2024.05.27,

Նյուսրում

Ինչպես լուսաբանել բնական աղետները․ վարքի կանոններ լրագրողների համար

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Մայիսի 26-ին Լոռի և Տավուշի մարզերում տեղի ունեցավ խոշոր ջրհեղեղ, որի հետևանքով կա երեք զոհ, վիրավորներ, տարհանված բնակչություն և մեծ ավերածություններ, որոնց չափը գնահատելու համար դեռ ժամանակ է պետք։ 

Արտակարգ բոլոր իրավիճակներում, այս դեպքում ևս, մեծացավ լրատվամիջոցների դերը։ Մարդիկ ուշի ուշով հետևում են զանգվածային մեդիա միջոցներին՝ ինֆորմացիա ստանալու, հրահանգներին հետևելու և կարծիքներ լսելու համար։  

Բնական որևէ աղետի ժամանակ, լինի դա երկրաշարժ, հրդեհ, թե ջրհեղեղ, մարդիկ առաջնահերթ ուզում են ստանալ մի քանի հարցի պատասխան՝ ապահով է արդյոք այն վայրը, որտեղ իրենք գտնվում են, եթե ոչ, ապա որտեղ պատսպարվել, կան արդյոք զոհե՞ր կամ վիրավորվեր և ովքեր են նրանք, կրկնվելո՞ւ է արդյոք տեղի ունեցածը, թե դրա հավանականությունը քիչ է։  

Լրագրողների դերը այս և այլ հարցերի պատասխանները գտնելու և մարդկանց տեղեկատվական պահանջը բավարարելու հարցում, իհարկե, առանցքային է։ Սակայն, կարևոր է հիշել հատկապես դեպքի վայրից աշխատող լրագրողների, օպերատորների, լուսանկարիչների անվտանգության ապահովման մասին։  

Ներկայացնում ենք մի քանի կանոն մեդիա աշխատակիցների համար՝ բնական աղետների լուսաբանման ժամանակ․ 

-Հստակ պատկերացնել այն տարածքը, որտեղ տեղի ունեցել բնական աղետը և որտեղից պետք է լրագրողական թիմը աշխատի։ Կարևոր է ունենալ GPS կամ քարտեզ՝ մոլորվելու, չնախատեսված այլ իրավիճակների դեպքում ելք գտնելու համար։  

-Երկար չմնալ փակ տարածքներում, հատկապես այնպիսի տարածքներում, որոնք արդեն փլուզվել են աղետի հետևանքով և կարող են փլուզվել։ Չմտնել ջրափոսերը, քանի որ հայտնի չէ դրանց խորությունը։ Չօգտվել էլեկտրաէներգիայի, գազի ընդհանուր համակարգերից, քանի որ դրանք կարող են նոր աղետներ ստեղծել։ 

-Չմեկնել դեպքի վայր առողջական խնդիրներով։ Հատկապես այնպիսի խնդիրներով, որոնք կարող են լուսաբանման ժամանակ առաջացնել հենաշարժողական խնդիրներ։  

-Հագնվել եղանակին համահունչ։ Ունենալ փոխնորդ շորեր։  

-Ապահովվել տեխնիկական ինքնաբավությունը (էներգիայի աղբյուրներ, շարժական ինտերնետ, անվտանգության սարքավորումներ և այլն)։  

-Ունենալ փոքր դեղատուփ՝ առաջին անհրաժեշտության դեղորայքով հագեցած։ 

-Նախապես մտածել սնունդի մասին։ Վերցնել այնպիսի սնունդ, որը շուտ չի փչանա և երկար հագեցած կպահի։  

-Ունենալ կոնտակտային համարներ, որպեսզի հեռախոսի մարտկոցը նստելու կամ այն կորցնելու դեպքում հնարավոր լինի կապ հաստատել որևէ մեկի հետ։ 

Թերևս ամենակարևոր վարքականոնը վերաբերում է լուսաբանմանը։ Նման իրադարձությունները հետաքրքիր են ոչ միայն բուն իրադարձությամբ, այլև մարդկային բազում պատմություններով, ովքեր ականատես են եղել աղետին, տուժել են, ստացել վնասվածք, կորցրել հարազատներին ու ունեցվածքը։  

Նման մարդիկ մեդիայի համար «հերոսներ» են։ Պետք է հաշվի առնել մարդկանց հուզականությունը և չօգտվել դրանից՝ սենսացիոն նյութ ունենալու համար։ Տեղի ունեցածը փոխանցել հանրությանը՝ հաշվի առնելով նրանց ցավը, տխրությունը, կորուստը ու չվնասել մարդկանց։ Խուսափել այնպիսի ձևակերպումներից, բառամթերքից, որոնք կստիպեն հեռուստադիտողին կամ ընթերցողին ծայրահեղական գնահատականներ հնչեցնել, նրանց վիրավորել կամ սպառնալ։  

Յունեսկոյի հրապարակած ուղեցույցում ամենայն մանրամասներով նկարագրվում է, թե ինչպես պետք է վարվի լրագրողը տուժածների հետ աշխատելիս, հոգեբանական ինչ մոտեցում պետք է ցուցաբերի, ինչպես ձևակերպի հարցերը որպեսզի հնարավորինս մեղմի այդ մարդկանց վիճակը՝ չդառնալով առիթ ևս մեկ անգամ վերապրելու եղածը։ 

Նրանց կողմից կատարած հետազոտության մեջ նշում է, որ մարդիկ առավել հաճախ փոշմանում են շոկային իրավիճակներում իրենց կողմից իսկ հնչեցրած մտքերի համար՝ նշելով, որ եթե ժամանակ ունենային կատարվածի ու հարցազրույցի միջև այլ կերպ կխոսեին:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *