Երևանում բացվել է հեղինակավոր «World Press Photo» ցուցահանդեսը, որին ներկայացված լուսանկարներն ուրույն հայացք են պատերազմին, խաղաղությանն ու համամարդկային խնդիրներին։
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկայացված ցուցահանդեսն ընդգրկում է մրցույթի 2023 թվականի մրցանակակիր գործերը։
Միջոցառմանը ներկա է «World Press Photo» մրցույթի «Տարվա լուսանկար» անվանակարգի հաղթող ուկրաինացի լուսանկարիչ Եվգենի Մալոլետկան, ով ներկայացրել է Մարիուպոլի պաշարման իր լուսանկարները։
Հաղթող լուսանկարում 32-ամյա վիրավոր հղի կին է, ում տեղափոխում են ավիահարվածից վնասված Մարիուպոլի ծննդատուն։ Ոչ կնոջը, ոչ երեխային փրկել չի հաջողվում։ Երեխան ծնվում է մահացած, իսկ կինը մահանում է ծննդաբերությունից կես ժամ անց։
Media.am-ի հետ զրույցում Եվգենի Մալոլետկան պատմեց, որ պատերազմի պես ողբերգական իրադարձությունը վավերագրելու համար ամուր նյարդեր են պետք։ Նա ասաց, որ իր համար նման դրվագները տեսնելը հեշտ չէր, բայց ինքը մոտեցել է դրան աշխատանքի պես ու այդ ժամանակ չի զգացել հոգեբանական ճնշում։
«Եղել են դրվագներ, որոնք չեմ ցանկացել լուսանկարել, քանի որ շատ դաժան են եղել, արյունը շատ է եղել, բայց սա իմ աշխատանք է, ես պետք է աշխարհին ցույց տայի, թե իրականում ինչ է կատարվում և հոգեբանորեն ինձ ստիպել եմ նկարել այդ ամենը։ Սա մեր մասնագիտության դժվար կողմերից է, ընտրել ես, ուրեմն պետք է արդարացնես ընտրությունդ»,- մանրամասնեց Մալոլետկան։
Լուսանկարիչն ասաց, որ դժվար է եղել ոչ միայն իրեն, այլև՝ իր հերոսներին։ «Մարդիկ էմոցիոնալ տեղատարափի մեջ են, ողբերգության կենտրոնում, երբեմն ագրեսիվ են լինում ու չեն ուզում, որ իրենց նկարես այդ ժամանակ։ Դա նորմալ է։ Պետք է մտնես բոլորի դրության մեջ։ Չխանգարես մարդկանց ապրել իրենց ցավը, լինես անտեսանելի, բայց միևնույն ժամանակ վստահելի իրենց համար, որ մարդիկ զգան, որ դու իրենց այդպիսով վնասել չես ցանկանում»,- հավելեց Եվգենի Մալոլետկան։
Նա ասաց, որ իր լուսանկարների հերոսների հետ կապի մեջ է եղել, որպեսզի դրանք ունենան պատմություն։ Գնացել է նրանց հետևից, իմացել է, թե որտեղ են ապաստան գտել, ինչ շարունակություն է ունեցել նրանց կյանքը։ «Մարդկային մեծ պատմություններն արժանի են շարունակության»,- շեշտեց նա։
Լուսանկարիչը նշեց, որ պատերազմական իրադարձությունները լուսաբանող իր գործընկերներն ու լրագրողները մեծ աշխատանք են կատարում, այդ ժամանակ չեն զգում՝ նյութի կարևորությունը, երբեմն չեն էլ նկատում, որ իրենց արած աշխատանքի շնորհիվ քաղաքական որոշումներ են փոխվում։ «Իմ նկարներից հետո ես ստացա նամակ, որ որոշում է կայացվել հումանիտար միջանցք բացել և որ Ռուսաստանը համաձայնել է խաղաղ բնակչության համար դուրս գալու հնարավորություն ստեղծել»,- պատմեց նա։
Եվգենի Մալոլետկան, որը լուսաբանել է մի քանի պատերազմ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող 2020 թվականի պատերազմը, խորհուրդ տվեց չմոտենալ ռազմական գործողությունների լուսաբանմանը մատների արանքով։
«Շատերը գալիս են անպատրաստ, չգիտեն՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ, երբ է պետք թաքնվել, երբ է պետք գնալ։ Սկսնակ լուսանկարիչներին առհասարակ խորհուրդ չեմ տալիս գնալ մենակ։ Գնացեք ավագ գործընկերների հետ։ Հրթիռները չեն ընտրում թիրախը, երբեք չգիտես՝ կհայտնվե՞ս դրանց թիրախում, թե՞ ոչ»,- ասաց նա։
ՀՀ ճարտարապետության պատմության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանն էլ Media.am-ի հետ զրույցում հորդորեց բոլորին այցելել ցուցահանդես ու լուսանկարները տեսնել ոչ թե թվային, այլ՝ թղթային տարբերակով։
«Թվային լուսանկարչությունը, իհարկե, հարգանքի է արժանի, բայց թղթային լուսանկարների ուժն այն չի փոխանցում։ Տեսնել ֆոտոները մեծ չափսով պատին փակցված ավելի ազդեցիկ է ու գեղեցիկ։ Ես ուրախ եմ, որ այս հնարավորությունը մենք ունենք։ Ունենք հնարավորություն ծանոթանալու լուսանկարների հետ, որոնք բացահայտ խոսում են կյանքի ու մահվան մասին, ոճրագործության, պատժելիության մասին, մարդկային թշվառության ու այն վերապրելու կարողության մասին։ Մենք՝ հայաստանցիներս, պիտի կարողանանք տեսնել մեզ աշխարհի համամարդկային արժեքների դաշտում»,- ասաց Մարկ Գրիգորյանը։
Նա նշեց, որ թեև տեխնիկական հնարավորությունները զարգանում են, բայց կյանքը ցույց է տալիս, որ վավերագրությունը չի մահանում, «պրոֆեսիոնալ աչքը չի փոխարինում սիրողականությանը»։
Ընդհանուր առմամբ ցուցադրությանը, որը բաց կլինի մինչև փետրվարի 13-ը, ընդգրկված են «World Press Photo» մրցույթի տարբեր անվանակարգերում 24 հաղթողի ավելի քան 140 լուսանկար, որոնց մի մասը ներկայացված է շարքերով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: