2023.12.28,

Նյուսրում

Շրջափակումից՝ տեղահանում․ խմբագիրներն ամփոփում են 2023-ը 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայկական լրատվական դաշտը 2023 թվական մուտք գործեց արդեն 20 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի մասին պատմություններով։ Այս պատմություններն օրեցօր ստացան ավելի գորշ երանգներ ու դարձան Արցախի՝ 9 ամիս տևած շրջափակման ու արցախցիների բռնի տեղահանման վավերագրությունը։ Անցնող տարին մեդիադաշտին ու մեդիամարդկանց ստիպեց աշխատել բազմաթիվ ճգնաժամային իրավիճակներում, լուծումներ գտնել ու հաղթահարել այնպիսի իրողություններ, որոնց փորձառության պակասը կար։  

2023-ի ընթացքում մասնագիտական դժվարությունների, աշխատանքային ձեռքբերումների ու նոր փորձառությունների մասին խոսել ենք հայկական լրատվական մի քանի կայքերի խմբագիրների հետ։ 

Կարեն Հարությունյան «Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր 

Կարեն Հարությունյան

2023-ի մասին խոսելն առհասարակ շատ դժվար է։ Սակայն պետք է ասեմ, որ նույնիսկ այս դժվարին ու բարդ իրականության մեջ ստեղծել ենք հետաքրքիր, բովանդակային, վերլուծական ու ազդեցիկ բովանդակություն։  

Սիվիլնեթի Արցախի գրասենյակի մեր գործընկերները շրջափակման և Արցախի բռնի տեղահանման ընթացքում աշխատել են հնարավորինս օպերատիվ ու անաչառ տեղեկատվություն տրամադրել։ Չնայած առկա բոլոր խնդիրներին նրանք, թե՛ տեղական, թե՛ միջազգային լրատվամիջոցներին տրամադրել են և՛ ինֆորմացիա, և՛ անհրաժեշտ տեսանյութեր ու լուսանկարներ։  

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո մեր արցախյան գրասենյակի 4 աշխատակիցներն էլ այժմ Երևանում են և իրենց աշխատանքն են շարունակում մեր խմբագրությունում։  

Բարեբախտաբար մեր լրագրողները կարողացել են Արցախից իրենց հետ բերել մեր արխիվը, որը շատ արժեքավոր էր։  

Մի քանի շաբաթ է մեզ հետ է աշխատում նաև Ղարաբաղի Հանրային հեռուստատեսության մոնտաժողներից մեկը։  

Մեր լսարանի կողմից մեծ արձագանք են գտել մասնավորապես տեղահանված մարդկանց մասին պատմող մեր ռեպորտաժները, սոցիալական թեմաներով հրապարակումները։ Եղել են դեպքեր, երբ բարերարները մեր հրապարակումներից հետո որոշել են օգնել այդ ընտանիքներին։ 

Այժմ շատ ենք անդրադառնում Արցախից տեղահանվածների թե՛ սոցիալական, թե՛ իրավական խնդիրներին։  

Վերջերս ղարաբաղյան բարբառով նոր փոդքաստ գործարկեցինք։ Այդ փոդքաստի ընթացքում վավերագրում ենք շրջափակման և տեղահանման պատմությունները, նաև փորձում ենք լուծել բարբառի պահպանման խնդիրը։  

Պլանավորել ենք 2024-ին նոր ձևաչափեր փորձարկել։  

Ուզում ենք ինքներս մեզ ռեստարտ անել, և հասկանալ, թե որն է այն հավելյալ արժեքը, որը մեր արտադրանքը պետք է ունենա։ Մենք չենք ուզում արտադրել այն, ինչ արտադրում են բոլորը։ Առաջիկա տարին բավականին բարդ է լինելու հայաստանյան մեդիադաշտի համար։  

Հայաստանում նոր մշակույթ է սկսել ձևավորվել՝ փորձագիտական մտքից բավականին հեռու գտնվող բազմաթիվ մարդիկ Յություբում վլոգների միջոցով հարյուր հազարավոր դիտումներ են ունենում։ Դրանք լուրջ սպառնալիք են հանդիսանում հանրային կարծիքի ձևավորման համար։ Մեդիան պետք է հասկանա ինչպե՞ս պահպանել պրոֆեսիոնալիզմը, միաժամանակ հետ չմնալ մրցակցությունից։  

Արևիկ Սահակյան «Factor TV»-ի գործադիր ղեկավար  

Արևիկ Սահակյան

Անցնող տարին շատ ծանր տարի էր և դժվար է այն ամփոփելով՝ չխոսել կորուստներից, որոնցով, ցավոք, այս տարին այդքան հարուստ եղավ։ Սկսած հունվարին 15- զինվորի կյանք խլած զինվորական կացարանի հրդեհից՝ ավարտած Արցախի հայաթափման և կորստի ողբերգական զարգացումներով, ապա՝ բռնություններով ուղեկցվող անհնազանդության ակցիաներով։  

Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր լսարանի վստահությունն է եղել, որը դրսևորվել է ոչ միայն մեր հետևորդների և բաժանորդների աճով, այլև մեր սոցիալական էջերում և խմբագրությանը ուղղված հարյուրավոր նամակներով։ Չափազանց մոտիվացնող ձեռքբերում է այն, որ մեր հրապարակումներից հետո կոնկրետ խնդիրներ են լուծվել՝ իրավական գործընթացներ սկսել, ապօրինի կառույցներ քանդվել, մարդկանց սոցիալական վիճակ բարելավվել, աշխատանքային իրավունքներ վերականգնվել և այլն։ Օրինակները բազմաթիվ են։  

Մեր խմբագրության ինստիտուցիոնալ ձեռքբերումներից են Գենդերային հավասարության, լրագրողների թվային և ֆիզիկական անվտանգության փաստաթղթերի մշակումն ու ներդրումը։ 

Այս տարի մենք սկսել ենք նաև նոր նախագծեր, այդ թվում՝ «ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ» հետաքննական շարքը և «Հիմա ին՞չ» փոդքասթների շարքը։ Ի վերջո՝ անցնող տարում մեր լրագրողները տարբեր կառույցներից ստացել են մի շարք մրցանակներ։ 

Կարծում եմ՝ գալիք տարին ևս թեթև չի լինելու։ Մենք այն թևակոխում ենք մի շարք մտահոգություններով՝ ապատեղեկատվությանը դիմագրավելու նոր տեխնոլոգիաների կիրառումից, ֆինանսական միջոցների սղությունից մինչև անվտանգային հիմնախնդիրներ և օրենսդրական ոչ պրոգրեսիվ կարգավորումներ։ 

Այնուհանդերձ՝ մեկ բան հստակ է․ ինչպիսի իրավիճակ էլ լինի, մենք միշտ ազնիվ ենք լինելու մեր հեռուստադիտողի հետ և մատուցելու ենք հավաստի տեղեկատվություն։  

Դավիթ Ալավերդյան «ՄեդիաՄաքս»-ի գլխավոր խմբագիր 

Դավիթ Ալավերդյան

Ինչպես մեր երկրի, այնպես էլ ՄեդիաՄաքսի համար տարին բավականին ծանր էր, թե՛ հոգեբանական, թե՛ ֆինանսական առումով։ Բազմաթիվ մարտահրավերներ, բազմաթիվ խնդիրներ կային, որոնք կարողացանք հաղթահարել և նոր նախագծեր իրականացնել։ 

 Հատուկ նախագծերից հետաքրքիր էր «Դեպի Էվերեստ» -ը, Խորհրդային տարիների Հայաստանի մասին պատմող «Հայկական կարմիր» նախագիծը, խաղերին նվիրված, վրիժառուների մասին պատմող մեր նախագծերը, որոնք արժանացան մեր ընթերցողների բարձր գնահատականին։  

ՄեդիաՄաքսը ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է և տարվա ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ կարողացանք շարունակել մեր բնականոն աշխատանքը և խուսափեցինք անձնակազմի կրճատումից։  

Թեմատիկ առումով առաջնային են շարունակում մնալ Արցախի հետ կապված բոլոր իրադարձությունները, անվտանգային խնդիրը, սոցիալական թեմաները։  

Ես միշտ կրկնում եմ, որ ՄեդիաՄաքսը մարդակենտրոն լրատվությամբ է զբաղվում։ 

Մեր դիտակետում մարդիկ են, նրանց խնդիրները, ապրելակերպը։ Այս տարի ունեցանք բազմաթիվ նոր հերոսներ, պատմեցինք իրական հերոսների մասին, որոնք պայքարել են ու շարունակում են պայքարել իրենց գաղափարների համար։

Մեդիան այսօր շատ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ Ընդհանուր ռադիկալիզացիա է գնում։ Սովորաբար, ազգերը նման ծանր իրավիճակներում միավորվում են, որ կարողանան ելքեր գտնել։ Մեր դեպքում տեսնում եմ, որ հակառակ պրոցեսն է ընթանում։ Ցեցը շատ խորն է մտել, և ցավոք, մեդիան նպաստում է այդ երևույթին։ Հաճախ մեդիայում կարելի է տեսնել ոչ միայն վիրավորանք ու զրպարտություն, այլ նաև ատելության խոսք, որը հնչում է ինչպես արցախցիների, այնպես էլ տարբեր փոքրամասնությունների հանդեպ։ Այս ամենը չի կարող նպաստել առողջ մեդիամիջավայրի ստեղծմանը։  

Սրանք շատ լուրջ մարտահրավերներ են, որոնք առաջիկա տարիներին էլ ավելի են նվազեցնելու մեդիայի նկատմամբ վստահության մակարդակը։  

Սա շատ լուրջ խնդիր է, մենք լսարան ենք կորցնում։ Եվ այս ամենը դրական միջավայր է ստեղծում ֆեյք նյուզի ջատագովների համար։ Մյուս խնդիրն էլ այն է, որ ո՛չ մամուլը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը դասեր չեն քաղել կատարվածից և կարծում եմ նաև դրանով է պայմանավորված ապատիայի այն հսկայական չափաբաժինը, որ տիրում է մեր հասարակությունում։ Դրանում բոլորս ենք մեղավոր։  

Այս բոլոր խնդիրները հաշվի առնելով հանդերձ՝ միևնույն է պետք է ասեմ, որ 2024-ի համար արդեն ունենք պլանավորած մի շարք հատուկ նախագծեր, որոնք վստահ եմ հետաքրքիր կլինեն մեր ընթերցողների համար։  

Սևակ Մամյան «Ինֆոքոմ»-ի խմբագիր  

Սևակ Մամյան

Եթե փորձենք մեկ նախադասությամբ ամփոփել տարին, ապա կարող ենք ասել, որ այն Արցախի շրջափակման և վերջում արդեն բռնի տեղահանման տարի էր։ Ինչպես մեր գործընկերները, մենք էլ վերջին տարիներին սովորել ենք աշխատել ավելի շատ ճգնաժամային իրավիճակներում և այս տարին էլ բացառություն չէր։  

Արցախի շրջափակումը, շրջափակման մեջ գտնվող մարդկանց խնդիրներն ու պատմություները մեր ուշադրության կենտրոնում են եղել ամբողջ տարվա ընթացքում։  

Թեպետ, ունեինք պատերազմական իրավիճակում աշխատելու փորձառություն, բայց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից ու բռնի տեղահանումից հետո ստեղծվեց ամբողջությամբ նոր ու անծանոթ իրավիճակ մեզ համար։ Լուսաբանման ընթացքում հասկացանք, որ այդ ծանր իրավիճակում գտնվող մեր հայրենակիցների հետ շփվելու, նրանց հետ աշխատելու փորձառություն չունենք։ Կարծում եմ այս խնդրին բախվել ենք ոչ միայն մենք, այլ նաև մեր մյուս գործընկերները։ Այժմ էլ ակտիվորեն զբաղվում ենք արդեն տեղահանված մարդկանց խնդիրներով, ուշադրության կենտրոնում ենք պահում աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը։  

Այս տարի բավականին փոփոխել ենք մեր աշխատելաոճը։ 

Ռազմավարական որոշում ենք ընդունել․ մի փոքր կտրվել լրահոսից և մեր սեփական բովանդակությունը ստեղծելիս գնալ ավելի խորքային նյութերի, տվյալահեն հետազոտությունների, հետաքննությունների ճանապարհով։ 

 Հետաքննել ենք հակակոռուպցիոն բոլոր մարմինների աշխատանքը։ Բարձրաձայնել ենք մի շարք խնդիրների մասին, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել հետագա որոշումների ընդունման գործընթացում։ 

Թեմատիկ առաջնահերթությունների շարքում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս եղել է գիտության և կրթության խնդիրների լուսաբանումը։ Կարող եմ ասել, որ գիտության առումով դրոշակակրի դերում ենք եղել։  

2024-ին կշարունակենք արդեն առաջնահերթություն համարվող ոլորտների լուսաբանումը, զուգահեռաբար կփորձենք իրականացնել մի քանի նորարարական գաղափարներ։  

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *