Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանը ստացավ «Մամուլի ազատության մրցանակ»-ը։ Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2024թ․ մրցանակը հանձնեց Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիան, որի կազմում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Հանրային լրագրության ակումբը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։
Լրագրողական կազմակերպությունները վերականգնել են մինչև 2018թ․-ը գործող ամենամյա «Մամուլի ազատության ժամանակը» անունը կրող լրագրողական մրցանակը։
Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի ժուռնալիստների միության կողմից 2006-ին հիմնված «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը վերջին անգամ տրվել էր 2017-ին։
6 տարվա դադարից հետո մրցանակն այսօր սահմանվում է նոր՝ «Մամուլի ազատության մրցանակ» անվանմամբ։
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ այս տարիների ընթացքում տեղի ունեցած տարբեր իրադարձություններով պայմանավորված՝ հնարավոր չէր լինում իրականացնել մրցանակաբաշխությունը, այժմ հույս ունեն, որ նոր ոգով, նոր գաղափարներով ու նոր անվանմամբ այս մրցանակը կշարունակի իր ճանապարհը։
«Մամուլի ազատության ժամանակի» առաջին մրցանակակիր՝ Առավոտ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը «Մամուլի ազատության մրցանակ»-ը հանձնեց Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին՝ «Որակյալ լրագրության զարգացմանը նպաստելու համար»։
«Հեղինեի բոլոր նյութերում նկատելի է հսկայական ու շատ խնամքով արված աշխատանք։ Դրանք համապատասխանում են լրագրողական բոլոր ստանդարտներին։ Եվ պետք է ասեմ, որ՝ որպես Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար, մեծ առաջընթաց է ապահովել ամբողջ խմբագրության համար»,- ասաց Արամ Աբրահամյանը։
Հեղինե Բունիաթյանի համար այս մրցանակի հետևում նաև իր գործընկերներն են՝ Ազատության պրոֆեսիոնալները։ Եվ այսօր, երբ լրատվամիջոցների նկատմամբ վստահության խնդիր կա, երբ դաշտը ողողված է ապատեղեկատվական հոսքերով, նման մրցանակ ստանալը նրա կարծիքով շատ պարտավորեցնող է։
«Մենք՝ լրագրողներս, մի կողմից ունենք լիակատար ազատություն և անսահման գործիքներ, մյուս կողմից որակյալ լրագրության պակասն այսօր էլ ավելի է խորանում, փաստարկված բանավեճի պակաս կա, ամենատարբեր ոլորտներում՝ կրթության չափորոշիչներից մինչև անվտանգություն, արտաքին քաղաքականությունից մինչև բժշկական ապահովագրություն։ Ես չեմ կարծում, որ արել եմ առավելագույնը, ես կարծում եմ որ դեռ շատ բան ունեմ անելու և այս մրցանակն ընդունում եմ,որպես ավանս առաջիկա որակյալ հարցազրույցների ու նյութերի համար»,- ասաց Հեղինե Բունիաթյանը։
Հեղինեն հույս հայտնեց, որ մրցանակը կդիմանա ժամանակի քննությանը, և տասը տարի անց մրցանակաբաշխության կազմակերպիչները չեն կասկածի իրենց որոշման արդարացի ու արդարացված լինելու հարցում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: