2024.03.05,

Նյուսրում

Բաց տվյալների օրը Հայաստանում 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Աշխարհի տարբեր ծայրերում 10-րդ անգամ անցկացվում են Բաց տվյալների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ։ Այս տարի առաջին անգամ թեմատիկ միջոցառումներն ու հանդիպումներն անցկացվում են բաց տվյալների շաբաթ ֆորմատով։ Մարտի 2-ից մարտի 8 ընկած ժամանակահատվածում շուրջ 250 միջոցառում է տեղի ունենալու տարբեր երկրներում։  

Բաց տվյալների օրը Բաց գիտելիքի հիմնադրամի (Open Knowledge Foundation) կողմից կազմակերպվող միջազգային նախաձեռնություն է, որին աջակցում են ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը:  

Հայաստանն այս տարի առաջին անգամ միացել է միջազգային այս նախաձեռնությանը։  

«Open Data Armenia» հասարակական կազմակերպությունը հայտարարել էր Հայաստանում բաց տվյալների վրա հիմնված նախագծերի առաջին մրցույթը:  

Կազմակերպության ղեկավար, տվյալների որոնման փորձագետ Իվան Բեգտինն ասում է, որ մրցույթի անցկացման հիմնական նպատակը Հայաստանում բաց տվյալների կոնցեպցիայի զարգացումն է։  

«Բաց տվյալներն այսօր հանդիսանում են հասարակությունների, պետությունների զարգացման կարևոր շարժիչ ուժերից մեկը։ Այն նպաստում է հասարակության համար արժեքավոր տվյալների լայն տարածմանը, ազատ ու անխոչընդոտ հասանելիությանը և օգտագործմանը: 

Վստահ եմ, որ միջոցառումը շարունակական կլինի և հաջորդ անգամ այն կկրի ավելի ֆորմալ բնույթ, կլինի ավելի մասշտաբային և ներկա կլինեն միջազգային մասնագետներ»,- ասում է Իվան Բեգտինը։  

Բաց տվյալներ Հայաստան մրցույթ 

Մրցույթն անցկացվում էր 2 անվանակարգում՝ մշակութային հավելվածներ և տվյալների վիզուալիզացիա։ «Open Data Armenia» hասարակական կազմակերպության համահիմնադիր Վասիլի Բուրովը պատմում է, որ 2 անվանակարգերի համար ստացել էին 20 -ից ավելի հայտեր, բայց դրանցից ոչ բոլորն էին ավարտուն նախագծեր։  

««Մշակութային հավելվածներ» անվանակարգում միայն մեկ նախագիծ էր ներկայացվել, որը վերաբերում էր հայ գրականությանը։ Նախագիծը բավականին մշակված ու ստացված աշխատանք էր։ Քանի որ այն միակն էր այդ անվանակարգում, առանց ժյուրիի անդամներին ներկայացնելու, որոշեցինք շնորհել երկրորդ մրցանակ»,- ասում է Վասիլի Բուրովը։  

«Տվյալների վիզուալիզացիա» անվանակարգի երկրորդ փուլ անցած 7 նախագծերում էլ ժյուրիի անդամները թերություններ էին նկատել, հենց այդ պատճառով էլ որոշել էին որևէ մասնակցի չարժանացնել առաջին մրցանակի։ Երկրորդ մրցանակ ստացավ Ղազախստանի մասնագետների կողմից իրականացված աշխատանքը, որը վերաբերում էր Հայաստանի էներգետիկ անվտանգային խնդիրներին։ Ֆիզիկապես չլինելով Հայաստանում՝ նրանք կարողացել էին, բաց աղբյուրներից օգտվելով, բավականին ամբողջական աշխատանք ներկայացնել։  

Հենց այս օրինակը մատնանշելով` տվյալների լրագրող, Հայաստանի ԲՏԱ նախարարության տվյալների թվայնացման մասնագետ Սամսոն Կարապետյանն ասում է, որ պետությունն արդեն հասկացել է, որ տվյալների թափանցիկությունը նպաստում է ինչպես ժողովրդավարության, այնպես էլ բիզնեսի, կրթության, մշակույթի ոլորտներում ստարտափների զարգացմանը։  

«Այսօր պետական մակարդակով բավականին լուրջ քայլեր են ձեռնարկվում տվյալների հավաքագրման, մշակման, թվայնացման, դրանք թափանցիկ ու հասանելի դարձնելու ուղղությամբ։ Այսօր ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերությունները, որոնք ուզում են Հայաստանում որևէ բիզնես սկսել կարիք չունեն հսկայական գումարներ ծախսելու և տարատեսակ հետազոտություններ պատվիրելու՝ իրենց անհրաժեշտ տվյալները գտնելու և ուսումնասիրելու համար։ Այդ բոլոր աշխատանքներն այժմ իրականացնում է պետությունը և այդ տվյալները հասանելի են»,- ասում է Սամսոն Կարապետյանը։  

«Տվյալների վիզուալիզացիա» անվանակարգի 3-րդ մրցանակին արժանացան երեք նախագծեր։ Միակ հայալեզու աշխատանքը՝ «Խաղողագործության բնագավառի խնդիրները» ևս մրցանակակիրների շարքում էր։

Արմավիրի մարզում գործող Аlttv-ի ղեկավար Խաչիկ Դանիելյանը պատմում է, որ մրցույթին մասնակցելու համար որոշեցին անդրադառնալ մարզում առկա ամենացավոտ խնդրին։ 

«2023-ին խայտառակ իրավիճակ էր խաղողագործության բնագավառում։ Մենք մի կողմից ասում ենք, որ երկիրը գնում է գինեգործության զարգացման ճանապարհով, բայց մյուս կողմից խնդիրներ ենք ստեղծում խաղողագործության համար։ Օգտվելով բաց աղբյուրներից՝ մենք որոշեցինք հասկանալ, թե իրականում որքան է մեկ կգ խաղողի ինքնարժեքը ու համեմատեցինք այն մթերման արժեքի հետ։ Վերջնարդյունքում ստացանք, որ խաղողի ինքնարժեքը շատ ավելի բարձր է եղել, քան 2023-ին սահմանված մթերման գումարը»,-ասում է Խաչիկ Դանիելյանը։  

Տվյալահեն լրագրությունը Հայաստանում 

Տեխնոլոգիաների զարգացման և բաց աղբյուրների միջոցով ինֆորմացիայի ավելի հասանելի դառնալուն զուգընթաց լրագրության ոլորտում ավելի մեծ կարևորություն է սկսում ձեռք բերել տվյալահեն լրագրությունը։ Հետաքննող լրագրող Տաթև Հովհաննիսյանը կարծում է, որ տվյալների լրագրության զարգացման ոլորտում դեռևս շատ անելիքներ կան և գլխավոր խնդիրը որակյալ կրթություն ապահովելն է։  

«Լրագրողական կրթության ակադեմիական ծրագրերում պետք է ներառել տվյալների լրագրությունը։ Ոչ ֆորմալ հարթակներում արդեն իսկ կան բավականին ստացված կրթական նախաձեռնություններ, բայց այս ամենը պետք է բերել նաև ակադեմիական կրթական միջավայր։ Այստեղ իհարկե ամենամեծ խնդիրը նաև համապատասխան մասնագետների, դասավանդողների պակասն է»,-ասում է Տաթևը։  

Հայաստանում տվյալների լրագրության զարգացմանը խոչընդոտող մյուս խնդիրն էլ ըստ լրագրողի պետական հարթակներում տվյալների ոչ ճիշտ դասակարգվածությունն ու հասանելիությունն է։   

Ոլորտում առկա հենց այս խնդիրների հաղթահարումն էլ դրված է «Open Data Armenia» -ի գործունեության հիմքում։ Տվյալների հետ աշխատանքն ավելի հասկանալի դարձնել պետական ծառայողների, հետազոտողների, մեդիայի և լրագրության ներկայացուցիչների համար՝ զարգացնելով բաց տվյալների համայնքը Հայաստանում։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *