2024.04.07,

Նյուսրում

Հայաստանում մեդիան շարունակում է կանանց մասին կարծրատիպեր տարածել

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը, որը Հայաստանում ընդունված է անվանել մեկամսյակ, առիթ է խոսելու կանանց իրավունքների պաշտպանության, կանանց նկատմամբ դրսևորվող խտրականության և մեդիայում շրջանառվող կարծրատիպերի մասին։  

Դրանք, ի դեպ, վերջին տարիներին՝ սոցիալական ցանցերի ակտիվացման հետևանքով, ինչպես նկատում են մեր զրուցակիցները, ձևափոխվել են։  

Թեև 1993 թվականին ՀՀ-ը վավերացրել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան և կանանց իրավունքներն ամրագրող միջազգային պայմանագրեր և կոնվենցիաներ, օրենքով էլ սահմանել է, որ կանանց ու տղամարդկանց միջև պետք է լինի հավասարություն, մենք ականատես ենք լինում կանանց իրավունքների ոտնահարման ու խտրական վերաբերմունքի։  

Այս ամենը դրսևորվում է ոչ միայն առօրյա կյանքում, այլև լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում, որոնք դարձել են կարծրատիպային մտքերի փոխանակման հարթակ։ 

Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ Անուշ Պողոսյանի խոսքով՝ կանանց մասին տարածվող կարծրատիպերն ու ուղերձները նույնն են, բայց մեր օրերում շատացել են դրանք տարածելու հնարավորությունները։  

Պողոսյանն ասում է, որ տարիներ շարունակ մեդիան կնոջը ներկայացնում է երկու տեսանկյունից. առաջինը՝ որպես գեղեցկության, սեքսուալության օբյեկտ, երկրորդը՝ որպես մայր:  

«Կնոջն անընդհատ հրամցնում են ինչ-որ ստանդարտներ, որոնց չհամապատասխանող կանանց անվանում են «ոչ ճիշտ», «ոչ նորմալ», ծաղրում են, անտեսում են: Կնոջ մարմինը, սեքսուալությունն ու գեղեցկությունը օգտագործում են այլ նպատակներով: Օրինակ կարճ կիսաշրջազգեստով կնոջ ոտքերը կահույքի գովազդում են օգտագործում և այդպիսով փորձում են առաջացնել այդ կահույքի նկատմամբ հետաքրքրություն կամ գնելու ցանկություն: Բենզալցակայանները կիսամերկ կնոջ կերպարը տարիներ շարունակ կիրառում են գովազդներում: Ավտոլվացման կետերը մեքենան լվացող կրծքկալով կանանց են ցույց տալիս։ Այս ամենը տեսնում են երեխաները ու փոքր հասակից ձևավորվում է կարծրատիպային մոտեցում, որ կինը սեքսուալ օբյեկտ է: 

Եվ երկրորդ մոտեցումը՝ կինը որպես մայր: Բազմազավակ երեխաներով և լայն ժպիտով շրջապատված կանանց կերպարները օգտագործվում են խոհանոցային տեխնիկա կամ մթերքներ գովազդելու ժամանակ, որ մարդիկ այդ մթերքները կամ իրերը գնելով իբրև նույնքան երջանիկ լինեն, որքան այդ կանայք»,- մանրամասնում է Անուշ Պողոսյանը: 

Վերջինս նշում է, որ հայաստանյան լրատվամիջոցներում չգիտես ինչու ավելացել է կանանց մասին հաղորդումների թիվը, որոնց հյուրերը տղամարդիկ են, ովքեր կանանց մասին սեքսիստական պատկերացումներ են արտահայտում։  

«Խոսվում է այն մասին, որ կանանց տեղը խոհանոցում է, որ կանայք պիտի լինեն այսպիսի-այնպիսի մայրեր․․․ Ու սա արվում է նրա փոխարեն, որ հրավիրեն կանանց ու լսելի դարձնեն կանանց կարիքների մասին մտքերը»,-նկատում է Անուշ Պողոսյանը՝ նշելով, որ ինֆորմացիայի փոխանակման հարթակների ավելացմանը զուգահեռ խորանում է նաև այս խնդիրը։  

ՀԿ նախագահի խոսքով՝ հարցի լուծումը խորքային է․ կրթության մակարդակի բարձրացում, մեդիագրագիտության բարձրացում, լրատվամիջոցների, մեդիա դեմքերի հետ առանձին աշխատանք, օրենսդրական պատիժներ։  

«Գուցե պետք է ներդնել որոշակի ստանդներ, թե ինչպիսին պետք է լինի գովազդը կամ ինչպիսին չպետք է լինի հանրային խոսքը։ Կահույքի գովազդը կնոջ ոտքերի հետ կապելը չպետք է եթեր հեռարձակվի։ Կամ նմանատիպ արտաքին գովազդները չպետք է թույլ տրվեն։ Հատկապես մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում ակտիվանում են նվերների գովազդները, արդուկ ու թավա են գովազդում, կարծես կնոջը միայն դա կարելի է նվիրել։ Ու էլի այդպիսով կարծրատիպ են ստեղծում, որ կենցաղային իրերը միայն կանանց են պետք ու դա բացառապես կնոջ աշխատանքն է։ Գուցե պետք է լինի մի մարմին, որը կվերահսկի այս ամենը»,- ասում է նա։ 

Լրագրող Զառա Ղազարյանը, որը սոցիալական ցանցի իր էջերում պայքարում է կանանց իրավունքների համար, ասում է, որ կանանց մասին կարծրատիպերի տարածման ամենաակտիվ հարթակներից մեկը ՏիկՏոկն է, որտեղ օգտատերերը գրանցված են հիմնականում անանուն և թույլ են տալիս իրենց արտահայտել ցանկացած միտք։  

Լրագրողը նկատում է, որ հայաստանյան համացանցում օրեցօր ավելանում են իրենց մասնագետ համարող մարդկանց թիվը, ովքեր թույլ են տալիս խորհուրդներ տալ, թե ինչպես պետք է ապրի կինը, ինչպիսին պետք է լինի կամ ինչ պետք է անի, որ իր կողքին պահի տղամարդուն և այլն։ Ու կանայք, ովքեր այդպիսին չեն կամ ունեն տարբերվող պատկերացումներ սկսում են մտածել, որ իրենք վատն են կամ արժանի չեն սիրո։ Իսկ դեռահասները ընդունում են այդ ամենը լուրջ։  

Ըստ Զառա Ղազարյանի՝ սոցիալական ցանցերում տարածված դեմքի դիմակները՝ ֆիլտրերը, ևս գեղեցկության ստանդարտների կարծրատիպեր են ստեղծում, զգացողություն են առաջացնում, որ քեզ հետ մի բան այն չէ, որ դու տգեղ ես ու գեղեցիկ է այդ ֆիլտրը։  

«Մարմնի ու մարմնի քաշի հետ կապված հարցերը ևս կարծրատիպային են։ Հայաստանում հումորի ժանրը կմահանա, եթե կանանց մարմնի ու տեսքի մասին հումորները արգելվեն»,- նշում է լրագրողը։  

Ղազարյանն ասում է, որ համացանցում տարածված է նաև հաղորդումներից, հարցազրույցներից կամ վոքսփոփերից կտրված կտորներ տարածելն ու դրանք հեյթելը։  

«Մի պահ ակտիվ տարածվում էին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումից հատվածներ։ Բռնաբարված կնոջ կողմից հաղորդման ժամանակ արտահայտված մի միտք կոնտեքստից կտրվում էր, դրվում համացանց ու ազգովի ծաղրում էինք, վիրավորում՝ առանց մտածելու, որ դարձնում ենք հոգեբանական առողջության, մտավոր խնդիրներով մարդուն թիրախի առարկա, առանց մտածելու, որ այդ մարդը կյանք ունի, սոցիալական ցանցերից դուրս էլ պիտի ապրի։ 

Լրատվամիջոցներ կան, որ նույն կերպ վոքսփոփերից հատվածներ են տարածում, օրինակ լրագրողը մոտենում է մի աղջկա, հարց տալիս, վերջինս ծիծաղում է ու վերջ՝ այդքանը տարածում են առանց հաշվի առնելու, որ գուցե ծիծաղից հետո պատասխան է տվել կամ էլ առհասարակ չի ծիծաղել ու դա օրինակ մոնտաժվել է։ Այսպիսով կարծրատիպ են ստեղծում, որ լուրջ հարցերին աղջիկները պատասխաններ չունեն, մտքեր արտահայտել չեն կարողանում և այլն»,- մանրամասնում է Զառա Ղազարյանը։  

Տիգրանուհի Մարտիրոսյան   


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *