2024.04.17,

Նյուսրում

Հայ-ադրբեջանական համատեքստը Ռուսաստանի և Ադրբեջանի ընտրություններում․ հետազոտություն 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնն ուսումնասիրել է, թե տարեսկզբին Ադրբեջանում և Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններում ինչ տեղ է հատկացվել հայ-ադրբեջանական համատեքստին։  

Հետազոտողները դիտարկել, առանձնացրել ու իրար կողք կողքի համադրել ու զուգահեռներ են անցկացրել այն փաստերի միջև, որոնք ձեռագրային ընդհանրություններ են ստեղծել Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահական ընտրություններում։  

Ի՞նչ ընդհանրություններ կային 

Իլհամ Ալիևը զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի պաշտոնը 2003 թվականից սկսած։ Այս տարի՝ փետրվարին, տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում նախագահի պաշտոնում վերընտրվել է 5-րդ անգամ։ Ղեկավարելու է մինչև 2031 թվականը։ 

Վլադիմիր Պուտինն էլ ՌԴ-ն փաստացի ղեկավարում է 1999 թվականից։  Մարտին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ նա ևս վերընտրվել է 5-րդ անգամ։ Պաշտոնավարման ժամկետը մինչև 2030 թվականն է։  

Ո՛չ Ալիևը, ո՛չ Պուտինը քարոզարշավի ընթացքում չեն մասնակցել ընտրողների հետ հանդիպումների ու նախընտրական բանավեճերի։  

Ադրբեջանի ԿԸՀ-ի կողմից հաստատված նախագահի մյուս 6 թեկնածուները գործող նախագահ Իլհամ Ալիևի հավատարիմ կողմնակիցներն էին։ Նրանցից հինգը Ալիևի մրցակիցներն են եղել նաև նախկին ընտրությունների ժամանակ։ Նրանք ամեն անգամ ընտրողների համար ստեղծել են այլընտրանքի և ազատ ընտրության պատրանք։ Վերջին ընտրությունների ընթացքում էլ այս ամենն այնքան բացահայտ էր, որ նույնիսկ, իշխանամետ փորձագետներն ու քաղաքական գործիչները լուրջ չէին ընդունում Ալիևի «ընդդիմախոսներին»։  

Ռուսաստանի դեպքում էլ գրեթե նույն պատկերն էր։ Մրցակից երեք կուսակցություններից երկուսի թեկնածուները մասնակցել էին նախընտրական պայքարին Պուտինի հինգ ընտրությունների ժամանակ։  

 Թե՛ Ալիևը, թե՛ Պուտինը կարողացել են իրենց մրցակիցներից առաջ անցնել զգալի տարբերությամբ։ 

Որոշ ռուս վերլուծաբանների կարծիքով՝ ընտրություններին մասնակցող մյուս թեկնածուների խնդիրն է եղել լեգիտիմացնել Պուտինի ընտրությունները և հենց դա էր պատճառը, որ  նրանց նախընտրական խոսույթում գերակայում էին Պուտինի շեշտադրումները։  

Ադրբեջանում էլ  գործող նախագահի մրցակից թեկնածուները նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում, հիմնականում առաջ էին տանում այն բոլոր թեզերն ու շեշտադրումները, որոնք արել էր Ալիևը կառավարական հեռուստաընկերություններին տված հունվարյան ասուլիսի ժամանակ։  

Հետազոտութան ադրբեջանական հատվածն իրականացնող Արիֆ Յունուսովը, որը Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտների ուսումնասիրության և միգրացիայի բաժնի տնօրենն է, իր հոդվածում նշել է, որ Ալիևը հունվարյան ասուլիսի ժամանակ ասել է․ ընտրությունների վերաբերյալ իր որոշումը պայմանավորված է Ադրբեջանի համար նոր դարաշրջանի մեկնարկով, որը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։   

Ընտրություններն Ադրբեջանում  

Թեև ադրբեջանական հասարակությունը հետաքրքրված էր ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներով, և թեկնածուների, այդ թվում՝ Ալիևի նախընտրական ծրագրերի զգալի մասը վերաբերում էր հենց այդ խնդիրներին, բայց հայկական թեման ևս շատ կարևոր էր ու առաջնային։   

Իշխանամետ քարոզչության մեջ այս ընտրությունները կոչվեցին «Հաղթանակի ընտրություններ» (ադրբեջաներեն՝ «Zafar sechkilyar»), քանի որ դրանք տեղի էին ունենում հանրապետության ողջ տարածքում։ 

Արիֆ Յունուսովն իր հետազոտության մեջ նշել է, որ հայկական թեմայի շուրջ հիմնական ուղղությունները որոշվել են Իլհամ Ալիևի հունվարյան հարցազրույցում։  

Այստեղ նա կրկին ներկայացրել էր Հայաստանի պատմության իր տարբերակը՝ ևս մեկ անգամ հայտարարելով, որ ոչ միայն Երևանը, այլև Հայաստանի մյուս բնակավայրերը «պատմական ադրբեջանական հողեր» են, որոնք մաս-մաս են փոխանցվել Հայաստանին։ Ինչի արդյունքում էլ, Ադրբեջանի տարածքը, որը կազմում էր գրեթե 100 հազար քառակուսի կիլոմետր… կրճատվել է մինչև 86,6 հազար քառակուսի կիլոմետրի։  

Իշխանամետ շրջանակների կողմից այս թեմայով նույնիսկ Ադրբեջանին հասցված վնասի փոխհատուցման պահանջներ են եղել Հայաստանից։ Նշված գումարը եղել է հարյուր միլիարդավոր դոլարներ։ 

Նախագահի այլընտրանքային թեկնածուները, հայկական թեմային անդրադառնալով, կրկնել էին Ալիևի հարցազրույցում մատնանշված հիմնական ուղղությունները։  

Նրանք հանդես էին եկել Հայաստանին խաղաղության պարտադրելու, Ադրբեջանի պատմական հողերի վերադարձի, Զանգեզուրի միջանցքի բացման օգտին և դատապարտել էին Արևմուտքին՝ Հայաստանին աջակցելու համար:  

Վստահեցնում էին, որ Հայաստանը Արևմուտքի և առաջին հերթին Ֆրանսիայի դրդմամբ սաբոտաժի է ենթարկում Իլհամ Ալիևի խաղաղարար նախաձեռնությունները։  

Հայաստանի հետ բանակցությունների թեման լրջորեն արտացոլված չէր  նախագահի թեկնածուների նախընտրական ելույթներում։ Թեկնածուները չէին քննարկում նաև  

Ղարաբաղում և Ադրբեջանի այլ բնակավայրերում հայերին իրենց տները վերադարձնելու հնարավորությունը։  

Ընտրությունները Ռուսաստանում 

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն էլ, ուսումնասիրելով Ռուսաստանում ընտրական գործընթացը, նշում է, որ ընտրությունների ու հայ-ադրբեջանական հետպատերազմյան իրողությունների թեմաները չեն հատվել, այլ զարգացել են առանձին, զուգահեռ հարթություններում։  

Ռուս-ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի ու Արևմուտքի սրվող առճակատումը կենտրոնական տեղ են գրավել թեկնածուների և նրանց կողմնակիցների նախընտրական քարոզարշավի ելույթներում։ 

Հետպատերազմյան (2020թ.) հայ-ադրբեջանական հակամարտությունը ուղիղ կերպով չի արտահայտվել թեկնածուների ելույթներում, բայց զարգացել է զուգահեռ տեղեկատվական ուղղու վրա՝ որպես հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիր։  

Լաուրա Բաղդասարյանը նշում է, որ հայ- ադրբեջանական հակամարտության համատեքստը դիտարկվել է ռուս- արևմտյան հակամարտության համատեքստում, որպես դրա մի դրսևորում։ Խնդիր այն է, որ ցանկացած իրադարձություն, որը դուրս է Ռուսաստանի նախապես պլանավորած ծրագրերից, դիտարկվում է որպես Արևմուտքի խարդավանքների հետևանք։  

Սա ավելի ակնհայտ է դառնում արևմտյան երկրներին ուղղված մեղադրանքներում, որոնցում ասվում է, որ Արևմուտքի նպատակն է պոկել Ռուսաստանից այն, ինչ հնարավոր է։ Նրանք համոզված են, որ Արևմուտքի նպատակն է ոչ թե լավություն անել Հայաստանին կամ Ադրբեջանին, այլ վատություն անել հենց Ռուսաստանին։  

Այս ընթացքում ռուսական և հայկական պաշտոնական շրջանակների կողմից արված խաչաձև հայտարարությունների բուռն ալիքը վկայում էր հռետորական մակարդակում իրավիճակի աննախադեպ սրման մասին։ Փոխադարձ դժգոհության պատճառների և հետևանքների շղթայի հայկական և ռուսական տարբերակները փոխկապակցված չէին։ Հայկական կողմի համար այս շղթայի առաջին օղակը սկիզբ էր առնում հայ-ադրբեջանական համատեքստից, իսկ ռուսական կողմի համար գլխավոր գրգռիչը Հայաստանի նոր գործընկեր գտնելու փորձերն էին, այն էլ Ռուսաստանի թշնամիների՝ արևմտյան երկրների շարքերում։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *