Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) հրապարակել է իր տարեկան զեկույցը, որի համաձայն 2023թ․-ը Հայաստանի համար բարդ, տագնապալի իրադարձություններով լի էր՝ հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումներ, զանգվածային բողոքի ակցիաներ, Արցախի շրջափակում, սեպտեմբերյան ռազմական ագրեսիա Ադրբեջանի կողմից, ապա՝ 100 հազարից ավելի բռնի տեղահանված արցախցիների բնակեցում Հայաստանում, Երևանի ավագանու ընտրություններ՝ նախընտրական լարված պայքարով ու հետընտրական զարգացումներով։
Զեկույցում նշվում է, որ այս իրավիճակում գրանցվել են և՛ ֆիզիկական բռնություններ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, և՛ տարատեսակ այլ ճնշումներ՝ սպառնալիքների, ատելության արտահայտման, ոչ բարեկիրթ վերաբերմունքի տեսքով։
Media.am-ն առանձնացրել է զեկույցի հատվածներն ըստ թեմաների
Ֆիզիկական բռնությունները նվազել են
2023թ. ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության 6 դեպք է արձանագրվել, ինչն ավելի քիչ է, քան՝ 2020թ․-ին (14 դեպք)։
Նշվում է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր ասելով նկատի են առնվում նաև այլ տեսակի ճնշումները, այդ թվում՝ ատելության արտահայտում, սպառնալիք։
ԽԱՊԿ-ն առանձնացրել է 2023թ․-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության հետևյալ դեպքերը։ Դրանք են՝
Հուլիսի 11-ին Ստեփանակերտում «Սիվիլնեթ» լրատվական կայքի սեփական թղթակից և «Անալիտիկոն» պարբերականի լրագրող Հայկ Ղազարյանը ֆիզիկական բռնության է ենթարկվել։ Մի խումբ անձինք դարանակալել են, փորձել առևանգել նրան, և երբ դա չի հաջողվել, ծեծի են ենթարկել։
Լրագրողն այդ մարդկանցից ոմանց ճանաչել է և ասել, որ նրանք Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի շրջապատից են։ Այս միջադեպին նախորդել է երկու օր առաջ Հայկ Ղազարյանի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումը․ Ստեփանակերտում բողոքի ակցիան լուսաբանելիս նրա ձեռքից մի ոստիկան խլել է հեռախոսը, որը ավելի ուշ վերադարձվել է, բայց նկարահանված կադրերը ջնջված են եղել։
– Սեպտեմբերի 15-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը, իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանին սատարողների հավաքի ժամանակ նրա համակիրներից մեկը հայհոյել և դրոշով հարվածել է «Newday.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանին։
ԽԱՊԿ-ը դեպքի առնչությամբ հարցում է ուղարկել ՀՀ դատախազություն, որտեղից այն հասցեագրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն։ Պատասխան նամակով հայտնել են, որ դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, լրագրող Անի Գևորգյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
– Սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով վնասվածք է ստացել «Հետք մեդիա գործարան»-ի լրագրող Անուշ Մկրտչյանը, որը լուսաբանում էր այդ ակցիան։ Նա բեկորային վնասվածք է ստացել, ինչը, ըստ բժիշկների, նաև մակերեսային այրվածք է առաջացրել։
– Հոկտեմբերի 20-ին Երևանում՝ ԼՂՀ ներկայացուցչության շենքում, Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ակցիայի ժամանակ տուժել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Նարինե Ղուկասյանը։ Նա բողոքող քաղաքացիներից հարված է ստացել, որից ուշաթափվել է։ Լրագրողին առաջին բժշկական օգնություն է ցուցաբերել տեղում գտնվող ոստիկանության աշխատակիցը։
– Հոկտեմբերի 20-ին Երևանում, ԼՂՀ ներկայացուցչության շենքում, Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ակցիայի ժամանակ խոչընդոտվել է մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը։ Մասնավորապես՝ երբ վերջիններս փորձել են հարցեր ուղղել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, նրան շրջապատած անձինք հայհոյել ու անհարգալից վերաբերմունք են դրսևորել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ։ Այսպես, համացանցում տարածված տեսանյութերում պարզորոշ երևում է, թե ինչպես «5-րդ ալիք» հեռուստաընկերության թղթակից Արփի Սուքիասյանից փորձել են խլել հեռախոսը, որով նա տեսանկարահանում էր, կամ՝ ինչպես է Սամվել Շահրամանյանը հրում «Factor.am» կայքի լրագրող Արփի Հակոբյանի՝ միկրոֆոն պարզած ձեռքը։ Այս առնչությամբ լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ։
– Դեկտեմբերի 11-ին «NewDay.am» կայքի խմբագիր Անի Գևորգյանը փորձել է նկարահանել, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գալիս Կառավարության 3-րդ մասնաշենքից, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել։ Լրագրողի դիմադրության ի պատասխան իրավապահները հղում են կատարել համապատասխան կարգին, սակայն արգելքն ուղեկցվել է նաև քաշքշոցով։
Պետական մարմինները պատասխանում են թերի կամ լղոզված
Տարվա ընթացքում ԽԱՊԿ-ը մտահոգիչ պատկեր է արձանագրել նաև տեղեկատվության ազատության սահմանափակումների առումով։ Եղել են դեպքեր, երբ պետական մարմինները լրագրողների հարցումներն անհիմն մերժել են կամ դրանց ոչ ամբողջական, լղոզված պատասխաններ են տրամադրել։
2023 թ․-ին տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 135 դեպք է եղել, 2022 թ․-ին՝ 115։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ արձանագրվել են նաև տեղեկատվության ազատության սահմանափակման դեպքեր։ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ներկայացված հարցումները պետական մարմինները անհիմն մերժել են կամ տվել ոչ ամբողջական պատասխաններ։
Հունվարի 23-ին լրագրողների հանդիպման ժամանակ Մելիքյանը վստահեցրել է՝ այդ 135 դեպքերով պետական կամ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ չեն հայցվել։
Հավատարմագրում են որպես «լավություն»
ԽԱՊԿ-ը նշում է, որ կան լրատվամիջոցների հետ պետական ատյանների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի, կամայական որոշումներ կայացնելու օրինակներ, որոնք կապ ունեն պետական մարմիններ հավատարմագրման գործընթացի հետ։
Նշվում է, որ տարվա ընթացքում 2 լրագրողի զրկել են պետական մարմնում հավատարմագրումից։
«Դժվարանում եմ մտաբերել, թե անցած 30 տարիների ընթացքում լրագրողին հավատարմագրումից զրկելու դեպք եղե՞լ է, թե ոչ, բայց որ այս իշխանությունների օրոք սա արդեն երկրորդ դեպքն է, և ամենևին էլ արդարացված չէ, դա փաստ է»,- ասել է լրագրողներին ասել է Աշոտ Մելիքյանը։
Կոմիտեի նախագահի գնահատմամբ՝ պետական մարմինները լրագրողների հավատարմագրումը համարում են «աշխատանքի թույլտվություն կամ լավություն լրատվամիջոցին»:
Դատական գործեր՝ ընդդեմ լրագրողների
Ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների ներկայացված դատական նոր հայցերի թիվը 36 է, որոնցից 34-ը՝ զրպարտության և վիրավորանքի, 2-ը՝ հեղինակային իրավունքի խախտման հիմքով։ Դրանց գերակշռող մասը՝ 23-ը, ներկայացված են պետական մարմինների, պաշտոնյաների կամ իշխող ուժի կողմից։
ԽԱՊԿ-ն արձանագրում է, որ, որպես կանոն, անտեսվում են տեղեկատվական վեճերը արտադատական մեխանիզմներով լուծելու հնարավորությունները, ավելին՝ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները հաճախ նպատակ են հետապնդում լրացուցիչ ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա, «հաշիվ մաքրել» նրանց հետ՝ պահանջելով չափազանց բարձր դրամական փոխհատուցումներ ու նաև միջնորդություն ներկայացնելով՝ հայցագնի չափով պատասխանողների գույքի ու բանկային հաշիվների վրա արգելանք դնելու համար։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: