2024.02.14,

Նյուսրում

Փոդքասթից՝ ՓոդՔաթ 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Գաղափարից մինչև իրականություն ճանապարհը բարդ էր ու կորուստներով լի։ Լրագրող ընկերուհիներ Մարիամն ու Տաթևիկը, դեռևս Արցախի շրջափակման ընթացքում էին որոշել փոդքասթի միջոցով պատմել Արցախի մեդիադաշտի, անընդհատ հովհարային անջատումների պայմաններում  ուղիղ եթերում աշխատող հաղորդավարների կամ առանց  վառելիքի, առանց փոխադրամիջոցի դեպքի վայր մեկնող լրագրողների մասին։   

Չհասցրեցին, բայց գաղափարն իրենց հետ Արցախից բերեցին Հայաստան։  

Մի քիչ վիճելով, մի քիչ էլ  իրար զիջելով՝ 19 տարվա ընկերուհիները որոշեցին․ ժամանակն է մտքում եղածն իրականացնելու։ Միանգամից պարզ էր, որ փոդքասթի կամ ինչպես իրենք հետո անվանեցին այն՝ Փոդքաթի հիմքում պետք է լիներ բարբառի պահպանումն ու տեղի ունեցած իրադարձությունների վավերագրումը։  Փոդքաթ անվանումն էլ հենց այդ տրամաբանությունից ելնելով ստեղծվեց։  

Քաթ-ը Հադրութի, Մարտակերտի, ու Արցախի էլի մի քանի շրջանների խոսվածքներում նշանակում էր զրույց։ Հիմա ուրախությամբ են պատմում, որ հաճախ նամակներ են ստանում իրենց հետևորդներից, որ տարբեր իրավիճակներում փոդքասթ ասելու փոխարեն ակամայից ստացվում է փոդքաթ։  

«Ամենասկզբում դժվար էր հասկանալ, թե ովքեր են մեզ  լսելու, մեր թիրախային լսարանը ո՞րն է լինելու։ Ես կարծում էի, որ հիմնականում լսելու են արցախցիները, Տաթևիկն ավելի հակված էր, որ մենք պետք է փորձենք, որ մեր պատմությունները հասկանալի լինեն նաև հայաստանցիներին։ Սակայն ինձ համար ամենակարևոր պայմանն օնլայն բարբառային միջավայրի ստեղծումն էր, որ մարդիկ գոնե այդ մեկ ժամը հնարավորություն ունենային լսել իրենց բարբառով որևէ պատմություն։ Բացի այդ ես տեսնում էի, որ արցախցիները ամաչում էին խոսել իրենց բարբառով ու ես ուզում էի, որ մենք օգնեինք նրանց հաղթահարել այդ խնդիրը»,- ասում է Մարիամը։ 

 ՓոդՔաթ-ի հյուրը Ինադու փոդքասթի հեղինակներն են՝ Շողերն ու Նինան

Փոդքաթ-ի հյուրերը Ինադու փոդքասթի հեղինակներն են՝ Շողերն ու Նինան։ Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի

Փոդքաթի հեղինակները կարծում են, որ իրենց առաջ դրած խնդիրը կարողացել են մասամբ իրականացնել։ Սոցիալական հարթակներում հաճախ տեսնում են արցախի բարբառով գրված հրապարակումներ ու մեկնաբանություներ, երբեմն էլ իրենց հետևորդներից ստանում են շնորհակալական խոսքեր՝ բարբառային այդ կղզյակը ստեղծելու համար։ Մարիամին հատկապես ուրախացնում է այն փաստը, որ Փոդքաթից հետո էլի ստեղծվեցին բարբառով փոդքասթներ։  

Բարբառային միջավայրի պահպանումից բացի, Տաթևիկի համար էլ շատ կարևոր էր, որ Փոդքաթի ընթացքում չկորցնեին անկեղծության բաղադրիչը։ Իսկ բարբառային խոսքը դրա լավագույն երաշխիքն էր։ Կարիք չկար անցած սարսափելի ճանապարհը նկարագրելիս՝ հույզերն ու մտքերը արհեստականորեն խմբագրել, վերաշարադրել ու  կեղծ փաթեթավորմամբ ներկայացնել լսարանին։  

«Արցախում չէինք էլ մտածել, որ մեր փոդքասթը կարող է լինել բարբառով։ Այստեղ ուրիշ իրականություն էր։ Վախենում էինք, որ ժամանակի ընթացքում բարբառը կվերանա, բացի դրանից մտածեցինք, որ մեր հյուրերի համար էլ ավելի հեշտ կլիներ խոսել բարբառով։ Նրանք ավելի անկեղծ կլինեին, ավելի էմոցիոնալ ու որակյալ զրույց կստացվեր։ Սկզբնական շրջանում  ավելի շատ շեշտը դրված էր ինչպես բարբառի վավերագրության, այնպես էլ կատարված դեպքերի, տեղի ունեցած պատմությունների վավերագրության վրա։ Եվ մենք փորձում էին մեր հյուրերի աչքերով բացահայտել ու վերականգնել կատարված իրադարձությունների քրոնիկան»,- պատմում է Տաթևիկը։  

Փոդքաթի մեկնաբանություններն ու լսարանի արձագանքը ամբողջացնելով՝ հեղինակներն ուրախությամբ ասում են, որ հաճախ նաև դրական գնահատականներ են ստանում հայաստանցի հետևորդներից։ Նրանք իրենց մեկնաբանություններում նշում են, որ մի քանի էպիզոդ լսելուց հետո ավելի հեշտ են հասկանում բարբառն ու շատ իրադարձությունների մասին ստանում են ինֆորմացիա, որը մինչ այդ կամ չգիտեին կամ այլ կերպ գիտեին։ 

Այս ամենի հետ մեկտեղ, Տաթևիկը նկատել է, որ ատելության խոսքը, կարծրատիպային մոտեցումներն ու հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումները ևս քիչ չեն։  

«Վերլուծելով այդ գրառումները, ես կարող եմ ասել, որ կարծես փոխըմբռնում է առաջանում, հայաստանցիներն ու արցախցիները կարծես սկսում են խոսել իրար հետ, բայց որ ամենակարևորն է սկսում են լսել իրար։ Իսկ երբ սկսում ես լսել որևէ մեկին, սկսում ես հասկանալ նրան, մեկ էլ տեսնում ես, որ կարծրատիպերը կամ չարության, ատելության մթնոլորտը կամաց-կամաց սկսում է հաղթահարվել»,- պատմում է Տաթևիկը։

Փոդքաթ-ի հյուրը լրագրող Ծովինար Բարխուդարյանն է։ Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի

Ընդհանրությունները, նմանությունները էլ ավելի շեշտադրված ներկայացնելու համար իրենց ֆեյսբուքյան էջում սկսել են նաև Փոդքաթ բառարան նախաձեռնությունը, որտեղ և՛ Հայաստանի տարբեր մարզերի ու գյուղերի բնակիչներին, և՛ արցախցիներին խնդրում են գրել, թե այս կամ այն բառը ինչպե՞ս են ասում տվյալ բնակավայրի բարբառով։  

«Օրինակ խխունջ բառի մեկ տասնյակից ավելի բարբառային տարբերակ ենք հավաքագրել։ Եվ երբ փորձում ենք վերլուծել հավաքված ինֆորմացիան, մեկ էլ տեսնում ենք, որ օրինակ Արցախի որևէ շրջանում այն հնչել է նույն կերպ, ինչպես Վանաձորում, Վեդիում կամ Մարտունիում»,- ասում է Մարիամը։  

Փոդքաթի առաջին տասը էպիզոդների հյուրերը արցախյան մեդիադեմքերն էին։ Մարիամն ու Տաթևիկը կարողացել են դեռևս Արցախում ստեղծված գաղափարի փոքրիկ բաղադրիչը՝ մեդիամարդկանց հետ զրուցելու իրենց ցանկությունն ադապտացնել ու տեղայնացնել Փոդքաթի ստեղծման ընթացքում։  




Պատմությունների վավերագրումից բացի, աղջիկները հիմա սկսել են խոսել նաև արցախցիներին հուզող, թե՛ սոցիալական, թե՛ կենցաղային խնդիրների մասին։ Առաջիկա հաղորդումների ընթացքում զրուցելու են նաև հայաստանցի հյուրերի հետ, որոնց գործունեությունը ինչ-որ կերպ կապվում է Արցախի կամ արցախցիների հետ՝ փորձելով նպաստել կարծրատիպերի ոչնչացմանն ու երկխոսության կայացմանը։   

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *