2024.02.02,

Նյուսրում

Ֆեյսբուքում ատելության խոսքի մոդերացիայի խնդիրը․ «Փինք»-ն ընդդեմ Aysor.am-ի 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հրապարակել է իր փորձագիտական կարծիքը «Փինք» իրավապաշտպան կազմակերպության կողմից Aysor.am-ի դեմ ուղղված բողոքի վերաբերյալ: Դժգոհության ու բողոքի առիթ էին հանդիսացել Aysor.am-ի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ին և 21-ին` նույնասեռական տղայի ինքնասպանության թեմայով հրապարակած նյութերի ֆեյսբուքյան հրապարակումների մեկնաբանությունները։  

 Նախապատմությունը 

Aysor.am-ը նոյեմբերին երկու նյութ էր հրապարակել՝ «Կամրջից իրեն նետել է նույնասեռական մի տղա» և «Աշխատանքից հեռացրել էին, ծնողները տնից հանել էին. մանրամասներ՝ կամրջից նետված նույնասեռական տղայի մասին» վերնագրերով։ Դրանց ֆեյսբուքյան հրապարակումների մեկնաբանություններում առկա էին բռնության կոչեր ու գեներացվել էր ատելության խոսք։  

«Փինք»-ի տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը պատմում է, որ անցած տարի նոյեմբերին «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումից հայտնի դարձավ երիտասարդ անձի ինքնասպանության մասին: Լուրը առցանց լրատվամիջոցները արտատպեցին և տարածեցին իրենց լրատվական կայքերում ու սոցիալական էջերում: Այս հրապարակումը տեղ գտավ նաև Aysor.am-ում և կայքի ֆեյսբուքյան էջում: 

«Aysor.am -ի նոյեմբերի 15-ին արված առաջին հրապարակումից հետո մենք նկատեցինք, որ ատելության խոսք և նույնիսկ բռնության կոչեր պարունակող բազմաթիվ մեկնաբանություններ կան: Մեր մոնիթորինգի արդյունքում կարող ենք ասել, որ այդ մեկնաբանությունները հատել էին 900-ի սահմանը, և դրանց շարքում շատ քիչ էին կարեկցանք արտահայտող մեկնաբանությունները: Չնայած ատելության խոսքի այս մեծ ալիքին՝ լրատվականը ուշադրություն չէր դարձրել սոցիալական ցանցում հրապարակված նյութի մեկնաբանություններին և ատելության խոսք պարունակող ոչ մի մեկնաբանություն չէր ջնջել կամ չէր սահմանափակել մեկնաբանությունների տեսանելիությունը։ Նույնիսկ ընթերցողներին ուղղված նախազգուշական ծանուցում չէր տեղադրել, որով ընթերցողներին կհորդորեին զերծ մնալ վիրավորանք և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններից»,- ասում է Հռիփսիմեն:  

Իրավապաշտպան կազմակերպության տնօրենը պարզաբանում է, որ նախքան դիտորդ մարմնին բողոք ներկայացնելն անձամբ չեն դիմել Aysor.am-ի խմբագրություն, քանի որ բազմիցս բախվել են այն խնդրին, երբ լրատվամիջոցները չեն ցանկանում հաղորդակցվել ու համագործակցել կազմակերպության հետ։ Կամ իրենց դիմելու միակ դրդապատճառը սկանդալային նյութ պատրաստելն է լինում։ 

«Թեև լրատվականն իր նյութում խտրական լեզու չէր գործածել, բայց վերնագիրը չափազանց ոչ զգայուն էր։ Առաջին պլան էր բերվել և որպես փաստ ներկայացվել այն ինֆորմացիան, որ անձը նույնասեռական է։ Մինչդեռ այդ ժամանակահատվածում, դեռևս չկար որևէ ստուգված տեղեկատվություն, արդյոք անձը եղել է նույնասեռական, թե ոչ։ Սա խոսում է այն մասին, որ լրատվականի համար կարևոր չէ նյութի փաստացի, ճշմարիտ լինելը։ Վերջին շրջանում հետևյալ տենդենցն է նկատվում մեր մեդիադաշտում․ լրատվականները օգտագործում են չեզոք լեզու, ճիշտ տերմիններ, բայց նյութի բովանդակությունը, ենթատեքստը պահպանում է կարծրատիպային կարծիքը խորացնելուն միտված մոտեցումը»,- ասում է «Փինք»-ի տնօրենը։ 

Դիտորդ մարմնի կարծիքը 

Դիտորդ մարմինը, նախքան բողոքի առարկայական քննությունը, դիմել էր ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չհանդիսացող Aysor.am-ի խմբագրությանը՝ պարզաբանում ներկայացնելու առաջարկով, սակայն այդպես էլ պատասխան չէր ստացել։ 

Հիմնվելով ՀՀ օրենսդրության, ԶԼՄ-ների գործունեության էթիկական նորմերի, միջազգային իրավունքի, այդ թվում՝ նախադեպային իրավունքի նորմերի վրա Դիտորդ մարմինն արձանագրել էր, որ 

  • Քննարկման առարկա բուն հրապարակումներում խտրականության և ատելության խոսքի տարածմանն առնչվող խախտումներ չկան։ 
  • Aysor.am-ի՝ քննարկման առարկա նյութերի ֆեյսբուքյան հրապարակումների մեկնաբանություններում ԼԳԲՏՔ+ անձանց ուղղված ատելության խոսքի, խտրականության, վիրավորանքի բազմաթիվ դրսևորումներ կան, որոնք լրատվամիջոցի կողմից մոդերացիայի չեն ենթարկվել։ 
  • Թեև Aysor.am-ը ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնութան անդամ չէ, սակայն ՀՀ լրատվական գործունեություն իրականացնող ցանկացած սուբյեկտ պարտավոր է հետևել Սահմանադրությամբ և օրենսդրական այլ ակտերով (այդ թվում՝ ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական նորմերով) նախատեսված՝ ատելության խոսքի և խտրականության բացառման, մասնավորապես, ՄԻԵԴ-ի՝ «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» նախադեպային վճռով սահմանված պահանջներին։ 

Եզրակացության մեջ Դիտորդ մարմինն առաջարկել էր լրատվամիջոցին մոդերացիայի ենթարկել սոցցանցային հրապարակումները և հեռացնել ատելության խոսք և խտրականություն պարունակող մեկնաբանությունները։ Նույն կերպ վարվել նաև հետագա հրապարակումների պարագայում։ 

Սակայն, եզրակացությունից նույնիսկ շաբաթներ անց էլ մեկնաբանություններն առկա են և ընթեռնելի։  

Մեկնաբանությունների մոդերացիայի հարցը

Aysor.am-ի խմբագիր Հովհաննես Քոսյանը նշեց, որ իրավապաշտպան կազմակերպության որևէ ներկայացուցիչ իրենց հետ ուղիղ չի կապվել և թեման չի քննարկել, այլ նախընտրել են միջնորդավորված ընթացք տալ։  

«Որոշ ոչ պատշաճ մեկնաբանություններ հեռացվել են, ինչն էլ իր հերթին առաջացրել է մեկնաբանություն թողած որոշ օգտատերերի զայրույթը։ Նրանք խմբագրություն են զանգահարել և մեղադրել մեզ իրենց խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ: Խնդիրը բարդ է և միակողմանի մեկնաբանման ենթակա չէ, հաշվի առնելով, հասարակական հարթակում հասարակության ներկայացուցիչների արտահայտվելու իրավունքը»,- ասում է Հովհաննես Քոսյանը։  

Լրատվամիջոցի խմբագիրն ասում է, որ օգտատերերի՝ վիրավորանք և ատելություն պարունակող մեկնաբանություններն անթիվ և անհամար են՝ անկախ ներկայացվող թեմայից՝ ինչը բարդացնում է մեկնաբանությունների մոդերացիան։  

«Ցավոք, հրապարակումից օրեր հետո սոցիալական հարթակներում թողնված մեկնաբանություններին հետևելու համար անհրաժեշտ է մարդկային մեծ ռեսուրս և շատ ժամանակ, որն այսօր ոչ բոլոր լրատվամիջոցներն ունեն»,- ասում է նա: 

Դիտորդ մարմնի անդամ, խմբագիր Գնել Նալբանդյանը սակայն համաձայն չէ այս մոտեցման հետ։ Նա պնդում է, որ ինչպես լրատվամիջոցները, այնպես էլ ցանկացած օգտատեր պետք է պատասխանատվություն կրի իր սոցիալական տիրույթում գեներացվող հանրային արձագանքի համար։  

«Լրատվամիջոցը պատասխանատվություն է կրում իր հրապարակման տակ հայտնված ատելության խոսքի, վիրավորական արտահայտությունների, բռնության կոչերի համար։ Մենք չենք կարող ասել, որ եթե մեր հրապարակած նյութում ատելության խոսք առկա չէ, ուրեմն մենք ազատվում ենք պատասխանատվությունից, իսկ մնացածը այլոց խոսքի ազատությունն է և ով ինչ ուզի կարող է ասել։ Իսկ ռեսուրսների բացակայությունը կարող է լինել հասկանալի պատճառ, բայց չի կարող լինել արդարացում»,- ասում է ԴՄ անդամը։  

Aysor.am-ում չեն բացառում, որ առաջիկայում գուցե ավելացնեն ընթերցողներին ուղղված ծանուցում, որտեղ կհորդորեն զերծ մնալ վիրավորանք և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններից, բայց վստահ չեն, թե այն էական ազդեցություն կունենա։ 

Հովհաննես Քոսյանն առաջարկում է հարցը կարգավորել օրենսդրորեն։ Լրատվամիջոցների համար էլ հասցեական աջակցության մեխանիզմներ մշակել, որոնք կօգնեն կազմակերպել սոցիալական հարթակներում մեկնաբանությունների վերահսկման գործընթացը։ 

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *