2024.04.10,

Նյուսրում

Մեդիագրագիտությունը Հայաստանի դպրոցներում․ հետազոտություն 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Առցանց անվտանգություն, մեդիա մանիպուլյացիաներ, անձնական տվյալների պաշտպանություն, կիբեռբուլինգ․ այս և շատ այլ խնդիրների բախվում են դպրոցահասակ երեխաները գրեթե ամեն օր։ Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, երեխաները սկսել են ավելի շատ օգտվել թվային գործիքներից, հենց այդ պատճառով էլ դրանց գրագետ կիրառումը դարձել է առաջնային խնդիր։ Լինելով մեդիասպառող՝ երբեմն էլ, մեդիաստեղծող՝ կարևոր է, որ նրանք լինեն մեդիագրագետ։  

Հայաստանում մեդիագրագիտությունը հանրակրթության պետական նոր չափորոշիչների ութ կարողունակություններից մեկն է, նաև ուսուցիչների ատեստավորման բաղադրիչ է։ Մեդիագրագիտությունը նոր է ներդրվել կրթական համակարգում և դեռ ինստիտուցիոնալացված չէ և խնդիրներից մեկն էլ այն է,որ բոլոր նախաձեռնությունները փորձնական են ու հատվածային։ 

Դպրոցներում մեդիագրագիտության ներդրման կարևորությունը, ներկայիս իրավիճակը, ուսուցման թեմաների ընտրությունը, ինչպես նաև  ուսուցիչների ու սովորողների կարիքները հասկանալու համար՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում իրականացրել է «Մեդիագրագիտությունը Հայաստանի դպրոցներում» հետազոտությունը։   

Որակական հետազոտության ընթացքում հեղինակներն աշխատել են 4 ֆոկուս խմբի ներկայացուցիչների հետ՝ միջին և ավագ դպրոցների աշակերտներ,  աշակերտների ծնողներ, մեդիագրագիտության թեմաներն իրենց առարկաներում ներառած և չներառած ուսուցիչներ։   

Հետազոտության մեջ ներառված են նաև փորձագիտական կարծիքներ։ Ըստ այդ կարծիքներից մեկի, գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում մեդիագրագիտությունը կարևորվում է շատ քիչ դպրոցներում։ 1400 դպրոցից հաճախ ակտիվ են 200-300-ը։ Մինչդեռ, այն երեխաների մոտ զարգացնում է հարցեր տալու, տարբեր տեղեկություններին քննադատաբար վերաբերվելու կարողությունները՝ նվազեցնելով նրանց խոցելիությունը մեդիառիսկերից։  

Հետազոտության մասնակիցները համակարծիք են, որ թեպետ, պատանիներն ու երիտասարդներն ավելի հեշտությամբ են օգտվում թվային գործիքներից, բայց միշտ չէ, որ կարողանում են պահպանել անվտանգության կանոնները, ավելի հեշտ են թիրախավորվում և դառնում են մեդիա մանիպուլյացիաների զոհ։   

Ի՞նչ են անցնում և ինչպե՞ս  

Դպրոցներում մեդիագրագիտության ուսուցման հաջորդ խնդիրը բովանդակային է։ Փորձագետներն ասում են, որ հաճախ մեդիագրագիտությանը վերաբերող թեմաների քննարկումները դպրոցներում մակերեսային են և խորքային գիտելիքներ չեն ապահովում։  

Թեմատիկ շեշտադրումներին անդրադառնալով` առաջնահերթ են համարվել քննադատական մտածողության ու վերլուծական կարողությունների զարգացումը, որոնց պակասը դպրոցներում շատ է նկատվում։  Մասնակիցները նշել են, որ քննադատական մտածողությունը պետք է լինի մեդիագրագիտության ուսուցման հիմքում։  

Կարևորվել է նաև թվային տեխնոլոգիաներից օգտվելու գիտելիքների ու հմտությունների զարգացումը,  առանց որոնց մեդիագրագիտությանն անդրադառնալը մասնակիցները համարել են  ոչ այդքան արդյունավետ։  

Դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ փորձագետների և ուսուցիչների մոտեցումները համընկնում են՝ ինտերակտիվ և ավանդական դասապրոցեսից դուրս ֆորմատների դեպքում աշակերտներն ավելի ներգրավված են լինում։  

Ուսուցիչները պատմել են, որ ֆիլմերի, տեսահոլովակների դիտում ու քննարկումներ են կազմակերպում, բեմականացումներ են անում,  փոդքասթեր ու խաչբառեր են պատրաստում։ Ֆոկուս խմբի քննարկման ժամանակ աշակերտներն էլ ասել էին, որ առավել հետաքրքրված ու ոգևորված են մասնակցում, երբ մեդիագրագիտության դասերն անցկացվում են ինտերակտիվ, խաղերի միջոցով։  

Մեդիագրագիտության վերապատրաստում անցած ուսուցիչները, որոնք մեդիագրագիտությանն առնչվող տարբեր նախաձեռնություններ են իրականացնում, նշել են, որ հաճախ իրենց դպրոցների այլ ուսուցիչների և վարչակազմի կողմից պիտակավորվել են որպես «թիթիզ բաներ անող», «դասը խաղի վերածող», «Եվրոպա քարոզող»։ 

Կարելի է ասել, նաև սա է պատճառը, որ հետազոտության մասնակից փորձագետները նշում են, որ մեդիագրագիտության վերապատրաստումների և գիտելիքի կարիք ունեն բոլոր ուսուցիչները՝ անկախ նրանից, թե ինչ առարկա են դասավանդում։   

Առանձին առարկա՞, թե՞ ինտեգրված այլ առարկաներում 

Հետազոտության գրեթե բոլոր մասնակիցները կարծում են, որ Հայաստանում մեդիագրագիտությունը պետք է ինտեգրված լինի տարբեր առարկաների շրջանակում, ոչ թե հանդես գա որպես առանձին առարկա։ Հիմնավորումները մի քանիսն են․  

  • Մեդիագրագիտությունն առանձին գիտություն կամ գիտակարգ չէ, այլ ավելի շատ հմտություն և կարողություն է, որը կարող է ինտեգրվել այլ գիտակարգերի և առարկաների շրջանում։ 
  • Առանձին առարկա սահմանելով՝ այն կարող է կորցնել իր արդյունավետությունը։ Աշակերտները չեն կարողանա տեսնել կապը այլ առարկաների և կյանքի հետ։  
  • Այսօր դպրոցներն առանց այն էլ ծանրաբեռնված են և նոր առարկա ներդնելու տեղ և հնարավորություն չկա։ 

Ինտեգրված մոտեցմանն այնքան էլ համաձայն չեն այն ուսուցիչները, որոնք իրենց առարկաների դասավանդման ընթացքում չեն անդրադառնում  մեդիագրագիտությանը վերաբերող թեմաների։ Նրանցից ոմանք կարծում են, որ մեդիագրագիտությունը պետք է առանձին առարկա լինի։ Սա այն հիմնական տարբերությունն է, որն առկա է եղել այս խմբի և  մեդիագրագիտության փորձագետների ու իրենց դասընթացներում մեդիագրագիտությանն անդրադարձող ուսուցիչների խմբի միջև։ 

Հետազոտությունը նաև անդրադարձել է երեխաներին մեդիագրագիտություն սովորեցնելու գործում ծնողների և ընտանիքի դերակատարմանը։  

Հաշվի է առնվել, որ երեխաները հաճախ օրինակ են վերցնում ծնողներից, փորձում են կրկնօրինակել նրանց և կարող են կրկնօրինակել նաև մեդիայի հետ շփման վարքագիծը։  

Փորձագետներից մեկը նշել է, որ ծնողներն առաջին հերթին պետք է իմանան, թե ինչ վտանգներ կարող են լինել թվային աշխարհում։ Մինչդեռ, շատ դեպքերում  նրանք  անգամ չգիտեն՝ ինչպես ուղղորդել  երեխային, հենց այդ պատճառով էլ  շատ հաճախ գերադասում են ոչինչ չանել։  

Ծնողները ևս կարևորել են երեխաների՝ մեդիագարգիտությանը վերաբերող հմտությունների զարգացումը՝ հիմնավորելով, որ երեխաները առավել շատ ինֆորմացիա են ստանում ընտանիքի սահմաններից դուրս գտնվող միջավայրում, իսկ այդ տեղեկությունը ծնողները ոչ միշտ է, որ կարողանում են լիարժեքորեն վերահսկել։   


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *