2024.04.02,

Նյուսրում

«Օp-ed» ժանրը հայաստանյան մամուլում․ հետազոտություն 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայկական լրատվամիջոցները, հետապնդելով նեղ քաղաքական շահեր, կենտրոնացած են առավելապես ներքաղաքական խնդիրների վրա։ Քիչ են անդրադառնում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս եզրահանգմանն է եկել Երևանի մամուլի ակումբը` հետազոտելով բաց խմբագրական/մեկնաբանող հոդվածների (Open editorials/commentary articles) «op-ed»  ժանրի կիրառումը հայկական մեդիայում։  

Հետազոտությունն իրականացվել է «Մրցակցող պատումներ» ծրագրի ընթացքում՝  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատվերով։ 

Իրականացվել է ինչպես քանակական, այնպես էլ որակական հետազոտություն։  

Քանակական հետազոտություն  

5 լրատվամիջոց՝ 77 հրապարակում՝ դիտարկված մեկ ամսվա ընթացքում։ 

 Խմբագրական/մեկնաբանող հոդվածներ (Open editorials/commentary articles) կամ «op-ed» ժանրը հայաստանյան մամուլում բավականին հազվադեպ է կիրառվում։ Հենց այդ պատճառով էլ հետազոտության հեղինակները որոշել են ուսումնասիրել նաև «հարակից» ժանրերի կիրառումը՝ խմբագրականներ, խմբագրի սյունակներ, ինչպես «ներքին», այդպես էլ «արտաքին» հեղինակների կարծիքների սյունակներ։  

Մշակված մեթոդաբանությամբ ընտրվել և մշտադիտարկման են ենթարկվել տեղական հինգ լրատվամիջոցների «op-ed» ժանրի հրապարակումները։ 

Հաշվի առնելով համապատասխան ժանրերի օգտագործման հաճախակիությունը՝ ընտրվել են «Առավոտ», «Հրապարակ», «Ժողովուրդ», «Սիվիլնեթ» և «Ալիք մեդիա» լրատվամիջոցները։  

Մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվել են թեմայի ընտրությունը, հրապարակումներում դրական կամ բացասական ուղերձի առկայությունը  և նյութերի ժանրային առանձնահատկությունները։    

Թեմայի ընտրություն

Դիտարկված 77 հրապարակումների գերակշիռ մեծամասնությունը՝ 37-ը, վերաբերել է ներքին քաղաքականությանը։ Ընտրված 5 լրատվամիջոցներում արտաքին քաղաքականությանը վերաբերող խմբագրականների կամ կարծիքային սյունակների թիվը կազմել է 19։ Երրորդ հորիզոնականում՝ 9 անդրադարձով, Արցախ/հայ-ադրբեջանական հակամարտություն թեման է։ Սահմանադրական փոփոխություններին, սոցիալ-տնտեսական թեմաներին, մշակույթին/սպորտին առնչվող նյութերի քանակը հավասար է բաշխվել՝ յուրաքանչյուրին 4-ական նյութ։ 

Այս թվերը ցույց են տալիս, որ հայաստանյան լրատվամիջոցներն առավել ակտիվորեն լուսաբանում են քաղաքական ճամբարների միջև պայքարը, թեև, ըստ սոցիալական հարցումների՝ հասարակությանն ավելի շատ մտահոգում են սոցիալական և անվտանգային հարցերը։  

Հայաստանի հետ այս կամ այն կերպ կապված խնդիրները գերակշռում են նաև արտաքին/միջազգային քաղաքականությանը վերաբերող հրապարակումներում։ Ստացվում է, որ անկախ ժանրերից, հայկական լրատվամիջոցները կենտրոնացած են սեփական երկրի վրա և քիչ են հետաքրքրված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով։ Ուսումնասիրված հրապարակումներում համարյա բացակայում են Գազայի, Ուկրաինայի, ինչպես նաև ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ընտրությունների թեմաները, որոնք միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են։ 

Ներքին քաղաքականությանը վերաբերող թեմաներին առավել հաճախ անդրադարձել են «Առավոտ»-ը  և «Հրապարակ»-ը։ «Ժողովուրդը» միակն է ընտրված 5 լրատվամիջոցներից, որտեղ սոցիալ-տնտեսական և ներքին քաղաքական թեմաների վերաբերյալ արված խմբագրական անդրադարձերը հավասար են եղել (երեքական հրապարակում)։  

 Մյուս երկու լրատվամիջոցներում էլ՝ «Ալիք Մեդիայում» և «ՍիվիլՆեթում», արտաքին/միջազգային քաղաքականության և Արցախի/հակամարտության թեմաները քանակական առումով գերազանցել են ներքին քաղաքականությանն առնչվող հրապարակումներին։ Թվով ամենաքիչ հրապարակումները վերեբերել են մշակույթին և սպորտին։ Դիտարկված 77 հրապարակումներից միայն 4 է վերաբերել այս թեմային։  

Դրական կամ բացասական ուղերձներ

Հետազոտությունը ցույց տվեց, որ հրապարակումներում գերակշռում են բացասական ուղերձները՝ արտահայտված քննադատության, դժգոհության ու տագնապի երանգներով։ Դրական ուղերձ պարունակել է ընդամենը 3 հրապարակում, որոնցից երկուսը եղել են մշակույթի/սպորտի թեմայով։ 

Հետազոտության հեղինակները նշում են, որ դժգոհության, քննադատության առատությունը բացատրվում է ոչ այնքան ուսումնասիրության համար ընտրված լրատվամիջոցների քաղաքական ուղղվածությամբ, որքան հանրության մեջ առկա տրամադրություններով, որոնք իրենց հերթին պայմանավորված են 2020 թ. 44-օրյա պատերազմի արդյունքներով, Արցախի հայաթափման և հետպատերազմական ներքին քաղաքական, անվտանգային ճգնաժամով։ 

Ժանրային առանձնահատկություններ

Անդրադառնալով ժանրային առանձնահատկություններին՝ հետազոտության հեղինակները նշում են, որ անստորագիր, սյունակային տարրեր՝ կարծիք, վերաբերմունք, էմոցիա, պարունակող հոդվածներ եղել են միայն «Ժողովուրդ» օրաթերթում։ Մյուս 4 լրատվամիջոցներում բոլոր հրապարակումները եղել են ստորագրված կամ գլխավոր խմբագիրների կամ սյունակագիրների կողմից։ 

«Հրապարակ» օրաթերթում բոլոր նյութերը ստորագրված են եղել գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի կողմից։  

«Առավոտում» էլ Արամ Աբրահամյանի «Խմբագրի սյունակը» բաժնում հրապարակված նյութերից բացի, «սյունակային տարրեր» պարունակող նյութեր են եղել նաև «Վերլուծություն» բաժնում, որոնք ստորագրված են եղել Էմմա Գաբրիելյանի կողմից։  

Պայմանականորեն ասված «արտաքին» հեղինակների սյունակներ, որոնք ազատ են խմբագրության ուղղվածությանը հետևելու պարտավորությունից, եղել են միայն «Ալիք Մեդիա» և «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցներում։ 

Որակական հետազոտություն 

Որակական հետազոտության ընթացքում հեղինակները զրուցել են «Առավոտ»-ի, «Ժողովուրդ» օրաթերթի և «Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիրների՝ Արամ Աբրահամյանի, Քնար Մանուկյանի և Արա Թադևոսյանի հետ։  

«Խմբագրական» հարցմանը մասնակցած ԶԼՄ-ներից «Առավոտն» ունի խմբագրի սյունակի 30 տարվա ավանդույթ։ Այդ հրապարակումներում ներկայացվում է հեղինակի անձնական կարծիքը, ինչն էլ սահմանված է նաև «Առավոտի» էթիկայի վարքականոնով։ Աբրահամյանը համարում է, որ խմբագրի սյունակը «հենց նրա համար է, որ սեփական դիրքորոշում հայտնես», այն դեպքում, որ դասական խմբագրականը ենթադրում է խմբագրակազմի կամ խմբագրական կոլեգիայի հավաքական դիրքորոշում։ 

«Մեդիամաքս»-ը հարցմանը մասնակցած միակ լրատվամիջոցն է, որն ունի մոտ 10 սյունակագիր, նաև՝ դրսից։ Արա Թադևոսյանը շատ է կարևորում խմբագրականների ու հեղինակային սյունակների առկայությունն իրենց լրատվամիջոցում և դրանք համարում «Մեդիամաքսի» բնորոշիչներից մեկը․ «Այս անդադար լրահոսի պարագայում, որ թափվում է մարդկանց գլխին, սյունակները, կարծիքը, դա այն ժանրն է, որին, իմ կարծիքով, մարդիկ կարոտում են․ վերլուծություն, նորմալ մարդու խոսք, նորմալ մարդու կարծիք․․․»,-ասում է Արա Թադևոսյանը: 

«Ժողովուրդ» օրաթերթի պարագայում «խմբագրականը» վերջին 2 տարիներին փոխել է իր՝ «հեղինակային կարծիք» լինելու մոտեցումը։ Նախկինում դրանք հեղինակում էր թերթի հիմնադիր խմբագիրը՝ Թագուհի Թովմասյանը։ Այժմ խմբագրությունում առավոտյան քննարկման  ժամանակ որոշվում է առաջին էջում հրապարակվող նյութի թեման և հեղինակը։ 

Հարցազրույցների ժամանակ 3 խմբագիրներն էլ նշել են, որ չկան կորպորատիվ պահանջներ և իրենք կաշկանդված չեն հավասարակշռել խմբագրական կարծիքն ու կորպորոտիվ պահանջները։ 

Անդրադառնալով լսարանին՝ Արամ Աբրահամյանն ասել է, որ ինքն իր հարազատ «նիշան» ունի,  գրում է մտածող մարդկանց համար, որոնք ունակ են լսելու իրենց կարծիքից տարբերվող տեսակետ և, պայմանականորեն ասած, իր խոսքը «Դոգի» (բլոգեր Վարդան Ղուկասյանի) լսարանին հարմարեցնել չի ցանկանում։ 

Իր կարծիքը լսարանի պահանջներին հարմարեցնել չի փորձում նաև Արա Թադևոսյանը։ «Մեդիամաքսում ինչ-որ հրապարակվեց, չի հեռացվում և չի խմբագրվում։ Սյունակների դեպքում՝ առավել ևս»,- ասել է Թադևոսյանը։ 

Քնար Մանուկյանն այլ կերպ է մեկնաբանել խմբագրության խոսքը լսարանի ակնկալիքների հետ համադրելու հարցը։ Նրա կարծիքով կան թեմաներ, որոնք լուսաբանելիս անհրաժեշտ է զգույշ լինել, աչքի առաջ ունենալ ընթերցողին 

«Օրինակ, ռազմագերիների թեման լուսաբանելիս միշտ պետք է գիտակցել, որ մյուս կողմում ծնողներ են, ընտանիքի անդամներ, չի կարելի նրանց ցավեցնել, որ մեր հրապարակումը կարող է բացասաբար ազդել գերության մեջ գտնվողների վիճակի վրա։ Դրա համար մեր ցանկացած լրագրող այդ հանգամանքի հետ հաշվի է նստում»,- ասել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը։ 

Մասնագիտական էթիկայի խնդիրներ 

Համաշխարհային և տարածաշրջանային անկայունության համատեքստում խմբագրական նյութերում կամ վերլուծություններում մասնագիտական էթիկայի պահպանման խնդրին անդրադառնալով՝ Արա Թադևոսյանը կարևորել է հեղինակների փորձառության հանգամանքը։ «Ես կարծում եմ, որ խմբագրականներ, սյունակներ գրել կարող են որոշակի փորձ ունեցող, որոշակի «բագաժ» ունեցող մարդիկ։ Կոպիտ ասած՝ դու պիտի այդ իրավունքը ունենաս»,-ասում է Արա Թադևոսյանը։ 

«Ժողովուրդը» հասկանալի է համարել անկայունության ու հանրային լարվածության մթնոլորտում մարդկանց «պոռթկումները»։ «Յուրաքանչյուր լրագրողի զգացմունքերը չեն կարող չարտահայտվել իր հեղինակած նյութում։ Սակայն մենք կոնկրետ փաստերով ենք խոսում, դատարկ պոռթկում չէ»,- ասել է «Ժողովուրդը» օրաթերթի խմբագիրը։ Եթե հաշվի առնենք, որ, Քնար Մանուկյանի բնորոշմամբ, իրենց  խմբագրականների 99%-ը քաղաքական թեմաներով են, պարզ է, որ անձնական վերաբերմունքի արտահայտումը անխուսափելի է։ 

«Առավոտ»-ի խմբագիրը կողմնակից է երկրում տիրող իրավիճակին, աշխարհաքաղաքական իրադարձություններին հավասարակշռված կերպով  արձագանքելուն «Ես արդեն չեմ անում այն, ինչ անում էի 90-ականների վերջում, 2000-ականներին, երբ իմ նյութերում մի քիչ ցինիկ կատակներ կային։ Իհարկե, քննադատում եմ, բայց, ընդհանուր առմամբ, ոճս ավելի զուսպ է դարձել»,- ասել է Արա Աբրահամյանը։  

 

Հետազոտությունն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և n-ost-ի կողմից իրականացվող «Մրցակցող պատումներ» նախագծի շրջանակներում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *