2024.05.02,

Նյուսրում

Քաղաքական սրացումներին զուգահեռ՝ լրագրողների նկատմամբ բռնությունների տարբեր դեպքեր են գրանցվել    

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը մեղադրվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ բռնություն գործադրելու միջոցով խոչընդոտելու համար։ Նա դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ 

Դեպքի մանրամասները 

Ապրիլի 30-ին` ԱԺ-ում, բռնության է ենթարկվել Civic.am լրատվական կայքի թղթակից Դավիթ Լևոնյանը։ Լրագրողը պատմել է, որ ԱԺ բակում իրեն է մոտեցել պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը, պարզաբանում է պահանջել օրեր առաջ սոցիալական ցանցում իր հրապարակած «Բագրատ «սրբազանի» ու ԿԳԲ-ի կապը. ով է նա ու ինչի՞ է ցանկանում հասնել» տեսանյութի համար։ Տեսանյութում լրագրողն ասել է, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը սպասարկում է ռուսական շահերը։  

Թեև Դավիթ Լևոնյանը պարզաբանել է, որ իր կողմից տարածված տեսանյութն իր՝ լրագրողի ազատ խոսքն է և անձնական կարծիքը, այնուամենայնիվ, խոսակցությունը վերաճել է վիճաբանության։ Ըստ լրագրողի պատմածի՝ պատգամավորի օգնականը հայհոյել է իրեն, ձեռքով հարվածել դեմքին, ինչի պատճառով նա ընկել է, իսկ նրա ձեռքին եղած տեսախցիկը վնասվել է։ Պատգամավորի օգնականը լրագրողին մեղադրել է «սրբապղծության» մեջ։ 

Հայցեր ու հայտարարություններ  

Դեպքից հետո Civic.am-ը հայտարարություն էր տարածել ու դիմել իրավապահ մարմիններին, որ համապատասխան իրավական գնահատական տան կատարվածին։  

Հայտարարություն էր տարածել ու դատարան դիմել նաև «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը՝ Դավիթ Լևոնյանին մեղադրելով զրպարտության և վիրավորանքի մեջ։  

Լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ դրսևորված անհանդուրժողականությունն ու կիրառված բռնությունը դատապարտել են նաև մի խումբ լրագրողական կազմակերպություններ։  

Նրանց հայտարարության մեջ ասվում է, որ եթե նույնիսկ լրագրողի յություբյան նյութում վիրավորանք կամ զրպարտություն է եղել, ապա խնդրի լուծման համար իրավական ճանապարհներ գոյություն ունեն, և ուժի կիրառումը որևէ արդարացում չի կարող ունենալ։ Նրանք հորդորել ու պահանջել են պատգամավոր Լևոն Քոչարյանից՝ հանդես գալ հայտարարությամբ․ կատարված բռնության համար հայցել լրագրողի ներողամտությունը և գնահատական տալ իր օգնականի արարքին։ 

Լրագրողական կազմակերպություններն իրենց հայտարարության մեջ նաև անդրադարձել են վերջին օրերին լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտող մյուս գործերին։  

«Ակնհայտ է, որ վերջին օրերին երկրում հասարակական-քաղաքական մթնոլորտի որոշակի սրացումներին զուգահեռ՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների և օպերատորների վրա հարձակումների, տարատեսակ ճնշումների նոր ալիք է բարձրացել։ Սա չի կարող չառաջացնել խորը մտահոգություն ու վրդովմունք, հատկապես եթե հաշվի առնենք, որ այդ բռնությունները, որպես կանոն, իրավական գնահատական և հետևանք չեն ունենում, ինչը նպաստում է նմանատիպ միջադեպերի ավելացմանը»,- ասված է լրագրողական կազմակերպությունների հայտարարության մեջ։ 

Դավիթ Լևոնյանի դեպքը վերջին տասը օրվա ընթացքում լրագրողների աշխատանքի խոչընդոտման թվով հինգերորդ արձանագրված միջադեպն է։ Ներքաղաքական լարվածության աճի ֆոինին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի դեմ ընթացող բողոքի ակցիաների ժամանակ, թե՛ Երևանում, թե՛ Տավուշի մարզում, լրագրողների իրավունքների ոտնահարման տարբեր դեպքեր են գրանցվել։ 

Այս թեմայով իր անհանգստությունն է հայտնել նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը։  

«Լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։ 

Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ: 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *