2024.01.04,

Նյուսրում

Ամանորի գիշերը Հանրայինում՝ առանց կաթողիկոսի խոսքի

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Այս տարի Հանրային հեռուստատեսությունն կեսգիշերից առաջ չհեռարձակեց Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը: 

Տասնամյակներ շարունակ Հայաստանում Ամանորի գիշերը նախագահի կամ  վարչապետի ելույթին նախորդում էր կաթողիկոսի ուղերձը։ Բայց անկախությունից ի վեր առաջին անգամ այս ավանդույթը խախտվեց։  

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնեց, որ Հանրային հեռուստաընկերությունից առաջարկել են այն ներկայացնել «Լուրեր»-ի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռը «պատշաճ չի համարել և մերժել է»: 

«Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց»,- ասված է հաղորդագրությունում։ 

Հանրայինից էլ պարզաբանել են, որ կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին, բայց դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։  

«Քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերությանն էր առնչվում, Խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքը և Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերի վերաբերյալ բանավոր դիմումը բավարարվել է։ Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել։ Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ առաջարկում ենք խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում»,- ասված է Հանրայինի հաղորդագրության մեջ։  

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ավանդույթները, որոնք ստացել են համարյա պետական արարողակարգի բնույթ, պետք է փոփոխության ենթարկվեն միայն հանրային կարծիքի և հնարավոր հետևանքները ուսումնասիրությունների արդյունքում։ «Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչների պնդումները, որ կաթողիկոսի ամանորյա ուղերձը հեռարձակելու հարցը օրենսդրական կարգավորման թեմա է, կարելի էր ընդունել, եթե նման նախաձեռնությամբ նրանք հանդես գային նախապես, այն դարձնեին բազմակողմանի քննարկումների առարկա, սակայն մինչև օրենքի փաստացի լրացումը պահպանեին արմատավորված պրակտիկան»,- մեզ հետ զրույցում ասաց նա։ 

Քանի որ Հանրայինն այդպես էլ չի բացատրել, թե ինչու է առաջարկել փոխել ուղերձի հեռարձակման ժամը, միջադեպը գնալով ստանում է քաղաքական երանգ։ Խոսվում է այն մասին, որ Առաքելական եկեղեցու և իշխանության հարաբերությունները լարվել են և սա դրա վառ ապացույցն է։ 

Դեռևս 44-օրյա պատերազմից հետո, երբ կաթողիկոսը հորդորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, դրանից հետո որոշ բարձրաստիճան հոգևորականներ սկսեցին մասնակցել նույնը պահանջող ընդդիմության ցույցերին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե եկեղեցին ուզում է քաղաքականությամբ զբաղվել, թող կուսակցություն բացի։ Վարչապետն ու կաթողիկոսը դադարեցին միմյանց հետ միջոցառումների մասնակցել։ 

Հանրայինով չհեռարձակված ուղերձում կաթողիկոսն անդրադարձել էր Արցախի բռնազավթմանը և հայաթափմանը: «Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված», – նշել էր Գարեգին Բ-ն։ 

Ի դեպ, Հանրայինի «Լուրեր»-ի յություբյան ալիքում տեղադրված են վարչապետի, ԱԺ նախագահի, նախագահի ելույթները, բայց կաթողիկոսի տեսաուղերձը տեղադրված չէ։ 

Տիգրանուհի Մարտիրոսյան  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *