Տավուշի մարզում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն անընդունելի համարող քաղաքացիների ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանները խոչընդոտել են «Առավոտ» օրաթերթի տնօրեն Գարիկ Մելքոնյանի աշխատանքը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ին՝ Բագրատաշեն-Այրում ճանապարհին բողոքի ակցիայի ժամանակ։
Դեպքի մանրամասները տեսանելի են «Առավոտ»-ի հրապարակած տեսանյութում։
Ակցիայի մասնակից քաղաքացիների և ոստիկանների միջև ընդհարումների ժամանակ իրավապահները, նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, մոտեցել են «Առավոտ»-ի ներկայացուցչին։ Եղել է հարված, որից հետո Գարիկ Մելքոնյանի ձեռքից հեռախոսն ընկել ու վնասվել է։
Գարիկ Մելքոնյանը պատմում է, որ միջադեպից առաջ ոստիկանները բազմիցս զգուշացրել են, որ քաղաքացիներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները դուրս գան ճանապարհի երթևեկելի մասից և չխոչընդոտեն ոստիկանների աշխատանքին։
«Տեսանյութում էլ երևում է, որ երբ ոստիկանները փորձում են քաշելով, հրելով, վնասելով հանել փողոցի երթևեկելի հատվածում գտնվող մեքենան ու բացել ճանապարհը, ես ասում եմ․ «ջարդեցիք էդ մեքենան»։ Ոստիկանները երևի չէին ցանկանում, որ իրենց գործողությունները լուսաբանվի, դրա համար էլ նրանցից մեկը մոտենում է ու հարվածում հեռախոսիս»,- ասում է Գարիկ Մելքոնյանը։
Ոստիկանների նման վարքագիծն անընդունելի են համարել լրագրողական մի քանի կազմակերպություններ ու պահանջել են, որ Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննություն իրականացնի և բացահայտի իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին։
Հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանության գործելաոճն է դարձել ցուցարարների դեմ ուժ կիրառելիս՝ թիրախավորել նաև տեղում մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներին ու լրատվամիջոցի ներկայացուցիչներին։ Խնդիր է նաև այն փաստը, որ ոստիկանների այդ ապօրինի գործողություններն անպատիժ են մնում։ Լրագրողական կազմակերպությունները պահանջել են․
- բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները
- բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը, և իրավապահների քայլերի հնարավոր ազդեցությունը լրագրողների աշխատանքի, նրանց անաչառության և մարդկանց տեղեկացված լինելու իրավունքի վրա
- քննարկում նախաձեռնել զանգվածային ակցիաների ժամանակ ուժային կառույցների գործողությունների համաչափության խնդիրների, այդ թվում՝ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ, և անհրաժեշտ որոշումներ կայացնել իրավիճակը բարելավելու ուղղությամբ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: