ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը (ԴՄ) ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի միջև 2024թ․ հունվարի 23-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ փորձագիտական կարծիք է հրապարակել։
Դեպքի մանրամասները
Հունվարի 23-ին՝ ՀՌՀ նիստից հետո, «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանը փորձել էր հարցազրույց իրականացնել ՀՌՀ անդամ Արթուր Մանուկյանի հետ, բայց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հորդորել էր, որ Մանուկյանը չխոսի և վիճաբանություն էր սկսվել ՀՌՀ նախագահի ու լրագրողի միջև։
Լրագրողի հետ հաղորդակցվելիս Հակոբյանն ասել էր, որ «Հրապարակ» օրաթերթը միայն ապատեղեկատվություն, վիրավորանք ու մանիպուլիացիա պարունակող հրապարակումներ է անում հանձնաժողովի գործունեության վերաբերյալ։
Հակոբյանը նաև ասել էր․ «Դուք լրագրող չեք… ձեզ ո՞վ է խաբել, որ դուք լրագրող եք… դուք խուժան լրատվամիջոց եք… շատ հաճելի կին եք, զբաղվեք ձեր աշխատանքով…»։
«Հրապարակ»-ի լրագրող Լիա Սարգսյանն ասում է, որ երբևէ Տիգրան Հակոբյանի մասին որևէ հոդված չի գրել, որևէ առնչություն նրա հետ չի ունեցել։
«Նա ինձ մեղադրում էր մեկ այլ լրագրողի գրած հոդվածի համար, ինչը կարծում եմ այնքան էլ տրամաբանական չէ։ Ես պատասխանատու չեմ մեկ այլ լրագրողի գործունեության համար»,- ասում է Լիա Սարգսյանը։
Փորձագիտական կարծիքը
Լիա Սարգսյանը որոշել էր դիմել ԶԼՄ էթիկայի Դիտորդ մարմին։ Նա ներկայացրել էր ՀՌՀ-ում տեղի ունեցած դեպքի տեսանյութը, որպեսզի ԴՄ-ն փորձագիտական կարծիք արտահայտի Տիգրան Հակոբյանի դրսևորած վարքագծի վերաբերյալ։
Պարզաբանման համար ԴՄ-ն դիմել էր նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին։
ՀՌՀ նախագահն իր պատասխանում նշել էր, որ ռուսաստանյան պետական «Սպուտնիկ-Արմենիա»-ի հեռարձակող «Տոսպա» ռադիոընկերության լիցենզիայի կասեցման որոշումը կայացնելու շրջանում ՀՌՀ անդամները և հատկապես ինքը, լարվածության մեջ են եղել և փորձել են դիմագրավել տարատեսակ ճնշումների։ Բացի այդ, հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ, այդ թվում «Հրապարակ» օրաթերթը, փորձել են է՛լ ավելի լարել վիճակը՝ ՀՌՀ-ին մեղադրելով «հակառուսականության» համար։ Ըստ Հակոբյանի այդ օրաթերթում մի քանի հոդվածներ են հրապարակվել, որոնք անհիմն պնդումներ ու վիրավորանքներ են պարունակել անձամբ Հակոբյանի և նրա ղեկավարած կառույցի հասցեին։ Եվ հենց սա է եղել պատճառը, որ նա ընկերոջ իրավունքով թույլ չի տվել ՀՌՀ անդամ Արթուր Մանուկյանին հարցազրույց տալ «Հրապարակի» լրագրողին։
Վերլուծելով դեպքը՝ ԴՄ արձանագրել էր, որ․
- Տիգրան Հակոբյանը հնարավորություն է ունեցել պաշտպանելու իր անձը և իր ղեկավարած կառույցի բարի համբավը հրապարակային վիրավորանքից և զրպարտությունից՝ արտադատական և/կամ դատական միջոցներով, մասնավորապես, օգտվելով հերքման և պատասխանի իրավունքից։
- «Հրապարակում» լույս տեսած՝ քննարկվող հոդվածների առաջացրած վրդովմունքը չի արդարացնում ՀՌՀ նախագահի անզուսպ պահվածքը և խտրականության տարրեր պարունակող արտահայտություններն անձամբ Լիա Սարգսյանի հասցեին, մանավանդ որ, այդ լրագրողի նախորդ հրապարակումները դրա առիթը չէին տվել։
- Միջադեպի ժամանակ Լիա Սարգսյանը դրսևորել է որոշակի համառություն, որի անհրաժեշտությունը պրոֆեսիոնալ տեսանկյունից գուցե քննարկման առարկա է։ Ամեն դեպքում, դա չպետք է հիմք դառնար հանրային բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից էթիկական կանոնների խախտման։
Ըստ ԴՄ-ի եզրակացության՝ միջադեպի ժամանակ ցուցաբերած զգացմունքային պոռթկման համար ՀՌՀ նախագահի հրապարակային ափսոսանքը կարող էր դառնալ միջադեպի լավագույն լուծում, որը կկանխեր վեճի հետագա խորացումը հրապարակային տիրույթում և կդառնար լավ օրինակ այլ պետական պաշտոնյաների համար։
Դիտորդ մարմնի կարծիքով այս միջադեպը և դրա վերաբերյալ հնչեցված փորձագիտական կարծիքը պետական կառույցների ներկայացուցիչներին պետք է ստիպի վերանայել իրենց վարքագիծը հանրային հաղորդակցության ոլորտում։
Հրապարակված փորձագիտական եզրակացության մեջ Լիայի կարծիքով շատ կարևոր էին հատկապես սեսքսիզմին և խտրականությանը վերաբերող շեշտադրումները։
«Դիտորդ մարմինը բավական խորությամբ ուսումնասիրել էր գործը, վեր էր հանել նաև Հակոբյանի սեքսիստական տարրեր պարունակող հայտարարությունը առ այն, որ «գեղեցիկ կին եք գնացեք ձեր գործով զբաղվեք», ի՞նչ է գեղեցիկ կինը չի կարող լրագրությամբ զբաղվել, կամ ո՞րն է գեղեցիկ կնոջ զբաղմունքը»,- ասում է Լիան։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել կատարվածն ու Դիտորդ մարմնի փորձագիտական եզրակացությունը։
Երկու հատուկ կարծիք
Լիա Սարգսյանը իր դիմումում հատուկ շեշտել էր, որ դիմում է, որպես լրագրող և իր այդ գործողության համար իր գործատուից՝ «Հրապարակի» ղեկավարությունից, լիազորություն կամ հանձնարարություն չի ստացել։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հրապարակ» օրաթերթը չի ընդունում ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության և Դիտորդ մարմնի գործունեությունը, ԴՄ անդամներից երկուսը դեմ էին եղել, որ Լիա Սարգսյանի գործը վարույթ ընդունվի և քննվի։ Նրանք հատուկ կարծիք են արտահայտել, որ «Հրապարակի» լրագրողի բողոքի քննությունը որևէ դրական նշանակություն կամ կարևորություն չի կարող ունենալ այդ լրատվամիջոցի համար։
Ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել, որ Դիտորդ մարմինը ուսումնասիրի իր մասնագիտական գործունեության ընթացքում ծագած խնդրի մասին բարձրաձայնող Լիա Սարգսյանի դիմումը՝ դիտարկելով այն որպես սոսկ լրագրողի անհատական, ոչ թե որևէ կոնկրետ լրատվամիջոցի ներկայացուցչի դիմում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: