2023.12.29,

Նյուսրում

Ֆիլմեր և սերիալներ լրագրողների աշխատանքի մասին

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Շատերը հանգստյան օրերն անցկացնում են տանը։ Տոները հիանալի ժամանակ են դիտելու ֆիլմեր և հեռուստասերիալներ, որոնք տարվա ընթացքում բաց եք թողել կամ որոնք միշտ ցանկացել եք դիտել, բայց չեք հասցրել։  

Հաճելին օգտակարի հետ համատեղելու համար առաջարկում եմ համեմատաբար նոր մասնագիտական ֆիլմերի ցանկ, որոնք պտտվում են լրագրողների և լրագրության շուրջ։ Դրանք կօգնեն ձեզ վերականգնել հետաքրքրությունը ժուռնալիստիկայի նկատմամբ, եթե այն կորցրել եք, կմոտիվացնեն, կսովորեցնեն, կտան մտածելու առիթ ու կպատմեն միջազգային լրագրության փորձի մասին։  

Ֆիլմեր 

She Said (Նրա ճշմարտությունը) 

2020 թվականին թողարկված այս ֆիլմը պատմում է New York Times-ի լրագրողներ Մեգան Թոհիի և Ջոդի Կանտորիի մասին, որոնք բացահայտում են հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկված կանանց մասին: Այս լրագրողների աշխատանքից հետո էր, որ ծնվեց #MeToo շարժումը։ Նրանց հաջողվեց այդ կանանց համոզել բարձրաձայնել իրենց հետ կատարվածն ու ստիպել նմանատիպ իրադարձությունների կենտրոնում հայտնված մարդկանց չլռել։  

Cidade de Deus (Աստծո քաղաք) 

Ֆիլմը մասամբ հիմնված է Պաոլու Լինսի «Աստծո քաղաք» գրքի ինքնակենսագրական պատմության վրա։ Այն պատմում է լավագույն ընկերների մասին, որոնք մեծացել են Ռիո դե Ժանեյրոյի ամենավտանգավոր փողոցներից մեկում։ Թմրամիջոցները և դրանց վաճառքը այդ փողոցի սովորական առօրյան է և տղաներն էլ չեն կարողանում դրանից անմասն մնալ։ Ընկերներից մեկը դառնում է թմրավաճառ, թաղային հեղինակություն, իսկ մյուսը երազում է ֆոտոնկարիչ դառնալու և փողոցի կյանքը վավերացնելու մասին։  

De veroordeling (Աղմկահարույց գործ) 

Հոլանդական նոր քրեական դրամա ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ 1999 թվականին Ժակլին Վիտենբերգը սպանվեց իր տանը։ Նրա մարմինը գտնվեց միայն մի քանի օր անց։ Գլխավոր կասկածյալը՝ տիկնոջ անձնական հարկային խորհրդական Էռնստ Լաուսն է։ Հեռուստալրագրող Բաս Խանը որոշում է բացահայտել ճշմարտությունը այս խեղաթյուրված սպանության մասին՝ մարտահրավեր նետելով ոստիկանությանը, արդարադատությանը և լրատվամիջոցներին: 

Mr. Jones (Պարոն Ջոնս) 

Ուելսում բնակվող ամբիցիոզ լրագրողին հաջողվում է հարցազրույց վերցնել Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերից։ Նա դառնում է Խորհրդային Միություն այցելած սակավաթիվ  լրագրողներից մեկը: Լրագրողը երազում է հարցազրույց անցկացնել Ստալինի հետ, սակայն այն ամենը, ինչ նա տեսնում է երկաթե վարագույրի հետևում, իսկական ցնցում է դառնում լրագրողի համար։ Լրագրողը մեծ հոդված է հրապարակում իր տեսածի մասին, որտեղ մեղադրում է խորհրդային իշխանություններին մարդկանց անազատության մեջ պահելու, վակուում ստեղծելու մեջ ու գրավում Կրեմլի հետախուզական ծառայությունների ուշադրությունը։ 

Nothing But the Truth (Ոչինչ, բացի ճշմարտությունից) 

Լրագրող Ռեյչել Արմսթրոնգն իր հոդվածում գաղտնազերծում է ԿՀՎ գործակալին։ Նրա նկատմամբ հարուցվում է քրեական գործ՝ պետական գաղտնիքը բացահայտելու մեղադրանքով։ Լրագրողը, սակայն, նույնիսկ գտնվելով անազատության մեջ, հրաժարվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը։  

Սերիալներ 

Inventing Anna (Աննային ստեղծելով)

Սերիալի սյուժեն հիմնված է խարդախությամբ զբաղվող Աննա Սորոկինայի պատմության վրա։ Գլխավոր հերոսը՝ լրագրող Վիվիան Քենթը, ուսումնասիրում է գերմանացի Աննա Դելվիի կերպարը, որը լինելով Ինստագրամի ազդեցիկ օգտատեր, խաբել է Նյու Յորքի էլիտայի անդամներին, ձևացել նրանցից մեկը։ Այն բավական լավ պատմում է փաստերի ստուգման ու դրա կարևորության մասին։  

Tokyo Vice (Տոկիոյի ոստիկանություն) 

Սերիալը նկարահանված է Ջեյք Ադելշտեյնի «Տոկիոյի ոստիկանությունը․ ամերիկյան թղթակիցը, ով լուսաբանում է Ճապոնիայի քրեական կյանքը» գրքի հիման վրա։ Գլխավոր հերոսին՝ ամերիկացի լրագրողին, ով աշխատում է Տոկիոյի լրատվամիջոցներում և փորձում է հանցագործներին լույս աշխարհ բերել, մարմնավորում է Անսել Էլգորթը: Նա դժվարություններ է ունենում ոչ միայն վտանգավոր աշխատանքի հետ առնչվելիս, այլև բախվում է ռասայական խտրականության։ Պարզվում է, որ ոչ բոլորն են պատրաստ խոսել ու անգամ հարցազրույց տալ ամերիկացուն։  

Shinbun Kisha (Լրագրությունը) 

Ճապոնական այս սերիալը պատմում է մի լրագրողի մասին, որը հետաքննում է կառավարության կոռուպցիոն սկանդալը։ Նրան հակադրվում են հզոր թշնամիներ, որոնք ցանկացած մեթոդ են օգտագործում իրավիճակը լռեցնելու համար:  

The french dispatch (Ֆրանսիական պարբերական) 

Սերիալը պատմում է մի խմբագրության մասին, որտեղ աշխատում են գրի ու խոսքի նվիրյալները։ Թերթի գրասենյակը մրջնաբույնի է նման, որտեղ բոլորը վազվզում են սենսացիայի ու բացառիկ լուրերի հետևից։ Սյուժեն բաղկացած է երկու մասից՝ գլխավոր խմբագրի սպանության ու դրա բացահայտման շուրջ ընթացող զարգացումներն ու լրագրողների միջև հարաբերությունները։  

The Morning Show (Առավոտյան շոու) 

MeToo-ի հետքերով նկարահանված սերիալը պատմում է հեռուստատեսությունում «սեռական անվայել վարքագիծ» ցուցաբերած առավոտյան շոուի հաղորդավարի մասին։ Չարաշահելով իր դիրքը, աստղը սեռական հարաբերություններ է ունենում իրենից ցածր պաշտոն ունեցող անձանց հետ, ինչը պարզում ու հրապարակում է մեկ այլ լրագրող։ Սերիալը զարգանում է ոչ միայն այս, այլև հեռուստատեսության ներքին կյանքի մասին պատմություններով։  

Տիգրանուհի Մարտիրոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *