2024.02.13,

Նյուսրում

Հայաստանի օրհներգը եթերում՝ կամայական կատարումներ ու տեսաշարեր   

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հայաստանում պարբերաբար ակտիվանում է ՀՀ օրհներգը փոխել-չփոխելու թեման։ Հարցը քննարկվում է ամենատարբեր մակարդակներում ու ամենատարբեր ենթատեքստերով։  

Ինչպես հայտնի է՝ պետական այս խորհրդանիշի հիմքում բանաստեղծ և գրող Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգն» է (1859)։ Ստեղծագործության հերոսուհին ողբում է իր բազմաչարչար հայրենիքի ճակատագիրը և եղբորն ուղարկում մահացու մարտի՝ հանուն հայրենիքի ազատության։ 

Օրհներգի քննադատներն ասում են, որ երաժշտությունն ու բառերը «վատ ուղերձ» են պարունակում, վեր բարձրացնելու փոխարեն անկման տրամադրություն են փոխանցում։ Ավելին, օրհներգը «զոհվելու տողով ու տեսարանով է ավարտվում», ինչպես բազմիցս ասել է Նիկոլ Փաշինյանն ու նշել, որ պետական հիմնի ավարտը կարելի է փոխել։  

Հունվարի վերջին թեման կրկին շրջանառվեց, քանի որ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը «Ազատության» եթերում ասել էր, թե Հանրային հեռուստաընկերության օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա։ Այս պնդումը Հանրային հեռուստատեսությունից հերքել էին ու ասել, որ պետական օրհներգի տեսաշարը 2016 թվականից ի վեր որևէ փոփոխության չի ենթարկվել: 

Փորձենք պարզել, թե հեռուստաընկերությունները ինչ մոտեցում են ցուցաբերում պետական օրհներգը եթեր հեռարձակելիս ու ինչ տեսաշարեր են օգտագործում։ 

Եթերում Հայաստանի Հանրապետության օրհներգի հեռարձակումը  կարգավորվում է օրենքով։ 

ՀՀ օրհներգի մասին օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, ամեն օր` հեռարձակման սկզբին և ավարտին, առավոտյան ժամը 6.00-ին և կեսգիշերին՝ 24.00-ին` շուրջօրյա հեռարձակման դեպքում։ Այս հոդվածը փաստացի վերաբերում է հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող կայաններին։  

Օրենքը չի սահմանում, թե ինչ տեսաշար պետք է ուղղորդի օրհներգին, ուստի հեռուստատեսությունները ցուցաբերում են գեղարվեստական իրենց ցանկալի մոտեցումը։  

Հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստատեսությունների մեծամասնությունը օգտագործում է օրհներգի վոկալ, գործիքային, նվագախմբային-երգչախմբային տարբերակը։ Ցուցադրվում են ՀՀ ծածանվող դրոշը, գերբը, Հայաստանի տեսարժան վայրի պատկերները, կադրեր Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձություններից, տոներից, շքերթներից։ Ցուցադրվում են կադրեր դաշտերում գործ անող հայ մարդկանցից, վարպետներից, ովքեր խաչքարեր են պատրաստում, լավաշ թխող կանանցից, եռագույնը ծածանող ու նկարող երեխաներից, ազգային երգ ու պարից։  

Կան կադրեր, որոնք կրկնվում են, հեռուստատեսությունները դրանք կիրառում են իրենց հարմար հերթականությամբ, ինչից կարելի է ենթադրել, որ տարիներ առաջ օգտվել են նույն բազայից կամ հեռուստատեսություններին տրամադրվել են պատրաստի տեսաշարեր։  

Բոլորից տարբերվում է ATV-ի տեսաշարը։ Հեռուստաընկերությունը չի օգտագործում նվագախմբային-երգչախմբային տարբերակը, այլ եթեր է հեռարձակում տեսաշար՝ էստրադային երգիչների կատարմամբ ու նրանց իսկ մասնակցությամբ։  

Շողակաթի տեսաշարում կան կադրեր նաև Արցախից, իսկ «Արմենիա» հեռուստաընկերությունն ու «Հանրային»-ը, օրինակ, չեն ցուցադրում Հայաստանի զինանշանը։ 

«Նոր Հայաստանը», «5-րդ ալիքը», «Բուն TV», «Սյունիք TV», «Լոռի TV» օգտագործում են մինիմալիստական տեսաշարեր՝ ծածանվող դրոշ, գերբ ու երգի տողեր։  

Մյուսներից տարբերվում է նաև «Դելտա»-ի տեսաշարը։ Հեռուստաընկերությունը ցուցադրում է օրհներգը երեխաների կատարմամբ։ Տեսաշարի սկզբում երեխաների կողմից նկարված Հայաստանի համար պատմական կարևորության անիմացիոն պատկերներն են, ինչից հետո օրհներգը հնչում է միայն գործիքային կատարմամբ՝ առանց վոկալի։ 

Օրհներգը չհեռարձակելու օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով, բայց թե ով է պատասխանատուն ու որքան է սահմանված տուգանքը՝ չի նշվում։ 

2020 թվականին մի շարք հեռուստաընկերություններ խախտել էին օրենքի պահանջը և Ամանորի գիշերը չէին հեռարձակել օրհներգը: 

ՀՌՀ-ն հայտարարել էր, որ ՀՀ օրենքով Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո Հայաստանի Հանրապետության օրհներգը չհեռարձակելու համար տուգանք նախատեսված չէ: Թեև «Օրհներգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում է, որ սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն, բայց թե որ օրենքով սահմանված կարգով և որ մարմինն է լիազորված այն կատարելու նշված չէ։ 

Այսինքն առկա է օրենսդրական անորոշություն: 

Տիգրանուհի Մարտիրոսյան  

 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *