2024.01.12,

Նյուսրում

Կարծրատիպերի կիրառումը հայաստանյան լրատվամիջոցներում․ հետազոտություն 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Որո՞նք են հայաստանյան մեդիայում առավել հաճախ կիրառվող բացասական կարծրատիպերը, ովքե՞ր են հնչեցնում ու տարածում դրանք և ովքե՞ր են թիրախում։

Տեղական լրատվամիջոցներում բացասական կարծրատիպերի ծավալն ու բնույթը հասկանալու համար՝ Երևանի մամուլի ակումբն անցած հոկտեմբերին «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում ուսումնասիրել է 8 լրատվամիջոցի հիմնական լրատվական թողարկումները, բանավիճային հաղորդումները, հոդվածներն ու հարցազրույցները։

Ո՞ր պնդումներն են դիտարկվել որպես բացասական կարծրատիպ

Մշտադիտարկման ժամանակ որպես բացասական կարծրատիպեր են դիտարկվել գործող և նախորդ իշխանությունների, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին հասցեագրված մի շարք մեղադրանքներ։

1․Գործող իշխանությունների ներկայացուցիչների պարագայում՝

  • «Դավաճանության», «հողերի հանձնման», «կապիտուլյացիայի», Հայաստանին ու Արցախին պատուհասած դժվարությունների ու դժբախտությունների հետ կապված մեղադրանքներ։
  • Երկրի անարդյունավետ, ձախողված կառավարման հետ կապված մեղադրանքներ։

2․ Նախորդ իշխանությունների (մինչև 2018թ. մայիսի 8-ը) ներկայացուցիչների պարագայում՝

  • 44-օրյա պատերազմի արդյունքների համար պատասխանատվության և ԼՂ «կապիտուլյացիայի»-ին վերաբերող մեղադրանքներ։
  • Երկիրը ղեկավարելիս «կոռումպացված» լինելու, «բնակչությանը բռնությունների ենթարկելու»-ն առնչվող պնդումներ։

3․ Հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների դեպքում՝

  • Ի վնաս Հայաստանի շահերի, հօգուտ այլ պետությունների գործելու մասին հայտարարություններ։
  • ԼՂ պաշտոնյաների կողմից հայկական ազգային շահերը (ընդհանուր առմամբ) «դավաճանելու» մեղադրանքները և Արցախը «հանձնելու» պնդումներ։
  • Հայաստանում հանցագործություններ և ապօրինություններ կատարած անձանց պարագայում ընդգծվել է նրանց ղարաբաղյան ծագում։

Ո՞ր լրատվամիջոցներն են դիտարկվել

Մոնիթորինգին մասնակցող լրատվամիջոցներն ընտրելիս հաշվի են առնվել Հայաստանի քաղաքական դաշտում դրանց դիրքավորումը, բովանդակության հեռարձակման ձևաչափերի բազմազանությունը, լրատվամիջոցի կողմից քաղաքական իրադարձությունների նկատմամբ ուշադրության հանգամանքը և հանրային կարծիքի վրա ունեցած ավանդական ազդեցությունը։

Դիտարկվել են հետևյալ լրատվամիջոցները`

  1. «Առավոտ»
  2. «Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք»
  3. «Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջինի լրատվական ալիք»
  4. «Հայկական երկրորդ հեռուստաալիք»
  5. «Երկիր Մեդիա»
  6. «168 ժամ»
  7. «1in.am»
  8. «Civic.am»

2023թ․ հոկտեմբերի 1-31 կատարված մոնիթորինգի ընթացքում այս 8 լրատվամիջոցներից առանձնացվել է 210-ը հրապարակում, որոնցում 233 անգամ անդրադարձել է եղել կարծրատիպերին։

Դիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ բացասական կարծրատիպեր պարունակող 233 անդրադարձերից 170-ը կամ շուրջ 73%-ը վերաբերել է գործող իշխանությունների ներկայացուցիչներին։ Երկրորդ հորիզոնականում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներն են։ Ըստ հետազոտության՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին հնչած բացասական կարծրատիպերն ամենաքիչն են եղել։

Գործող իշխանությանը վերաբերող 170 անդրադարձից 163-ը կամ կիրառված ընդհանուր կարծրատիպերի 69․9%-ը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի խնդրին, Ադրբեջանի հետ հակամարտությանը: Ոչ արդյունավետ կառավարման թեմայի վերաբերյալ կարծրատիպային անդրադարձերն անհամեմատ ավելի քիչ են եղել և կազմել են ընդամենը 3․1%։

Նրանց հասցեին հնչած բացասական կարծրատիպերն ամենից շատ եղել են «Առավոտի» հրապարակումներում։ Դրանք կազմել են իշխանությունների մասին բոլոր կարծրատիպային հայտարարությունների 36.5%-ը։

Այս ցուցանիշով «Առավոտն» առաջ է անցել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ կապվող լրատվամիջոցներ «168 ժամ»-ից, «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ից և «Երկիր Մեդիա»-ից։

Դիտարկված 8 լրատվամիջոցներից գործող իշխանության հասցեին բացասական կարծրատիպեր պարունակող հրապարակումներ չեն եղել «Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջինի լրատվական ալիք»-ում և «1in.am»-ում։

Բացասական կարծրատիպերի հասցեատերերի շարքում գործող իշխանություններից հետո՝ երկրորդ հորիզոնականում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներն են։ Նրանց հասցեին հնչել է 17․2% կարծրատիպային մեղադրանք։

Այս խմբին վերաբերող բացասական կարծրատիպերի շրջանառության գործում հատկապես ակտիվ է եղել իշխանության հետ ասոցացվող «Civic.am»-ը։ Հնչած կարծրատիպերի կեսից ավելին՝ 52.5%-ը հենց այս կայքն է հրապարակել։

Առավել շատ բացասական կարծրատիպային անդրադարձերն առնչվել են ի վնաս Հայաստանի շահերին գործելու, օտարերկրյա գործակալների ու լրտեսների թեմաներին՝ 9․8 %: Ստացվում է, որ հանրային մտահոգության, ուշադրության կենտրոնում գտնվող ղարաբաղյան հիմնահարցի, հայ-ադրբեջանական հակամարտության խնդրից հետո, երկրորդ հորիզոնականում է «դավաճանների», «լրտեսների» թեման։ Հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ ենթախմբում ընդգրկված ԼՂ պաշտոնյաների մասին էլ 6․1% կարծրատիպային անդրադարձեր են եղել։ Նրանց մեղադրել են հայկական ազգային շահերը «դավաճանելու» եւ Արցախը «հանձնելու» համար։

Թվով ամենաքիչ կարծրատիպային մեղադրանքները վերաբերել են նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ 9․8 %: 5.5% դեպքերում նրանց մեղադրել են 44-օրյա պատերազմի արդյունքների և ԼՂ «կապիտուլյացիայի» համար։ 4․3 % դեպքերում՝ կոռումպացված կառավարման։

Ստացվում է հայաստանյան ներկայիս խոսույթում Լեռնային Ղարաբաղը «հանձնելու», Ղարաբաղյան հարցում անհաջողություն կրելու առնչությամբ ավելի շատ մեղադրանք է հնչում ԼՂ իշխանությունների (6․1%), քան Հայաստանի նախկին իշխանությունների հասցեին(5.5%)։

Լրագրողական էթիկայի խախտումներ

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ հաճախ լրագրողներն ու հաղորդավարները հենց իրենք են հնչեցնում այդ բացասական կարծրատիպերը, հայտնում՝ իրենց անձնական դիրքորոշումները։ Դրանով իսկ խախտում լրագրողական էթիկայի՝ անաչառության սկզբունքը։ Այս ցուցանիշով առաջատարը «168 ժամ»-ն է։ Այս լրատվամիջոցում տեղ գտած 47 կարծրատիպային անդրադարձերից 22-ը (46.8%) հնչեցրել են «168 ժամի» լրագրողներն ու հաղորդավարները։ Հետո «Առավոտ»-ն ու «Civic.am»-են՝ համապատասխանաբար 25.6% և 23.5% ցուցանիշներով։

Ատելության խոսքի կիրառության առումով էլ առաջին հորիզոնականում իշխանությունների հետ ասոցացվող «Civic.am»-ն է։ Բացասական կարծրատիպեր պարունակող նրանց 34 անդրադարձերից 4-ը կամ 11.8%-ը պարունակել են ատելության և բռնության խոսք։ Ատելության խոսքի ցուցանիշով երկրորդ տեղում «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ն է, երրորդում՝ «168 ժամ»-ը։

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *