2023.10.06,

Նյուսրում

Վրացական մեդիան քիչ է անդրադարձել արցախցիների բռնի տեղահանմանը

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Վրացական լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները գրեթե չեն լուսաբանում։ Վրացի լրագրողներն ու խմբագիրները նկատել են, որ հեռուստատեսությունը այս թեմայի մասին գրեթե չի պատմում։

Առցանց մեդիայում հրապարակումներ ավելի հաճախ են հանդիպում․ կան ընդգծված պրոադրբեջանական լրատվության միջոցներ, որոնք կիրառում են օրինակ ադրբեջանական տեղանունները, տարածում ադրբեջանական տեսակետները և կան այսպես կոչված նեյտրալ խմբագրություններ, որոնք սահմանափակվում են պաշտոնական լրահոսի հրապարակմամբ։

Վրաստանում բնակվող հայազգի լրագրող Քրիստինա Մարաբյանն ասում է, որ Վրաստանը եղել է և կա հարևան երկու երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու կողմնակից, ուստի Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պարագայում էլ ընդգծված պետական դիրքորոշում չի արտահայտում, ինչը արտացոլվում է նաև մեդիայում։

«Վրաստանում քաղաքական բեևռվածություն կա, որը արտահայտվում է նաև Ղարաբաղի հարցում։ Տեղի իշխանությանն ընդդիմադիր լրատվամիջոցները ադրբեջանամետ մոտեցում ունեն, իշխանական լրատվամիջոցները՝ նեյտրալիտետ են պահում, որ կողմերից որևէ մեկին «չնեղացնեն»։ Չնայած, վերջին շրջանում, նկատում եմ, որ հանրային հեռուստատեսությունը սկսել է կիրառել ադրբեջանական տեղանունները։ Օրինակ Ստեփանակերտի փոխարեն 1tv.ge-ը Խանքենդի է գրում։ Արտացոլո՞ւմ է արդյոք սա պետության մոտեցումը, չգիտեմ, պետք է ճշտել իշխանություններից»,- ասում է լրագրողը։

Քրիստինա Մարաբյանի խոսքով՝ հեռուստատեսությունն ավելի պասիվ է արձագանքում իրադարձություններին, հեռարձակում են հիմնականում Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց ցուցանիշը կամ գերտերությունների կողմից տրամադրվող հումանիտար օգնության չափը։ Իսկ օնլայն լրատվամիջոցները, այն էլ ոչ բոլորը, նրանք, որոնք ավելի ազատ են, ներկայացնում են նաև մարդկային պատմություններ, քաղաքական տեսակետներ, համեմատություն են տանում Աբխազիայի հետ։

Վրացական netgazeti-ին ամենից հաճախն է անդրադառնում ղարաբաղյան հարցին։ Կայքն ունի «Նորություններ և պատմություններ Հարավային Կովկասից» բաժին, որն իրականացվում է գերմանական Հենրիխ Բոյլ հիմնադրամի աջակցությամբ։ Բաժնի խմբագիրը՝ Նինո Կակիշվիլին, ասում է, որ իրենք ուշադրության կենտրոնում են պահում Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները, ունեն թղթակիցներ ոչ միայն Ադրբեջանում ու Հայաստանում, այլև Ղարաբաղում, ինչի շնորհիվ իրենք ի տարբերություն տեղի մյուս լրատվամիջոցների ավելի ակտիվ են լուսաբանում հարցը։

«Ղարաբաղյան հակամարտությունը միշտ էլ զգայուն թեմա է մեզ համար։ Երբ որևէ նորություն ենք գրում, գիտենք, որ լինելու են շատ մեկնաբանություններ։ Հայաստանից տրված լուրերն ակտիվորեն մեկնաբանում են ադրբեջանցիները, գրում են, թե մենք դարձել ենք հայամետ լրատվամիջոց։ Ադրբեջանից տրված լուրերի տակ էլ հայերն են մեկնաբանություններ գրում, զայրանում են, ասում են, թե պրոադրբեջանական տեսակետներ ենք տարածում։ Վրացիներն էլ, ովքեր տարածքային ամբողջականությունն են պաշտպանում, մեզ շատ են ամոթանք տալիս մեր հրապարակումների համար։ Բայց կարծում եմ, որ սա նորմալ է, նշանակում է, որ մենք որևէ կողմին չենք պաշտպանում։ Ղարաբաղի շրջափակման ժամանակ, բնականաբար, լուրերը Ղարաբաղի ու ղարաբաղցիների մասին շատ շատ էին մեզ մոտ, որովհետև վերջ ի վերջո մեր կայքի նպատակը մարդկանց իրավունքների մասին բարձրաձայնելն է»,- նշում է Նինո Կակիշվիլին։

Նրա խոսքով՝ տեղահանման մասին լուրերը վրացի ընթերցողին հետաքրքիր են, հատկապես նրանց համար, ովքեր կարծում են, որ Վրաստանն էլ տարածքային ամբողջականության պահպանման հարց կարող է լուծել պատերազմի միջոցով։ Եվ որպեսզի ընթերցողները չվիրավորվեն, իրենք նույնիսկ տեղանունների պարագայում, ինչպես վստահեցնում է Կակիշվիլին, զգույշ են, օգտագործում են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ընդունելի տարբերակները։

OC Media-ի համահիմնադիր Մարիամ Նիկուրաձեն էլ փաստում է, որ հեռուստատեսությունն ավելի պասիվ է ղարաբաղյան հարցի լուսաբանման գործում։ Ըստ նրա՝ Ստեփանակերտը ռմբակոծելու օրերին հեռուստատեսությունը ակտիվ լուսաբանում էր դեպքերը, բայց գնալով հետաքրքրությունը նվազեց։

«Վրաց ընթերցողը, ինչպես յուրաքանչյուր երկրի ընթերցող, հետաքրքրված է ավելի շատ իր երկրի ներքին խնդիրներով։ Մեր իշխանությունները սահմանափակում են խոսքի ազատությունը, հավաքների միջոցով կարծիքը արտահայտելու հնարավորությունը։ Կասկածի տակ է Վրաստանի՝ եվրոպական ապագան։ Դրա համար մարդիկ, իհարկե, քիչ են հետաքրքրվում արտաքին խնդիրներով»,- նշում է Նիկուրաձեն։

Նա ասում է, որ իր լրատվամիջոցը հետևողական է ղարաբաղյան հարցի լուսաբանման գործում, իրենք ունեն լրագրողներ Ադրբեջանից ու Հայաստանից ու շատ հաճախ զգայուն թեմաների շուրջ ռեպորտաժները կամ հոդվածները պատրաստում են միաժամանակ երկու երկրների մասնակցությամբ, որ դրանք չլինեն միակողմանի ու չարտացոլեն կողմերից մեկի տեսակետը միայն։ Նման նյութերը, նրա խոսքով, անցնում են փաստերի ստուգման մի քանի աստիճան, որպեսզի լինեն արժանահավատ։

«Եթե խոսենք ընդհանուր առմամբ վրացական մեդիայի մասին, այո, կարող եմ ասել, որ ես նկատել եմ որոշ լրատվամիջոցներում պրոադրբեջանական դիրքորոշում։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ լրատվամիջոցները հստակ դիրքորոշում ունեն Աբխազիայի, Հարավային Օսեթիայի հարցում ու նույնը պրոյեկտում են նաև մյուս երկրների վրա»,- ընդգծում է Մարիամ Նիկուրաձեն։

Նրա խոսքով՝ վրացական մեդիան հիմնականում խուսափում է Ղարաբաղը լքած մարդկանց անվանում տալ, նրանց չի ներկայացնում որպես «տեղահանված», «բռնի տեղահանված» կամ «փախստական»։

JAMnews տարածաշրջանային հնգալեզու կայքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Ախվլեդիանին ևս արձանագրում է, որ վրացական մեդիան պասիվ է ղարաբաղյան հակամարտության լուսաբանման հարցում։ Ըստ նրա՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին տեղական ԶԼՄ-ները, իհարկե, ոչ նախկին ինտեսիվությամբ, բայց մինչ օրս անդրադառնում են ամեն օր։

«Կարծում եմ, որ շարքային վրացիները պարզապես չեն տեսնում, թե ինչ ազդեցություն ունի կամ կարող է ունենալ Ղարաբաղի հարցն իրենց վրա։ Ուկրաինայի պատերազմի պարագայում Վրաստանը զգում է ուղիղ սպառնալիք, ուստի մարդիկ էլ ավելի ակտիվ հետևում են դրան, կարդում են, մեկնաբանում են։ Նույնիսկ 44-օրյա պատերազմը վրացական մեդիայի ուշադրության կենտրոնում չէր։ Ղարաբաղյան հարցը քննարկվում է հանրության ինտելեկտուալ, փորձագիտական շրջանակներում և JAMnews, որպես տարածաշրջանային բացառիկ հարթակ, միանշանակ, նրանց տեսակետները հրապարկում է՝ դրանք հանրայնացնելու այդ թվում վրացական ընթերցողի համար»,- մանրամասնում է նա։

Ախվլեդիանին նկատում է, որ վրացական մեդիայում ավելի ակտիվ քննարկվում են հեռանկարները, թե արդյոք կարո՞ղ է Հայաստանը «ազատվել ռուսական ազդեցությունից»։

«Տեղի լրատվամիջոցներում ակտիվ մի ծաղրանկար է պտտվում, որտեղ Հայաստանը ծնկի է եկել Ռուսաստանի առաջ ու Հայաստանից պարանոցից կախված է շղթա՝ վրան գրված Ղարաբաղ։ Ղարաբաղի հարցը, թեև շատ ցավոտ, ողբերգական միջոցով, բայց լուծվել է։ Հայաստանի պարանոցը ազատվել է։ Ու մարդիկ ակտիվ քննարկում են՝ կկարողանա՞ արդյոք Հայաստանը դրանից հետո վերանայել իր հարաբերությունները ՌԴ հետ ու շարժվել դեպի Արևմուտք»,- ասում է նա։

Տիգրանուհի Մարտիրոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *