Սենսացիոն կամ նյութի բովանդակության հետ կապ չունեցող վերնագրեր, ապատեղեկատվության հսկայական ծավալներ գեներացնող սունկ կայքեր, մանիպուլացնող, ոչ անաչառ լրատվություն:
24/7 ռեժիմով մենք տեսնում ենք այս ամենը, երբեմն էլ անգիտակցաբար սպառում։ Չմոլորվելու համար մեդիասպառողը ստիպված է տարբերակել անորակ մեդապրանքը որակյալից, ֆիլտրել մեդիաաղբյուրները, որոնց վստահում է և իր համար պարզել՝ ինչպե՞ս կողմնորոշվել մեդիատիրությում, որ անբարեխիղճ մրցակցության զոհ չդառնա։
Մեդիաիմունիտետը բարձրացնելու հիմնական ճանապարհը մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է։
«Ինտերնյուս»-ը «Խոսքի ազատությունն ու մեդիայի սպառումը Հայաստանում» հետազոտության շրջանակում փորձել է գտնել հետևյալ հարցերի պատասխանները՝ ինչպիսի՞ն է մեդիագրագիտության մակարդակը հանրության շրջանում և ինչպե՞ս են մարդիկ արձագանքում կեղծ, ապակողմնորոշող ինֆորմացիային։
Թվային պատկերը հետևյալն է՝ հարցված 1109 մասնակիցներիցների 39%-ն ունի փաստերը կարծիքներից տարանջատելու և լրատվամիջոցների մանիպուլյատիվ գործողությունները բացահայտելու ունակություն։ 18%-ն ասել է, որ ունի կասկածելի ինֆորմացիան տարբերակելու և փաստերը ստուգելու հմտություն։
Մասնակիցներն ինֆորմացիան համարել են կեղծ, եթե այն այնքան էլ հավանական չէ, աղբյուրները նշված չեն, վերնագիրն ու բովանդակությունն իրար չեն համապատասխանում, երբ տվյալ տեղեկությունն անհնար է ստուգել տարբեր աղբյուրներով։
Հարցվածների 55%-ը կասկածելի ինֆորմացիան ստուգելու մեթոդներից առաջին հերթին ընտրել է համացանցում նույն տեղեկությունը փնտրելն ու համեմատելը։ 32%-ն ավելի արդյունավետ է համարել կարդացածը կամ լսածը իր համար վստահելի մեկի հետ քննարկելը։
Հասկանալ, թե ով կամ ի՞նչ կազմակերպություն է տարածել այդ տեղեկությունը և գտնել սկզբնաղբյուրը, քայլերի այս հաջորդականությամբ պատրաստ են եղել անցնել համապատասխանաբար հարցվածների 13%-ը ու 10%-ը։
Կասկածելուց, երբեմն էլ ստուգելուց ու պարզելուց հետո, որ ստացած ինֆորմացիան կեղծ է, կամ միակողմանի որևէ կերպ չի արձագանքում հարցման մասնակիցների 65%-ը։
Բոյկոտելու՝ տվյալ աղբյուրին այլևս չհետևելու, չդիտելու տարբերակի կողմնակիցները հարցվածների 30%-ն են։ Մեկնաբանությունների միջոցով իրենց դժգուհությունը բարձրաձայնելու տարբերակն էլ ընդունելի է եղել միայն 2%-ի համար։
Պասիվ մեդիավարքի, տարածվող ապատեղեկատվությանը, կեղծ լուրերին ոչ մի կերպ չարծագանքելու հիմնական պատճառն ըստ հարցվողների անկարողության զգացողությունն է կամ վստահությունը, որ միևնույնն է ոչինչ չի փոխվելու։
Անդրադառնալով մեդիա էթիկայի խնդիրներին՝ հարցվածների կեսից ավելին դժգոհել է Հայաստանում լրագրողական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի պահպանման մակարդակից։ Նրանց կարծիքով տեղական խմբագրություններում հատկապես նկատելի է հարգանքի, անաչառության և անկախության պակասը։ Հարցվածների 26%-ը դժվարացել է, կամ հրաժարվել է պատասխանել հարցին։
Էթիկական խնդիրների, մասնագիտական չափորոշիչների խախտումների դեպքում ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին դիմելու հնարավորությանը տեղյակ են եղել հարցվածներից քչերը։ Թե ի՞նչ է Զլմ-ների էթիկայի դիտորդ մարմին ու ի՞նչ գործունեություն է ծավալում, դրական պատասխան է տվել 9%-ը։ Անհրաժեշտության դեպքում ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին դիմում/ բողոք ներկայացնել պատրաստ է եղել մասնակիցների 24%-ը։
Դիտորդ մարմնին չդիմելու պատճառաբանությունների ցանկում 45% դեպքերում հետաքրքվածության բացակայությունն է, 27%-ը վստահ չէ, որ դիմելուց հետո որևէ բան կփոխվի։ «Ժամանակ չունեմ», «չեմ վստահում կառույցին»,«չգիտեմ ինչպես դիմել» ու էլի տարբեր պատճառաբանություններից բացի 3%-ը նշել է «գործ տվող» չեմ։
Տեղական ԶԼՄ-ների աշխատանքն ու մեդիասպառողների կարիքներն ու պահանջները հավասարակշռելու համար ուսումնասիրության ընթացքում առանձնացվել են այն թեմաները, որոնց հարցվողները կցանկանային, որ լրատվականներն ավելի շատ անդրադառնային։
Ամենապահանջված թեմաների առաջին եռյակում են անվտանգությունը, կրթությունը և քաղաքականությունը։ Անվտանգության թեման 17%-ով ավելի պահանջված է կրթության թեմայից։ Հաջորդ հարցին, թե հետևյալ թեմաները որքանով են կարևոր կամ անկարևոր, թե՛ անվտանգության և թե՛ կրթության թեմային տրված ձայները հավասարապես են բաշխվել։ Երկու թեմաների դեպքում էլ մասնակիցների 92 %-ը նշել է, որ կարևոր են, 4%-ը, որ որոշ չափով են կորևոր և միայն 4%-է ասել, որ կարևոր չեն։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: