2023.10.16,

Նյուսրում

Քաղաքական գովազդը եթերում․ ՔՊ՝ մոտ 62 միլիոն դրամ, «Հանրային ձայն»՝ 0 դրամ 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած 14 քաղաքական ուժերը 24 օր ունեին իրենց ծրագրերը, Երևանի զարգացման իրենց պատկերացումները երևանցիներին ներկայացնելու ու նրանց վստահության քվեն ստանալու համար։  

Համայնքային հանդիպումներ, հեռուստառադիոգովազդ, սոցիալական հարթակների, օնլայն մամուլի միջոցով ծրագրերի ներկայացում․ քարոզարշավի ո՞ր տարբերակն ընտրել, ինչպե՞ս սեփական ծրագրերը լսելի դարձնել ընտրողներին։  

Քաղաքական տեխնոլոգիաների ու քարոզչական  գործիքների ընտրության  հարցում քաղաքական ուժերի մոտեցումները, ներդրած ռեսուրսներն ու քարոզարշավի ինտենսիվությունը շատ տարբեր էին։ 

Քարոզարշավի ամենաավանդական ու տարածված մեթոդներից մեկը տեսալսողական մեդիածառայությունների՝ հեռուստառադիո գովազդի միջոցով տուն առ տուն մտնելն ու մարդկանց հետ խոսելն է։ 

Մասնակից 14 քաղաքական ուժերն էլ օգտվեցին օրենքով սահմանված անվճար կարգով տրամադրվող եթերաժամանակից։ Վճարովի քաղաքական գովազդի սպառման առումով պատկերն այլ էր։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մշտադիտարկման արդյունքներով 6 քաղաքական ուժ ընդհանարպես չի օգտվել որևէ հեռուստատեսության կամ ռադիոընկերության վճարովի եթերաժամանակից։ 

Հեռուստառադիո գովազդի սպառման ծավալները շատ տարբեր էին նաև անցողիկ շեմը հաղթահարած և ավագանու կազմում ընդգրկված քաղաքական ուժերի դեպքում։ 

 

Տեսալսողական մեդիայում վճարովի գովազդից ամենաշատը օգտվել է «Քաղաքացիական պայամանագիր»  կուսակցությունը։  Քարոզարշավի 24 օրերի ընթացքում այս քաղաքական ուժը գնել է 46 ժամա 18 վայրկյան վճարովի եթերաժամանակ ու ծախսել՝ 61 մլն 605 հազար 520 դրամ։ 

Հեռուստառադիո վճարովի գովազդի սպառման առումով երկրոդ քաղաքական ուժը «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է։ Իրենց ծրագրերն ու առաջարկվող քաղաքական օրակարգը ներկայացնելու համար նրանք գնել են մոտավորոպես 28 ժամ վճարովի գովազդ։ Երևանցիների հետ իրենց տներում ավելի շատ խոսելու համար դաշինքը վճարել է 29 մլն 462 հազար 850 դրամ։  

Անցողիկ շեմը հաղթահարած մյուս քաղաքական ուժերի դեպքում վճարովի գովազդի պատկերը կտրուկ փոխվում է։   

Ընդամենը 1 ժամ 18 րոպե հենց այսքան վճարովի գովազդ է սպառել «Հանրապետություն» կուսակցությունը՝ վճարելով 1 մլն 417 հազար 200 դրամ։ 

Ընտրությունների արդյունքում ձայների քանակով 2-րդ տեղը զբաղեցրած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը թե՛ անվճար, թե՛ վճարովի եթերաժամանակից օգտվելու առումով ամենապասիվ քաղաքական ուժերից է եղել։ Ազգային առաջընթացը վճարովի գովազդ է գնել միայն 2 հեռուստաընկերություններից՝  Հանրային հեռուստաընկերությունից և «Առաջինի լրատվական ալիք»-ից։ 2 հեռուստաալիքներով եթեր հեռարձակված  քաղաքական գովազդը միասին տևել է ընդամենը 6 րոպե 56 վայրկյան, որի համար քաղաքական ուժը վճարել է  240 հազար 800 դրամ։ 

0 րոպե հեռուստառադիո վճարովի գովազդ, 0 դրամ՝ վճարված գումար․ այս սկզբունքով է  «Հանրային ձայն» կուսակցությունն իրականացրել իր քարոզչությունը տեսալսողական մեդիայում։  

Ստացվում է  քարոզչության ընթացքում  ավագանու անդամ դարձած 5 քաղաքական ուժերից միայն երկուսն են ակտիվորեն օգտագործել տեսալսողական մեդիան։  

Մեդիավելուծաբան Սամվել Մարտիրոսյանի կարծիքով սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ավանդական մեդիան ազդեցիկության ու ազդեցության առումով զիջում է սոցիալական ցանցերին։  

«Ակնհայտ է, որ հասարակության այն հատվածը, որը մշտապես հեռուստացույց է դիտում, ավելի կողմնորոշված ու հստակ քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ են։ Եվ նրանց վրա ազդեցություն թողնելն այնքան էլ իրատեսական չէ։ Կարծում եմ քաղաքական ուժերը սա ևս հաշվի են առել։  

Հեռուստառադիո գովազդի նկատմամբ քաղաքական ուժերի սակավ հետաքրքրությունը պայմանավորված է նաև նրանով, որ հեռուստատեսային քաղաքական գովազդը մշտապես իրականացվում է ստանդարտ, անհետաքրքիր հոլովակների միջոցով, որոնց արդյունավետությունը շատ ցածր է։ Գոյություն ունի «գովազդային կուրություն» տերմինը, երբ մարդը այլևս չի էլ նկատում ոչինչ  չասող գովազդը։ Պետք է ասեմ, որ քաղաքական ուժերը ավանդական մեդիան էլ կարող էին ավելի արդյունավետ օգտագործել»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։  

Մեդիավերլուծաբանի կարծիքով ներկա քաղաքական իրավիճակում ոչ թե գովազդն է ազդել, այլ`  հակագովազդը։ Քաղաքացիների վրա ավելի մեծ ազդեցություն են թողել սկանդալային հրապարակումները կամ բացահայտումները, անկախ նրանից դրանք համապատասխանում են իրականությանը, թե ոչ։ Այս մեթոդն ակտիվորեն օգտագործվել է «Հանրային ձայն» կուսակցության կողմից։  

Հեռուստառադիո գովազդ քիչ սպառելու պատճառներից մեկն էլ այն է, որ կուսակցություններն օգտագործել են համացանցում մեծ ակտիվություն ունեցող իրենց թիմակիցների սոցիալական կապիտալը։ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով այս գործիքը ակտիվորեն օգտագործել ու հաջողել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։  

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *