2023.10.17,

Նյուսրում

Երևանի ավագանու քարոզարշավի ընթացքում Արմենիան, Շանթը և 5-րդ ալիքը ամենաշատ գումարն են վաստակել    

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Համապետական ու համայնքային ընտրությունները հեռուստաընկերությունների համար միշտ էլ հնարավորություն ու լավ առիթ են եղել վճարովի քաղաքական գովազդի միջոցով հեռուստաընկերության բյուջեն ավելացնելու և ֆինանսական խնդիրները լուծելու համար։ 

Հանրապետական ու մայրաքաղաքային սփռման շատ հեռուստաընկերություններ, նույնիսկ հաշվարկել էին ու որոշել, որ վերջին 2-3 տարիների ընթացքում կուտակված պարտքերն ու պետական տուրքերը կվճարեն Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում՝ քաղաքական ուժերի կողմից գնվող վճարովի քաղաքական գովազդից ստացված ֆինանսական մուտքերի արդյունքում։ 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մշտադիտարկման արդյունքներով Երևանի ավագանու քարոզարշավի ընթացքում հեռուստատեսային վճարովի գովազդից ամենաշատ եկամուտ ստացել են «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները:  

Ամենաշատ եկամուտ ստացած հեռուստաընկերությունների եռյակը եզրափակում է «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը:  

Նախքան քարոզարշավի մեկնարկը, հանրապետական սփռման 6 և մայրաքաղաքային սփռման 5 հեռուստաընկերությունները՝ օրենքով սահմանված կարգով, հրապարակել էին նախընտրական քարոզարշավի ընթացքում վճարովի եթերի համար նախատեսված մեկ րոպեի սակագինը:  

Ըստ օրենքի՝ քաղաքական գովազդի 1 րոպեի սակագնի գնագոյացման հաշվարկը հիմնվում է վերջին 6 ամսվա ընթացքում տվյալ հեռուստաընկերության առևտրային գովազդի միջին արժեքի վրա։  

Ըստ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ ամենբարձր գինը սահմանել էր «Արմենիա» հեռուստաընկերությունը՝ րոպեի համար պահանջելով 100 հազար դրամ:  

Երկրորդ հորիզոնականում «Շանթ»-ն էր: Երեկոյան ժամերին՝ 18:00-ից 23:59-ին, 1 րոպեի արժեքը 90 հազար դրամ սակագնային փաթեթով, իսկ 06:00-ից 17:59-ի ընթացքում՝ 45 հազար դրամ:  

Նախընտրական քարոզարշավին հատկացվող վճարովի հեռուստագովազդի համար ամենաքիչ եթերաժամանակը սահմանել էր «5-րդ ալիք»-ը։ Օրվա ընթացքում տրամադրվող վճարովի քաղաքական գովազդի համար հեռուստաընկերությունը նախատեսել էր ընդամենը 6 րոպե՝ յուրաքանչյուրը 30 հազար դրամ արժեքով։ 

Բազմապատկելով վճարովի գովազդի ժամանակը քաղաքական գովազդի մեկ րոպեի սահմանված սակագնին, կստանանք այն գումարը, որ ստացել են հեռարձակողները քարոզարշավի ընթացքում։ 

 

Նախընտրական 24 օրերի ընթացքում «Արմենիա» հեռուստաընկերության բյուջեն ավելացավ 46 մլն 600 հազար դրամով։ «Արմենիա»-ի եթերում իրենց քաղաքական գովազդն են իրականացրել ընդամենը 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Ապրելու երկիր»-ը և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ «Արմենիա»-ի եթերում գնած գովազդի ծավալով առաջատարը ՔՊ-ն է՝ 14 մլն 533 հազար դրամ։  

Երկրորդ հորիզոնականում 19 մլն 93 հազար 883 դրամով «Շանթ» հեռուստաընկերությունն է (հաշվի առնելով, որ «Շանթ»-ը տարբեր ժամային հատվածներում տարբեր գներ է սահմանել, հաշվարկն արված է միջինացված արժեքով)։ 

Իրենց քաղաքական գովազդը «Շանթ»-ին են վստահել «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Ապրելու երկիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Այս հեռուստաընկերության դեպքում ևս առաջատարը իշխող քաղաքական ուժն է։  

«Արմենիա»-ից, գրեթե 4,5 անգամ պակաս գումար է ստացել «5-րդ ալիք»-ը։ Քարոզարշավի ընթացքում այս հեռուստաընկերությանը վճարված քաղաքական գովազդի արժեքը կազմել է 9 մլն 923 հազար դրամ։ Միայն 4 մլն 193 հազար դրամի գովազդ է գնել ՔՊ, 3 մլն 893 հազար 500 դրամի՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ Հեռուստաընկերության մնացած մուտքերը համապատասխանաբար բաշխվել են «Ապրելու երկիր», «Միացյալ Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։  

Ամենաշատ գումար ստացած եռյակին հաջորդում են «Կենտրոն» հեռուստաընկերությունը՝ 7 մլն 436 հազար դրամով, «Հանրայինը»՝ 6 մլն 411 հազարով և «Երկիր մեդիան»՝ 6 մլն 277 հազար 500 հարյուր դրամով։ 

Մյուս հեռուստաընկերությունների դեպքում թվային պատկերը մի քանի անգամ նվազում է։  

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *