2024.02.29,

Նյուսրում

Փոդքասթներ՝ լրագրողների ու լրագրության մասին  

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Փոդքասթները դարձել են նորություններ ստանալու ու կարծիք լսելու ամենապահանջված եղանակներից մեկը։  

Հատկապես նեղ մասնագիտական թեմաներով քննարկումները, ինչպիսիք եք բժշկությունը, գիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հազարավոր ունկնդիրներ են հավաքում։  

Անգլալեզու լսարանում պահանջված են նաև լրագրության վերաբերյալ փոդքասթները։ 

Media.am-ը մեկտեղել է դրանցից մի քանիսը։  

Drum Tower

Այս փոդքասթը պատմում է Չինաստանի մասին։ Պարզվում է, որ Չինաստանի ներքին կյանքը շատ հետաքրքիր է արևմտյան լսարանին ու մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ է կատարվում այդ երկրում, ինչպես են ապրում չինացիներն ու ինչ կարծիք ունեն այս կամ այն թեմայով։  

Արևմտյան լրագրողների մեծ մասը չի կարողանում պատշաճ կերպով տալ այս հարցերի պատասխանները՝ մշակութային բևեռացվածության պատճառով։ Ուստի The Economist-ի կողմից ստեղծված Drum Tower փոդքասթը Չինաստանի ներսից պատմում է երկրի մշակույթի, քաղաքականության և ընթացիկ իրադարձությունների մասին:  

Drum Tower-ը լսելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել Economist Podcasts+-ին, որն արժե առաջին մեկ տարվա համար 24.50 euro:  

544 Days

Փոդքասթը ստեղծվել է The Washington Post-ի իրանա-ամերիկացի լրագրող Ջեյսոն Ռեզայանի կողմից, ում 2014 թվականի հուլիսի 10-ին Իրանի իշխանությունները ձերբակալել են։ Լրագրողը 544 օր անցկացրել է Իրանի հայտնի Էվին բանտում, որտեղ պահվում են քաղբանտարկյալները:  

Ռեզայանը պատմում է այն փորձությունների մասին, որոնցով անցել է այդ ընթացքում, բացահայտում է, թե ինչպես է մարդը կարող գոյատևել մեկուսացման մեջ, ինչպես է դիմանում հոգեբանական բռնությանը՝ չկորցնելով ազատության հույսը։ Նա խոսում է այն մասին, որ իր հավատը լրագրության հանդեպ օգնել է իրեն այս ընթացքում, որովհետև հավատացել է, որ դուրս գալուց հետո ուժեղ պատմությամբ է կիսվելու իր ունկնդիրների հետ։   

Դուք կարող եք լսել փոդքասթը Spotify-ում, Apple Podcasts-ում և Gimlet-ում: 

Who Killed Daphne?

Մալթացի լրագրող Դաֆնե Գալիցիան ներգրավված է եղել հետաքննության և հակակոռուպցիոն գործունեության մեջ և մասնակցել է Պանամական փաստաթղթերի հետաքննությանը:  

2017 թվականի հոկտեմբերի 16-ին նա սպանվել է. նրա մեքենայում ռումբ է դրվել, որն այնուհետ հեռահար պայթեցրել են։ Հետաքննող լրագրողի մահից հետո լրագրողների միջազգային թիմը որոշել է հետաքննել և պարզել, թե ով է մեղավոր նրա մահվան համար։ Հետաքննությունը բացահայտել է հանցագործության և հզոր բիզնես շահերի միջև կապն ու այդ մասին պատմել փոդքասթում։ 

Դուք կարող եք լսել փոդքասթը Spotify, Apple Podcasts և Wonderly կայքերում: 

IJNotes 

Այս փոդքասթն ուսումնասիրում է լրագրողների և փորձագետների աշխատանքը և խնդրում նրանց կիսվել ամենակարևոր և հրատապ թեմաները լուսաբանելու վերաբերյալ խորհուրդներով: Լրագրողները քննարկում են կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի, լրագրողների հոգեկան առողջության պահպանման կարևորության թեմաներ։ 

Դուք կարող եք լսել podcast-ը Spotify-ում, Apple Podcasts-ում և Buzzsprout-ում: 

Chasing the Story 

Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) կողմից ստեղծված այս փոդքասթը ուսումնասիրում է լրագրողների արված արտասովոր պատմությունները և թե ինչպես են նրանք իրականացնում աշխարհի ամենակարևոր հետաքննությունները:  

Լրագրողները պատմում են, թե ինչպես են փնտրում և գտնում հրատապ պատմություններ։ Առաջին փոդքասթն օրինակ սլովակ 27-ամյա հետաքննող լրագրողի սպանության հետաքննության մասին է (նա սպանվել է 2018 թվականի փետրվարին), մյուսը՝ Պակիստանում պատվի սպանության զոհերի մասին հաղորդումների։  

Դուք կարող եք լսել podcast-ը Spotify-ում, Apple Podcasts-ում և ICFJ-ի կայքում: 

Տիգրանուհի Մարտիրոսյան  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *