2023.09.25,

Նյուսրում

Լրագրողական «Մի՛ վնասիր» սկզբունքը տեղահանվածների խնդիրները լուսաբանելիս   

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Արցախի դեմ ադրբեջանական հարձակումից հետո հազարավոր արցախցիներ, թողնելով տուն ու տեղ, հատելով Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան։ Արցախից  տեղահանված անձանց հոսքը շարունակվում է։  

Հայաստան տեղափոխված արցախցիները Կոռնիձորի հումանիտար կայանում  հաշվառվում են, իրականացվում է կարիքի գնահատում։  

Տեղական ու միջազգային լրագրողներն այս օրերին Կոռնիձորում են՝ փորձելով հնարավորինս շատ ինֆորմացիա հաղորդել Արցախից տեղահանվածների ու տեղահանման գործընթացի մասին։  

Պատերազմների, բռնի տեղահանումների հետևանքով խոցելի խմբերում հայտնված մարդկանց մասին պատմելն ու նրանց խնդիրները լուսաբանելը լրագրողից պահանջում է շատ լուրջ պատրաստվածություն, թե՛ հոգեբանական, թե՛ մասնագիտական առումով։ Այս դեպքերում, առավել քան երբևէ կարևոր է, որ լրագրողը խստորեն հետևի էթիկական վարքականոնների պահպանմանը։ 

Խոցելի խմբերի, այդ թվում պատերազմներից, հակամարտություններից տուժածների հետ լրագրողների աշխատանքն առավել արդյուանվետ ու էթիկապես ավելի գրագետ դարձնելու համար, Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը բոլոր նորմերն ու չի կարելիները սահմանել ու ամբողջացրել է իր հրապարակած ուղեցույցում։   

  • Խոցելի խմբերի հետ աշխատելիս խիստ կարևորվում է ստուգված և հավաստի տեղեկությունների հրապարակումը՝  հղում տալով տեղեկատվական աղբյուրներին։   
  • Հստակ պետք է տարանջատված լինեն փաստերը, կարծիքները և մեկնաբանությունները: 
  • Ճգնաժամային հաղորդակցության ժամանակ զգայուն թեմաների, խոցելի խմբերի  խնդիրների մասին լուսաբանելիս լրագրողական էթիկայի նորմերի պահպանման տեսանկյունից առաջնային է դառնում «մի՛ վնասիր» սկզբունքը։   
  • Ցանկացած ինֆորմացիա, լուսանկար, տեսանյութ հրապարակելուց առաջ լրագրողը պետք է վստահ լինի, որ չի խախտում դժվար իրավիճակում հայտնված  մարդու կամ խմբի իրավունքները։ Լրագրողն է պատասխանատու այն ինֆորմացիայի համար, որը խոցելի խմբի ներկայացուցիչը ասում է հոգեբանական ճնշվածության կամ գերհուզական վիճակում։ Նա պետք է հրաժարվի այն ինֆորմացիայից, որը հետագայում կարող է վնաս հասցնել անձի հեղինակությանն ու արժանապատվությանը։ 
  • Լրագրողը պարտավոր է նրբանկատություն ու կարեկցանք ցուցաբերել իր «հերոսների» հանդեպ, սակայն ոչ մի դեպքում դա չպիտի վերածվի խղճահարության, որպեսզի չվիրավորի նյութի հերոսի ինքասիրությունը։  
  • Լրագրողի հետ աշխատանքի ընթացքում և նրա հրապարակման արդյունքում, խոցելի խմբի ներկայացուցիչները պետք է զգան իրենց հասկացված ու արժևորված։  

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դասախոս, դոցենտ, բ․գ․թ․ Վարդուհի Պետրոսյանի կարծիքով այսօր՝ այս ծայրահեղ լարված իրավիճակում, անհրաժեշտ է, որ լրատվական դաշտն աշխատի առավել քան համակարգված, ճշգրիտ, որպեսզի տեղեկատվական կազուս չառաջանա։  

Նրա կարծիքով ելակետային «մի վնասիր»  սկզբունքը պետք է այս օրերին լրագրողները կիրառեն ոչ միայն խոցելի խմբերի ներկայացուցիչների նկատմամբ, այլ նաև հասարակության։ Հետևելով մասնագիտական վարքականոններին՝ լրագրողները պետք է փորձեն չապակողմնորոշել հասարակությանը, չթիրախավորեն տարբեր խմբերի ներկայացուցիչների և ստեղծված բարձր հուզական իրավիճակում առավել հուզական ու անկառավարելի տրամադրություններ չստեղծեն։  

 «Այս օրերին, նախքան որևէ տեղեկատվություն հրապարակելը, և՛ լրագրողը և՛ խմբագրությունը պետք է հասկանան, գնահատեն, արդյո՞ք այդ հրապարակումները չեն վնասելու տեղահանված մեր հայրենակիցներին։ Հոգեբանական ծանր իրավիճակում գտնվող մարդկանցից հարցազրույց վերցնելը, երեխաներին լուսանկարելը չպետք է լինի ինքնանպատակ։ Լրագրողի գործողությունները այս օրերին միտված պետք է լինեն մեկ նպատակի՝ անաչառ ու հավաստի ներկայացնել ստեղծված իրավիճակը, բայց մշտապես հաշվի առնելով «մի վնասիրը» »,- ասում է Վարդուհի Պետրոսյանը։  

Մասնագիտական «պետք է»-ների շարքին ԵՊՀ դասախոսն ավելացնում է ցանկացած տիպի ու տեսակի պիտակավորումներից խուսափելը, խոցելի խմբերի ներկայացուցիչներին խտրական ու տարբերակված մոտեցում չցուցաբերելը։  

Ճգնաժամային իրավիճակներում լրագրողները, հատկապես զգուշավոր պետք է լինեն խոցելի խմբերում ներառված երեխաների մասին հրապարակումներ կատարելիս։ Երեխայի լավագույն շահը երբևէ չպետք է ստորադասվի, որևէ այլ երևույթի։ Լրագրողական էթիկան պահանջում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հրապարակումը կարող է վնասել երեխայի արժանապատվությանը, լրագրողը պետք է նրա դեմքը շղարշի։   

«Չպետք է մոռանալ, որ լուսանկարը անձի նույնականացման լավագույն տարբերակն է։ Երբեմն փաստական հիմք ունենալու համար, որ այս բռնությանը զոհ են դարձել նաև երեխաները, լուսանկարում կամ տեսագրում ենք նրանց։ Այս դեպքում պետք է լինել ծայրահեղ նրբանկատ, որպեսզի հետագայում այդ երեխաները վերաինտեգրման գործընթացում որևէ խնդիր չունենան»,- ասում է Վարդուհի Պետրոսյանը։    

Մասնագետն առաջարկում է երեխաների հետ հարցազրույների ժամանակ հրաժարվել խոշոր պլաններից կամ նկարահանումն իրականացնել թիկունքից՝ հնարավորինս խուսափելով երեխաների նույնականացումից ու թիրախավորումից։ 

Մարիաննա Դանիելյան

 

 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *