2023.12.27,

Նյուսրում

Երևանում «Սպուտնիկ Արմենիա»-ն հեռարձակող «Տոսպա»-ն մեկ ամիս եթերում չի լինի

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) 30 օրով կասեցրեց «Տոսպա» ընկերության արտոնագիրը, որը Երևանի տարածքում վերահեռարձակում է ռուսական «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի ծրագրերը։  

Հանձնաժողովը «Տոսպա»-ին նաև տուգանեց 500․000 դրամով։  

ՀՌՀ-ն խախտումներ է արձանագրել ռադիոկայանի եթերում հեռարձակված երկու հաղորդաշարերի 5 թողարկումներում։ 

Ըստ հանձնաժողովի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման ընթացքում հեղինակը երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտությունն է թույլ տվել, հանդես եկել բռնության կոչերով, նույնիսկ վարչապետին անուղղակիորեն սպառնացել է, երբ ասել է՝ «իրո՞ք կարծում է, որ ողջ կմնա»։  

Տուգանքի որոշումն էլ կապված է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանի «Abovyan Time» հեղինակային հաղորդման հետ, որը, ՀՌՀ գնահատմամբ, խուճապ է տարածել՝ հիմնվելով չստուգված և անարժանահավատ աղբյուրների վրա։  

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ «Տոսպա»-ն պարբերաբար է խախտել Տեսալսողական մեդիայի մասին օրենքի մի քանի դրույթներ, այդ թվում՝ 9-րդ հոդվածը, ըստ որի՝ հաղորդումների ընթացքում Հայաստանի օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր չի կարելի անել։  

«Որևէ իրեն հարգող պետություն, ցանկացած՝ ամենադեմոկրատականից մինչև ամենաավտորիտար, գեթ մեկ ժամ թույլ չէր տա, որպեսզի իր սահմանափակ ռեսուրս օգտագործող ռադիոկայանն օտար, այն էլ պետական մեդիակազմակերպության կողմից այդպիսի բովանդակություն տարածեր», – ասել է Տիգրան Հակոբյանը:  

«Սպուտնիկ Արմենիա»-ն, սակայն, որոշման հիմնավորումների հետ համաձայն չէ։  

«Տոսպա» ընկերության փաստաբան Սիմոն Ֆարմանյանը հայտարարել է, որ  

  • Տիգրան Քեոսայանը հաղորդման ընթացքում կոչեր չի հնչեցրել, միայն «փաստերն է արձանագրել», 
  • հաղորդման ընթացքում խոսքն ուղղված է եղել «կոնկրետ սուբյեկտի», ուստի ազգային արժանապատվության հարց չկա, 
  • «Աբովյան Time» հաղորդմանը ժամանակ Արման Աբովյանը ոչ թե «ոչ հավաստի, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ» է հնչեցրել, այլ իր կարծիքն է հայտնել, 
  • զանցանք չի եղել, հետևաբար դրա համար ընկերությունը պատասխանատվության չպետք է ենթարկվեր։ 

Հայաստանում ՌԴ դեսպանատունը ափսոսանք է հայտնել որոշման առնչությամբ ու նշել, որ այս «քայլը չի կարող զիջում չթվալ նրանց համար, ովքեր գնալով ավելի են հանդես գալիս Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգանքով դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»։ 

Քանի որ շատ էին մեկնաբանություններն այն մասին, որ եթերազրկվել է ռադիոկայանը և ոչ առանձին հաղորդումների հեռարձակումը, ՀՌՀ-ից ևս մեկ անգամ պարզաբանել են, որ եթերազրկվում է ոչ թե «Sputnik Արմենիա» ռադիոն, այլ «Ռադիո Տոսպա» ՓԲԸ-ը։ Սա նշանակում է, որ ռադիոկայանը շարունակում է եթեր հեռարձակվել, դադարում է միայն տվյալ հաղորդումների հեռարձակումը։  

ՀՌՀ-ը իր հերթին հիասթափեցնող է անվանել քաղաքական գնահատականները։ «Այդպիսի իրավիճակներում, եթե ոչ ներողություն խնդրելու, ապա գոնե կառուցողական երկխոսության միջոցով հետայսու նմանօրինակ միջադեպերը բացառելու պատրաստակամության փոխարեն «Ռադիո Sputnik»-ի խմբագրական քաղաքականության պատասխանատուները սահմանափակվեցին՝ «դաշնակից Հայաստանին» ուղղված ոչ բարեզուսպ հայտարարություններով և Հայաստանի իշխանություններին և կարգավորող մարմնին  «ազատ խոսքի ճնշման» մեղադրանք ներկայացնելով»,- շեշտել են հանձնաժողովից։ 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ևս հայտարարել է, որ սպառնալիքներն ու բռնության կոչերը խոսքի ազատության հետ կապ չունեն։  

«Երբ ռուսական կողմը, հատկապես՝ պաշտոնական մակարդակով, խոսում է խոսքի ազատության սահմանափակումների մասին, դա զավեշտ է այսօրվա ՌԴ և իր վարած քաղաքականության համար։ Վաղուց ժամանակն է, որ ռուսական ԶԼՄ-ները հասկանան, որ եթե այլ երկրում գործում են, պետք է ենթարկվեն նրա օրենքներին»,- «Առաջին ալիք»-ի եթերում ասել է Մելիքյանը։  

Տիգրանուհի Մարտիրոսյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *