2023.12.25,

Նյուսրում

2023` ապատեղեկատվության տարի․ նորությունների գրագիտության դասերը

Թարգմանաբար (փոքր կրճատումներով) ներկայացնում ենք «Նյուս Լիթրեսի Փրոջեքթ» հասարակական կազմակերպության (The News Literacy Project-NewsLit) հոդվածը 2023թ․-ին ապատեղեկատվության միտումների մասին։

Անցյալ տարի արհեստական բանականության գեներատորները մարդկանց չնչին միջամտությամբ և մի քանի քլիքի շնորհիվ դարձան ապատեղեկատվության գործիք: Այժմ յուրաքանչյուրը կարող է ստեղծել համոզիչ (և ապակողմնորոշող) կեղծ պատկերներ, աուդիո և տեքստ: Այնուամենայնիվ, վատ մտադրություններով մարդկանց ժամանակակից տեխնոլոգիաներ պետք չեն մարդկանց մոլորեցնելու համար: Հեշտ և հասանելի մարտավարությունները, ինչպես օրինակ՝ պատկերը կամ տեսանյութը համատեքստից դուրս ներկայացնելը, շարունակում են մնալ ավելի տարածված, քան արհեստական բանականությամբ ստեղծված նյութերը: Նույնիսկ ավելին, վերջին փոփոխությունները X-ում (նախկինում՝ Twitter), թույլ են տալիս նման բովանդակությունն ավելի հեշտ տարածել և ավելի դժվար նկատել:

Տարվա ավարտին մենք դիտարկում ենք ապատեղեկատվության միտումները և դրանցից բխող դասերը, որպեսզի կարողանանք 2024 թվականին նորությունների ավելի գրագետ սպառողներ լինել:

AI-ի կիրառությունը

Արհեստական բանականության (ԱԲ) գործիքները թույլ են տալիս հեշտությամբ ստեղծել գրեթե ցանկացած պատկեր՝ Հռոմի Պապը մոդայիկ վերարկուով, պայթյուններ Սպիտակ տանը, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալությունը և ավերված շենքերի փլատակների տակ լացող երեխաներ. ցանկն անվերջ է: Ձայնի կլոնավորման ԱԲ գործիքները թույլ են տալիս բազում այլ խաբեություններ. տեսահոլովակներ, որտեղ հասարակական գործիչներն ասում են այն, ինչ նրանք երբեք չեն ասել։

Փոխելով բերանի շարժումները և իրական տեսանյութին ավելացնելով ԱԲ գեներացված կրկնօրինակի ձայնը, ապատեղեկատվություն ստեղծողներն ու տարածողները  «ցույց տվեցին»` ինչպես է NBA-ի նախկին խաղացող Շաքիլ Օ’Նիլը գովազդել Medicaid-ի ծախսերի նոր քարտ,  նախագահ Ջո Բայդենը հաստատել է այլմոլորակայինների գոյությունը և անգամ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը կոչ է արել Իսրայելում օգտագործել «կենսաքայքայվող» ռումբեր:

Դասեր NewsLit-ից

ԱԲ գեներատորները հեռու են կատարելությունից, և ուշադիր դիտարկումը հաճախ բացահայտում է, թե կոնկրետ պատկերը իրակա՞ն է, թե՞ ոչ: Բայց դա միակ միջոցը չէ իմանալու, որ ինչ-որ բան այն չէ: Նայեք շրջապատող համատեքստին: Ո՞վ է տարածել նկարը: Որտե՞ղ է այն ի սկզբանե տեղադրվել: Արդյո՞ք որևէ վստահելի լրատվամիջոց հրապարակել է այն:

Իսրայել-Համաս պատերազմը և կեղծ հակամարտության մասին ասեկոսեները

Արհեստական բանականությամբ աշխատող պատկերների գեներատորները ոչ միայն օգտագործվում էին Իսրայել-Համաս պատերազմի մասին ապատեղեկատվություն տարածելու համար, այլ անգամ այդ գործիքների գոյությունը դավադրության տեսաբաններին պատճառ տվեցին անհեթեթ տեսություններ առաջ քաշելու, թե պատերազմն ինքնին բեմադրություն է: Արհեստական բանականության օգնությամբ տարածվող ապատեղեկատվությանը զուգահեռ շատ կեղծ պնդումներ, որոնք տարածվել են սոցիալական ցանցերում պատերազմի մեկնարկից ի վեր, հիմնվել են նույն հին սկզբունքի վրա, որը մենք տեսել ենք անցյալ տարիներին: Դրանք են` բուն հակամարտության շուրջ կասկածներ սերմանելու, ամբոխների և բողոքի ցույցերի սխալ նկարագրությամբ պատկերներ տարածելու, որոնք տարածվում են համատեքստից դուրս այս կամ այն կողմի աջակցներ (կամ ընդդիմադիրներ) հավաքելու համար, ինչպես նաև խաղերից հատվածներ կցված պատերազմի կադրերին։

Դասեր NewsLit-ից

Իսրայել-Համաս պատերազմի մասին ապատեղեկատվության ծավալը հիշեցնում է՝ որքան կարևոր է տեղեկատվությունը ստանալ ստանդարտների վրա հիմնված աղբյուրներից, որոնք ունեն փաստերը ճիշտ ներկայացնելու փորձ։ Հիշեք, որ ապատեղեկատվության հիմնական նպատակներից է հիմնական լուրեր լուսաբանողների նկատմամբ կասկած և անվստահություն սերմանելը:

Մասկը, X-ը և հարթակների ապատեղեկատվությունը

 2022 թվականի հոկտեմբերին Իլոն Մասկի կողմից Twitter-ը գնելուց հետո կայքը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, որոնք քննադատության են արժանացել ապատեղեկատվության հետազոտողների և փորձագետների կողմից։ Այս փոփոխությունները կարծես նախագծված են ապատեղեկատվության տարածումը նպաստելու ճշգրիտ պնդումները գտնելը բարդացնելու համար։ Կայքի կապույտ նշանը, որը ժամանակին նշանակում էր հաշվի իսկությունը, դարձավ բոլորին հասանելի` ամսական 8 դոլարով: Սա, ակնհայտորեն, նոր հնարավորություններ ընձեռնեց խաբեբաներին և ապատեղեկատվություն տարածողներին։

Մի քանի լրատվամիջոցներ լքել են հարթակը Մասկի փոփոխություններից հետո, այդ թվում՝ NPR-ը, այն բանից հետո, երբ կայքը կեղծ պիտակավորել է դրանք որպես «պետությանն առընթեր լրատվամիջոցներ»: Շատ գովազդատուներ հետևեցին այդ օրինակին, քանի որ նրանք չէին ցանկանում, որ իրենց բովանդակությունը հայտնվեր հակահրեական կամ ազգայնական գրառումների կողքին: Ինքը՝ Մասկը, աջակցել է  մի շարք հերքված դավադրության տեսությունների, և տարեվերջին վերականգնել է Ալեքս Ջոնսի՝ ծայրահեղ աջ փորձագետի օգտահաշիվը, որը Սենդի Հուկ տարրական դպրոցի կրակոցների միջադեպի մասին դավադրության տեսության առաջ քաշողն էր: X-ը նաև հեռացրել է վերնագրերը նախադիտման ժամանակ, ինչը մարդկանց համար դժվարացնում է նորությունները ճանաչելն ու կարդալը, իսկ խաբեբաների համար հեշտացրել է ապակողմնորոշիչ գրառումներով հղման բովանդակությունը  խեղաթյուրելը:

Դասեր NewsLit-ից

X-ի տեղեկատվությունը, ինչպես սոցիալական բոլոր կայքերում շատ արագ է շարժվում, և հարթակի փոփոխությունները պահանջում են, որ բոլորը վերահաշվարկեն, թե ինչպես են այն օգտագործում: Ավելի քան երբևէ կարևոր է լինել զգույշ և հետևել մեդիա հիգիենայի կանոններին հարթակից օգտվելիս:

Խաբեություն լուսագրերով

2023-ին սոցցանցերը տեսան բազմաթիվ տեսանյութեր, որտեղ մարդիկ խոսում էին այլ լեզուներով, որոնք ուղեկցվում էին ենթագրերի ոչ ճշգրիտ թարգմանություններով, ինչպես օրինակ այս տեսանյութը, որը, կարծես, ցույց էր տալիս, թե ինչպես է Քաթարի էմիրը սպառնում դադարեցնել նավթի համաշխարհային մատակարարումը: Ինչպես ձայնային կլոնների դեպքում, ապատեղեկատվության այս մեթոդը ստեղծում է պատրանք, որ նրանք ասել են բաներ, որ երբեք չեն ասել:

Դասեր NewsLit-ից

Այս կեղծ ենթագրված տեսանյութերի արդյունավետության պատճառներից մեկն այն է, որ մարդիկ ի սկզբանե վստահում են ենթագրերին, քանի որ մենք բոլորս սովոր ենք ֆիլմերի և հեռուստահաղորդումների բարեխիղճ թարգմանություններին: Սոցիալական ցանցերում, այնուամենայնիվ, կարևոր է որոշ ժամանակ հատկացնել՝ մտածելու, թե ով է տրամադրում ենթադրյալ թարգմանությունը, քանի որ ապատեղեկատվություն մատակարարողներն են հաճախ այս ենթագրերն ավելացնողները:

Ապատեղեկատվական արշավներ օդերևութաբանների և կլիմայի փոփոխությունների դեմ

Օդերևութաբաններն ու եղանակի տեսության թղթակիցները, որոնք լուսաբանում էին կլիմայական փոփոխությունը և եղանակային էքստրեմալ իրադարձությունները, ստացան բազում մահվան սպառնալիքներ, որոնց պատճառը շարունակական ապատեղեկատվական արշավներն էին, որոնք փորձում էին կասկածի տակ դնել կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական կոնսենսուսը: Մարդիկ, որոնք համաձայն չեն գիտության հետ և  ասում են, որ կլիմայական փոփոխուփյունները միֆ են և փորձում են համոզել հասարակությանը կասկածի տակ դնել այս կոնսենսուսը, ապավինում էին 2023-ի տարածված հնարքներին` ապատեղեկատվություն տարածելու և ապացուցելու, որ գիտնականները, լրատվամիջոցները և օդերևութաբանները ստում են կլիմայի փոփոխության մասին:

Դասեր NewsLit-ից

Առցանց ապատեղեկատվական արշավների հիմնական հնարքներից է հեղինակավոր աղբյուրները վարկաբեկելու փորձը: Կլիմայի փոփոխության մասին օդերևութաբաններին, առողջապահական խմբերին, գիտական կազմակերպություններին, մամուլին և այլ վստահելի աղբյուրներին անվստահելի համարելով՝ ապատեղեկատվություն մատակարարողները կարող են լսարանին ուղղորդել դեպի կեղծ տեղեկատվություն և ոչ հավաստի աղբյուրներ: Ապատեղեկատվության դեմ պայքարում ամենակարևորը այդ արշավների նպատակը հասկանալն է։

Թարգմանությունը՝ Ուրսուլա Շիկսի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *