2024.03.22,

Նյուսրում

Խումարյանի հոդվածում լրագրողական էթիկայի խախտում չկա. ԴՄ 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմինը Հանրային հեռարձակողի դիմումի հիման վրա փորձագիտական վերլուծության է ենթարկել Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հոդվածը ռադիոյի տաղավարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ և այդ հոդվածի առնչությամբ Հանրային հեռարձակողի խորհրդի (ՀՀԽ) տարածած հայտարարությունը։

Դեպքի մանրամասները

2024թ. փետրվարի 5-ին՝ Հանրային ռադիոյի կայքի «Հասարակություն» բաժնում, Գարեգին Խումարյանն անդրադարձել էր հունվարի 31-ին ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցին։

Հոդվածում Խումարյանն իր անհամաձայնությունն էր հայտնել հաղորդման ընթացքում վարչապետի հայտնած դիրքորոշումների մասին, որոնք վերաբերում էին Հայաստանի անվտանգությանը և դրան առնչվող ինքնության խնդիրներին։ Անդրադառնալով հաղորդման բովանդակությանը և գնահատական տալով հաղորդավար Բարեղամ Ղուկասյանի աշխատանքին՝ Խումարյանը գրել էր որ, «տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր», «հաղորդման որակը շատ ավելի լավը պետք է լիներ», և որ «այսուհետ այդ հաղորդումը ուրիշ մարդ կվարի»։

Մեկ օր անց Խումարյանի հոդվածի վերաբերյալ հայտարարություն տարածեց Հանրային հեռարձակողի խորհուրդը (ՀՀԽ)։ Խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենը «առերևույթ չարաշահել էր իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու համար»։

ՀՀԽ հայտարարության մեջ նաև ասվում էր, որ «Ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ, ինչը Խումարյանը որպես առիթ էր օգտագործել հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի աշխատանքը «վատ ժուռնալիստիկա» որակելու համար։

Փորձագիտական կարծիք

Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել էր էթիկայի Դիտորդ մարմին՝ առաջարկելով քննել «Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունները, Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումը և փորձագիտական կարծիք հայտնել։

Պարզաբանումների համար ԴՄ-ն դիմել էր երկու կողմերին էլ։

ՀԽԽ անդամները շեշտել էին, որ Հանրային ռադիոյի կայքում Խումարյանի հոդվածի հրապարակումը համարում են պաշտոնական էթիկայի, ինչպես նաև բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենսդրության խախտում։

ԴՄ-ին տված պարզաբանումներում Գարեգին Խումարյանը նշել էր, որ ինչպես «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, այնպես էլ օրենսդրական այլ ակտեր, չեն արգելում իրեն, որպես լրագրող և որպես ՀՀՌ տնօրեն, հոդվածի միջոցով արտահայտել իր կարծիքը՝ Ռադիոյի եթերում հեռարձակված հաղորդումների որակի վերաբերյալ։

ԴՄ-ն, ուսումնասիրելով բողոքի հետ առնչվող նյութերը և ստանալով կողմերի պարզաբանումները, արձանագրել էր, որ․

  • Խումարյանի հոդվածում արտահայտված են հեղինակի կարծիքն ու գնահատողական դատողություններն և չկա լրագրողական էթիկայի նորմերի խախտում։
  • «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում սահմանված Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների իրավասությունները նույնպես չեն արգելում գործադիր տնօրենին հանդես գալ հոդվածով։
  • ՀՀԽ-ի հայտարարության մեջ օգտագործված արտահայտությունները, թե «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ» կամ որ Խումարյանն «առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը» համարժեք չեն իրավիճակին։ Կարելի էր հայտարարության մեջ կիրառել ավելի զուսպ ձևակերպումներ՝ առանց մեղադրական նոտաների։

ԴՄ խնդրահայրույց էր համարել նաև այն փաստը, որ ՀՀՌ եթերում հեռարձակված հաղորդման որակի վերաբերյալ Խումարյանն իր կարծիքը հրապարակել էր Հանրային ռադիոյի կայքի «Հասարակություն» բաժնում, այլ ոչ թե մասնագիտական խնդիրներին նվիրված՝ տնօրենի սյունակում կամ համապատասխան որևէ այլ բաժնում։

Աշխատակիցների մասնագիտական գործունեության վերաբերյալ քննադատական գնահատականներն ու նկատողություններն էլ առաջարկել էր չհանրայնացնել, այլ իրականացնել միայն ներքին քննարկումների մակարդակում։

Կողմերի արձագանքը

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը թեև որոշ շեշտադրումների հետ կապված վերապահումներ ունի, բայց նշում է, որ վճիռն իր համար լիովին ընդունելի է։

«Հիմնական անհամաձայնությունս վերաբերում է Բարեղամ Ղուկասյանի և իմ միջև հարաբերությունների զննմանը, այնուամենայնիվ շատ կարևոր առաջարկներ էր ներկայացրել ԴՄ։ Շատ կարևոր առաջարկ էր, որ Հանրային ռադիոընկերության աշխատանքային գործընթացում ներդվեն որոշակի փաստաթղթավորված ներքին կարգավորումներ, ինչպես նաև ռադիոյի աշխատանքին վերաբերող բոլոր հրապարակումները առանձին գլխագրով իրականացվեն․ մենք այս շտկումներն անպայման կիրականացնենք»,- ասում է Գարեգին Խումարյանը։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էլ նշում է, որ անկախ այն հանգամանքից, թե կողմերը, որքանով են համաձայն փորձագիտական կարծիքի հետ, փորձաքննության իմաստն այն է, որ կողմերը կանխավ ընդունում են այդ կարծիքը՝ նկատի ունենալով փորձագետների մասնագիտական կարողություններն ու հեղինակությունը։

«Վստահաբար կարող եմ ասել, որ ԴՄ անդամները իրապես խորամուխ են եղել միջադեպի էության և մանրամասների ուսումնասիրության գործում։ Հատկանշական է, որ ԴՄ- ի ուշադրությունից չի վրիպել այն, որ Հանրային ռադիոյի տնօրենի տեսակետը իր քաղաքական կողմնորոշման հետ մեկտեղ, փաստացի արտահայտված եղանակով, կարող էր նույնացվել ռադիոկայանի կարծիքի հետ, ինչը և անթույլատրելի էր համարել ՀՀԽ-ն իր արտահայտած դիրքորոշմամբ»,- ասում է Արա Շիրինյանը։

Շիրինյանը նշում է նաև, որ էթիկապես ճիշտ չի համարում կարծիք հայտնել այն փորձագիտական եզրակացության մասին, որին իրենք են դիմել։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *