստերը, կատարում են թարգմանություններ, սղագրություններ։  

«ԱԲ գործիքները բավական հեշտացնում են գործը։ Նախկինում, օրինակ, հարցազրույցը լսում էինք, հընթացս սղագրում, ապա թարգմանում։ Որքան էլ ես անգլերեն գիտեմ, այն ամեն դեպքում երկրորդ լեզու է և բանավոր խոսքը թարգմանելը տաժանակիր աշխատանք է։ Հիմա ԱԲ գործիքին տալիս ենք աուդիֆայլը, յություբի լինքը, ու խնդրում ենք սղագրել։ Իհարկե, հետո նորից խմբագրում ենք, ստուգում ենք, բայց սա մի քանի անգամ արագացնում ու հեշտացնում է աշխատանքը»,- մանրամասնում էր նա։  

NEWS.am Tech-ում դիմում են ԱԲ օգնությանը, երբ կարիք ունեն մի քանի աղբյուրից տեղեկություն հավաքել։ Օրինակ, երբ ցանկանում են պատրաստել հոդված այն մասին, թե ինչին ուշադրություն դարձնել հեռախոս գնելիս։  

«Նախկինում որոնողական համակարգում գրում էինք թեման, կարդում էինք մի քանի հոդված այս թեմայով, դուրս էինք բերում մեզ կարևոր թվացող հատվածները, թարգմանում էինք դրանք, վերաշարադրում ու հրապարակում։ Հիմա ընդամենը մեկ նախադասությամբ առաջադրանք ենք տալիս ‎Gemini-ին ու վերջինս մեզ առաջարկում է պատրաստի հոդված, որտեղ մի քանի աղբյուրներին հղումներ կան»,- պատմում է Սասուն Խաչատրյանը։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *