2024.04.22,

Նյուսրում

Անչափահասի բռնաբարության մասին մանրամասների հրապարակումները նրան կարող են կրկնազոհ դարձնել    

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Անցյալ շաբաթ լուր տարածվեց Վարդենիսում մի անչափահաս աղջկա սեռական բռնության ենթարկելու մասին։ Դեպքի մասին եղան հրապարակումներ, որտեղ կային լրագրողական էթիկայի նորմերի հետ կապված խնդիրներ։ Դրանցում՝ անտեսելով երեխայի լավագույն շահը, լրագրողները հայտնում էին որոշ մանրամասնություններ, որոնք խնդրահարույց էին երեխայի անձնական տվյալների պահպանության տեսանկյունից։  

Խնդրահարույց հրապարակումներ  

Aysor.am -ը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ աղջիկը բնակվում է Սոթքում։ Վարդենիսում հաճախում է երաժշտական դպրոց՝ տաքսիով։ Եվ որ հենց տաքսու վարորդն ու նրա հետ ևս մեկ տղամարդ են կատարել հանցանքը։ 

Այս հոդվածը վերահրապարակվել էր բազմաթիվ լրատվամիջոցներում։ Այլ լրատվամիջոցներ էլ եղած ինֆորմացիային ավելացրել էին նոր տեղեկություններ ու էլ ավելի բացահայտել երեխայի անձնական տվյալները։  

Օրինակ Тert.am-ը գրել էր, որ դեռահասի մայրն աշխատում է զորամասում, Pastinfo-ն հենց վերնագրում նշել էր ու թիրախավորել, որ աղջիկն արցախցի է։  Հրապարակը եղածին ավելացրել էր, որ բռնության զոհ է դարձել նաև աղջկա մայրը։ Shamshyan.com-ը գրել էր դեռահասի ազգանվան ու անվան սկզբնատառերը, նշել, թե որ դասարանում է սովորում։  

Դեպքի վերաբերյալ, իրենց բնորոշմամբ ուշագրավ տեղեկատվություն էր հայտնել ArmLur-ը։ Հրապարակման մեջ նշվում էր, որ «տեղի բնակիչները իրավապահների հետ զրույցում ասել են, որ 13-ամյա աղջիկը այդքան էլ չի փայլել վարքով»:  

Armlur-ն աշխատում է մասնագիտական էթիկայի ներքին վարքականոնի շրջանակներում, որտեղ գրված է ««Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի լրագրողները չեն հրապարակում մարդկանց մասնավոր կյանքի մասին տեղեկություններ, առանց փոխադարձ համաձայնության՝ բացառությամբ պաշտոնական տեղեկությունների»: 

ArmLur-ի պատասխանատու խմբագիր Սոնա Գրիգորյանը, պարզաբանելով անչափահասին թիրախավորող որակումը, ասում է, որ հարևաններն են զանգահարել խմբագրություն և այդ կերպ իրենց բողոքն են արտահայտել իրենց հարևանությամբ ապրող մոր և աղջկա վերաբերյալ։  

«Մենք բնակիչների ահազանգն ենք բարձրաձայնել, մենք էլ հասկանում ենք, որ խոսքն անչափահասի մասին է, և դա է պատճառը, որ շատ կարճ ու հակիրճ ենք ձևակերպել հարևանների բողոքը։ Մենք անձնական տիրույթ չենք մտել, միայն հարևանների բողոքն ու անհանգստությունն ենք ներկայացրել, իրենց էլ է պետք լսել ու իրենց խոսքը բարձրաձայնել չէ՞»,- ասում է Սոնա Գրիգորյանը։ 

Փորձագիտական կարծիք

Երեխաների մասին հրապարակումների վերաբերյալ բոլոր կարելիներն ու չի կարելիներն ամփոփված են ԶԼՄ Էթիկայի Դիտորդ մարմնի՝ «Խոցելի խմբերի խնդիրները լուսաբանող լրագրողների համար մշակված» ուղեցույցում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԻՊ-ի գրասենյակի համատեղ մշակած էթիկական ձեռնարկում և Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության՝ «Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ձեռնարկում»։  

ԶԼՄ Էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Դավիթ Ալավերդյանը, անդրադառնալով դեպքի վերաբերյալ խնդրահարույց հրապարակումներին, հիշեցնում է լրագրողական մի՛ վնասիր սկզբունքի և ցանկացած դեպքում երեխայի լավագույն շահը կարևորելու մասին։  

«Մեր լրատվամիջոցները պարտավոր են իրենց հրապարակումներով չվնասել երեխային, չխախտել նրա անձնական տվյալները։ Նմանատիպ դեպքերում լրատվամիջոցները չպետք է փնտրեն որոշակի լրացուցիչ տեղեկություններ երեխայի ով լինելու կամ նրա ընտանիքի վերաբերյալ։ Հասկանալի է, որ այսօր միայն լրատվամիջոցները չեն հանդիսանում ինֆորմացիա ստեղծող ու տարածող։ Երբեմն սոցիալական ցանցերում օգտատերերը, որոնք ծանոթ են դեպքի մանրամասներին, կամ տվյալ անձանց հարևանները, ծանոթները, չլինելով բավականաչափ մեդիագրագետ, գրում են, պատմում են որոշակի մանրամասնություններ ու առաջ են քաշում տարբեր վարկածներ, սակայն լրատվամիջոցները այդ տեղեկությունները չպետք է օգտագործեն իրենց նյութերում և տարածեն։ Սա այն թեման չէ, որով լայքեր կամ դիտումներ կարելի է հավաքել»,- ասում է Դավիթ Ալավերդյանը։ 

Դեպքին վերաբերող մի շարք հրապարակումների վերաբերյալ արդեն ուսումնասիրություն է սկսվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։ ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանն ասում է, որ երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր է անձնական տվյալների պահպանությունը։ Պետք է բացառել ցանկացած տվյալի հրապարակումը, որը կարող է թեկուզ անուղղակիորեն նպաստել երեխայի նույնականացմանը։  

«Երեխաներին վերաբերող թեմաները լուսաբանելիս՝ ցանկացած դեպք պետք է առանձին ուսումնասիրվի։ Պետք է հասկանալ, արդյոք լուսաբանման ընդհանուր չափորոշիչներն ու կանոնները նպատակահարմար են տվյալ դեպքի համար։ Օրինակ, երբ համայնքը փոքր է, միայն երեխայի տարիքը, անվան ու ազգանվան սկզբնատառերը գրելն անգամ բավարար է, որ տեղի ունենա երեխայի նույնականացում, հենց սա է պատճառը, որ յուրաքանչյուր դեպք նախքան լուսաբանելը, պետք է առանձին ուսումնասիրել»,- ասում է ՄԻՊ աշխատակիցը։  

Մասնագետը նշում է, որ երբեմն խմբագրությունները չեն հրապարակում երեխայի անուն ազգանունը և թվում է, թե դրանով իսկ պահպանում են կանոնները, բայց օրինակ ընտանիքի վերաբերյալ թեկուզ ամենափոքր ինֆորմացիան, բնակության մոտավոր վայրը կամ դպրոցն ու երեխայի նախասիրություններն անգամ դառնում են երեխային նույնականացնելու պատճառ և վնասում նրան՝ մեծացնելով հետագայում թիրախավորվելու և կրկին բռնության զոհ դառնալու վտանգը։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *