2023.10.03,

Նյուսրում

5 ամսվա ընթացքում՝ 54 հրապարակում․ Հայաստանում հաստատված արցախցիների խնդիրները քիչ են լուսաբանվել

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով շուրջ 20 հազար արցախցիներ, կորցնելով իրենց բնակավայրերը, իրենց տները,  բնակություն հաստատեցին Հայաստանում։ 

Ի՞նչ հաճախականությամբ, ի՞նչ թեմաներով և ինչպե՞ս է հայկական մամուլն անդրադարձել 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բնակվող արցախցիների խնդիրների լուսաբանմանը։  

Այս հարցերի պատասխանները թվերով ու փաստերով ներկայացնելու համար, Երևանի մամուլի ակումբը  Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի նոր բնակիչների ինտեգրման գործում» ծավալուն հետազոտությունը։   

Հետազոտությունն իրականացվել է 2 մասով։ Մշտադիտարկման է ենթարկվել առցանց մամուլը, բացի այդ հետազոտության կազմակերպիչներն անձամբ զրուցել են 44-oրյա պատերազմից հետո Հայաստանում հաստատված արցախցիների հետ։  

Երևանի Մամուլի ակումբի ծրագրերի ղեկավար Սարգիս Հարությունյանն ասում է, որ մեդիահետազոտության համար առանձնացրել են առցանց ութ լրատվամիջոց, որոնք, Երևանի մամուլի ակումբի գնահատմամբ, ներկայացնում են հայաստանյան տեղեկատվական դաշտի հիմնական թեմաներն ու դիրքորոշումները։  

«Մենք փորձել ենք ընտրել էնպիսի լրատվամիջոցներ, որոնք և՛ կառավարությանն են քննադատում և՛ ավելի շատ ներկայացնում են կառավարության ծրագրերը,և՛ ունեն մեծ լսարան։ Ընտրված ցանկում հատուկ ներառել ենք նաև մեկ ռուսալեզու լրատվամիջոց։ Այդ 8 լրատվամիջոցներն են ՝ «Առաջին լրատվական»-ը,  «Առավոտ»-ը, «Արմենպրես»-ը, «Ժողովուրդ»-ը, «Հայկական ժամանակ»-ը, «Հետք»-ը, «Հրապարակ»-ը, «Голос Армении»-ն։ Դիտարկել ենք այդ լրատվամիջոցների աշխատանքը 2022-ի հոկտեմբերից մինչև 2023-ի փետրվար և առանձնացրել ենք թեմատիկ հիմնական 4 ուղղություն՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, իրավական ու մշակութային»,-ասում է Սարգիսը։ 

5 ամսվա ընթացքում՝ 54 հրապարակում։ Ընտրված 8 լրատվամիջոցներում վերոնշյալ 4 ուղղություններով արցախցիների կյանքն ու գործունեությունը լուսաբանղ հոդվածների թիվն ընդամենն այսքան է եղել։ Հրապարակված նյութերի մեծ մասը՝ 42 հրապարակում, վերաբերել է սոցիալ-տնտեսական խնդիրներին և Հայաստանի կառավարության իրականացրած աջակցության ծրագրերին: 

Իրավական թեմաներին անդրադարձել են 6 հրապարակումներում, քաղաքական խնդիրներին՝ 4, մշակութային հարցերի մասին բարձրաձայնող ընդամենը 2 հրապարակում է եղել։  

Ըստ հետազոտության արդյունքների՝ առանձնացված  ութ լրատվամիջոցները դիտարկված 5 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս ունեցել են միջինը մոտ 6 հազար առցանց հրապարակում։ Սատցվում է, որ ամսական գրեթե 11 հրապարակում է եղել 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ապաստան գտած արցախցիների վերաբերյալ,  ինչը նշանակում է, որ նրանց խնդիրների լուսաբանումը կազմել է ընդհանուր հրապարակումների շուրջ 0.2%-ը։ 

«Թվերն անկեղծ ասած մեզ էլ զարմացրեցին, մի կողմից խոսվում է, որ 2020-ից հետո Հայաստան տեղափոխված արցախցիների խնդիրները, շատ կարևոր են երկրի համար, հանրության համար, մյուս կողմից տեսնում ենք, որ լրատվամիջոցները շատ քիչ տեղ են հատկացնում այս թեմաների լուսաբանմանը։ Այս 0,2% ցուցանիշը բավարար չէ։  

Սա նաև կառավարության աշխատանքի թերացման հետևանքն է։ Մեր երկրում տեղեկատվական անվտանգության դաշտը, մեդիաքաղաքականությունը բարձիթողի վիճակում են։ Կարելի էր ուղղորդել, որ  ավելի ակտիվ ու բովանդակային լուսաբանում լիներ։ Չէ որ, ղարաբաղյան խնդրի շահառուն այս մարդիկ են և նրանց կարծիքը լսելը, դիրքորոշումները ներկայացնելը շատ կարևոր է»,- ասում է Սարգիսը։   

Դիտարկվող լրատվամիջոցները թեման ավելի ակտիվ լուսաբանել են 2022-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հետազոտության հեղինակներն այս փաստը  պայմանավորում են նույն ժամանակահատվածում տեղահանված արցախցիներին ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերով, և դրանց ազդեցության մասին հրապարակումներով։ 

Արցախցիների խնդիրների մասին մամուլը նաև շատ է գրել, երբ բողոքի ակցիաներ կամ ցույցեր են արվել։ Երևանի մամուլի ակումբի խմբագիր Հերիքնազ Հարությունյանի կարծիքով մեր լրատվամիջոցներում, խմբագրություններում հետևողականության պակաս կա, եթե առիթը կա անդրադառնում են թեմային, եթե ոչ՝ ոչ։  

«Կարծում եմ այդ հետևողական չլինելու պատճառը նաև լրատվամիջոցների ունեցած ռեսուրսների սակավությունն է։ Մեզ մոտ չկա ֆինանսապես անկախ մամուլ, որը կարողանա իր խմբագրության հետաքրքրությունների շրջանակում աշխատել, հաճախակի մեծ հետազոտական նյութեր, մեծ հետաքննություններ իրականացնել։ Եվ ստացվում է, որ առավելապես լուսաբանվում են իրադարձային թեմաները»,- ասում է Հերիքնազը։ 

Հետազոտության ընթացքում Երևանի մամուլի ակումբի փորձագետները հարցումներ են իրականացրել Երևանում և մարզերում բնակվող 30 արցախցիների հետ։ Հարցման 30 մասնակիցներից միայն մեկն է դրական գնահատել, թե ինչպես են հայաստանյան լրատվամիջոցները լուսաբանում  տեղահանված արցախցիների խնդիրները։ 

ԵՄԱ փորձագետները՝ բռնի տեղահանված արցախցիների հետ

 ««Ես չեմ հավատում լուրերին»,  «Ինչ որ խոսում են՝ չի արտացոլում մեր խնդիրները», «Սկզբում սաղ սուտ էր, հիմա ոչինչ չեն գրում»,  «Մեկանգամյա օգնությունների մասին գրելով տպավորություն են ստեղծում, թե արցախցիներին աջակցում են, բայց մեկանգամյա օգնությունն ինչ է տալիս․․․», «Առաջ ինչ-որ բան ասում էին, հիմա միայն Լաչինից են խոսում, ամեն ինչի մասին մոռացել են»։  

Այսպիսի պատասխաններ էին հիմնականում տալիս։ Հատկապես դժգոհում էին, որ հիմնականում սոցիալական խնդիրների կամ պետական օգնությունների մասին էին հրապարակումները լինում։ Դժգոհում էին, որ լրատվամիջոցները շատ չէին անդրադառնում թեմայի իրավական խնդիրներին։ Չէին խոսում իրենց փախստականի կարգավիճակ տալու մասին։  Դժգոհում էին, որ Հանրային հեռուստատեսությունը ոչ մի բացասական կարծիք, կամ խնդիր, որ իրենք բարձրաձայնում են չի լուսաբանում։ Եվ տպավորություն ունեին, որ ներքին հրահանգ կար խնդրահարույց թեմաներին չանդրադառնալու»,- ասում է Հերիքնազը։  

Հարցումներն արվել են, երբ արդեն Լաչինի միջանցքը փակ էր։ Այդ ժամանակ մամուլը հիմնականում գրում էր այդ խնդրի մասին, իսկ 44-օրյայի հետևանքով տեղահանված, տները կորցրած մարդկանց մասին ոչ մի բան չէր խոսվում։ Սա ևս դժգոհության հիմնական պատճառներից էր։  

Փաստերն ու թվերն արձանագրելուց բացի, նախաձեռնության հեղինակները առաջարկությունների փաթեթներ են մշակել թե՛ ԶԼՄ-ների, թե՛ կառավարության, թե՛ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար։ 

Նրանք վստահ են, որ սեպտեմբերի 19-ի՝ Արցախի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումից հետո, երբ հարյուր հազարից ավելի արցախցի է տեղափոխվել Հայաստան, արցախցիների ինտեգրման հարցին ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել և այստեղ մեծ դերակատարում ունի մեդիան։ 

Հենց մեդիան ու մեդիամարդիկ պետք է կարողանան հասարկության մեջ ստեղծել  փոխադարձ սիրո, հարգանքի, հանդուրժողականության ու ապրումակցման մթնոլորտ, որը հնարավորություն կտա բռնի տեղահանված արցախցիներին հնարավորինս անցնցում ինտեգրվել հայաստանյան կյանքին ու հասարակությանը։ 

Մարիաննա Դանիելյան   

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *